Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստորագրելով կուտենք իշխանությունների կուտը». ՀԷՑ-ը ստիպում է ՓՄՁ-ներին ստորագրել, որ համաձայն են թանկացմանը

Օգոստոս 28,2015 13:25

Այսօր «Հայացք» ակումբում «Ոչ թալանին» շարժման անդամները հայտարարեցին, որ անհնազանդության նոր ալիք են սկսում սեպտեմբերի 1-ից, քանի որ հասկացել են՝ աուդիտը ոչինչ չի տալու:

Նրանք պատմեցին, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչներին են ՀԷՑ-ից մոտենում եւ ստիպում ստորագրել այն փաստաթղթի տակ, ըստ որի՝ իրենք պատրաստ են բարձր սակագներով վճարել էլեկտրաէներգիայի դիմաց. «Երեկ մի ձեռնարկատիրոջ հետ էինք զրուցում, ասաց, որ մենակ ինքը չի ստորագրել: Հարցնում էր՝ ի՞նչ պետք է անի: Կոչ ենք անում իրեն եւ բոլորին ոչ մի դեպքում չստորագրել եւ փողոց դուրս գալ, որովհետեւ ստորագրելով կուտենք իշխանությունների կուտը»:

Մենք ճշտեցինք՝ ինչպե՞ս են ստիպում ստորագրել՝ Միհրան Ավագյանը պատասխանեց. «Սպառնում են անջատել հոսանքը, եւ դա անօրինական է»:

Շարժման անդամները համոզված են, եթե համախմբում լինի, մեր ժողովուրդը ցրտին, անձրեւին, ամենավատ եղանակին էլ դուրս կգա եւ իր իրավունքները կպաշտպանի. «Պետք չի վախենալ ցրտից, բացի այդ, մենք չենք սպասելու մինչեւ աուդիտի ավարտը: Մենք որեւէ ակնկալիք չունենք աուդիտից:

Նախաձեռնող խմբի անդամներից մեկի՝ Միհրան Ավագյանի խոսքերով. «Մեր պայքարը փողոցում է, բազմիցս համոզվել ենք, որ առանց փողոցի այս երկրում հարցեր չեն լուծվում: Գնալու ենք մինչեւ վերջ: Նրանք երկու ամիս առաջ ասում էին, որ ամբողջ բեռը վերցնում են իրենց վրա, հիմա ժողովրդին մասնատելով՝ բոլոր շերտերի համար սկսում են հերթով թանկացնել: Էլ իմաստը ո՞րն է իրենց կազմակերպած աուդիտին մասնակցելու: Պարզ է, որ խաբում են»:

Արտուշ Չիբուխչյանն էլ հավելեց. «Մենք պատրաստ ենք գնալ մինչեւ չեղարկում: Մենք կասեցում չենք ուզել, աուդիտ չենք ուզել: Մեր առաջին պահանջը չեղարկումն է: Փաստացի մեր 3 պահանջներից ոչ մեկը չի կատարվել, ինչո՞ւ պետք է մենք հիմա հանգիստ նստենք տներում»:

Շարժման անդամները կոչ արեցին բոլոր ուժերին, նաեւ «Ոտքի Հայաստանին» միավորվել, քանի որ դա բոլորի խնդիրն է: Նրանք ասացին, որ շուտով բանակցություններ են սկսելու բոլոր ուժերի հետ:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նախորդ բողոքի ակցիային կազմակերպչական լուրջ խնդիրներ նկատվեցին լիդերների հետ կապված, հարթակում կանգնած մարդկանց կոչերի հետ կապված, 5 հոգով 7 երգ էին երգում, հիմա այս անգամ հստակ պլան կա՞, նախորդ փորձը հաշվի առե՞լ եք, ովքե՞ր են պատասխանատվություն կրում, լիդերներն ովքե՞ր են՝ Արտուշ Չիբուխչյանը պատասխանեց, որ այս անգամ էլ չկան լիդերներ. «Եթե մարդ երեւում է, ինքը շատ է խոսում, դա չի նշանակում, որ ինքը լիդեր է: Թիմում որոշումներ կայացվում են մեծամասնության կարծիքի հիման վրա: Անխոս, եղել են սխալներ, խնդիրներ: Հասկացեք, մենք առաջին անգամ ենք նման գործ սկսել, մենք շատ դասեր ենք քաղել»:

Հարցին՝ նորից փողոցներ պատրաստվո՞ւմ եք փակել, թե ոչ՝ նրանք պատասխանեցին. «չի բացառվում ոչ մի բան»: Բայց Բաղրամյանը կլինի, դա թե այլ պողոտա՝ դեռ չգիտեն. «Հայաստանում փողոցը միայն Բաղրամյանը չի, լիքը հարմար փողոցներ կան: Նախօրոք ասենք, որ պատրաստվե՞ն»:

Նախաձեռնող խմբի անդամները վստահ են՝ չկա մի տարբերակ, որ իրենց համոզեն, թե թանկացումն անխուսափելի է: Հովհարային անջատումները, ըստ նրանց, սպառնալիքներ են ուղղակի. «Մեզ վախեցնում են: Գնալով մարդկանց վիճակը վատանում է: Վճարունակ չի այս ժողովուրդը, չի կարող սխալ կառավարման մեթոդների համար անընդհատ իր գրպանից վճարի»,-ասաց Միհրան Ավագյանը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31