Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Եթե շտկում չեղավ, ապա այդ Սահմանադրությունը պետք է աղբանոց նետել (Տեսանյութ)

Օգոստոս 28,2015 13:19

«Այնքան բլոճներ կան այդ տեքստում, այնքան շատ է այդ քանակը, որ մինչեւ ամբողջովին չմաքրվի, դա չի կարելի անգամ քննարկել»,- օգոստոսի 28-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին, ասաց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Նա նկատեց, որ ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ նախագահը բացարձակապես որեւէ նորմալ լիազորություն չունի: Ըստ նրա պետք է որոշել կա՛մ թողնել այդպիսի նախագահին, կա՛մ նախագահին տալ այնպիսի լիազորություններ, որոնք պետության գլխին համապատասխան են:

«Ես ապշած եմ, ուղղակի, եթե նկատել եք, 10-րդ կետում գրված է՝ մասնավոր սեփականության վրա է հիմնված ամբողջը: Բա պետական սեփականությունը ի՞նչ եղավ, այդ ընկերները մոռացե՞լ են արդեն, թե որտեղ են իրենք նստած աշխատում, այդ շենքերը պետական են: Պետական սեփականությունը, որ չլինի՝ այդ ո՞նց եք այս պետությունում կառավարելու ընդհանրապես, բա երկաթգիծը ո՞ւմն է լինելու, բա ավտոճանապարհները ո՞ւմն են լինելու: Հայաստանի համար հողը պետք է լինի միայն պետական սեփականություն, պարզ պատճառով՝ եթե մենք օտարին տվեցինք այդ հողը, մենք այդ հողի վրա չենք ունենալու գյուղատնտեսական արտադրանք, մենք ունենալու ենք դղյակներ եւ այլն, եւ այլն: Այս տեսակետից պետք է անպայման այդ շտկումը մտնի, եթե չեղավ այդպիսի փոփոխություն, ես ձեզ հավատացնում եմ, այդ Սահմանադրությունը պետք է աղբանոց նետել»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը անիմաստ է համարում այս պայմաններում Սահմանադրություն փոխելը, քանի որ ըստ նրա՝ ոչինչ չի խանգարում իշխանություններին բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնել. «Այսօրվա Սահմանադրությունը իրենց չի կաշկանդում ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի առումով, ո՛չ տնտեսությունը կամ մշակույթը զարգացնելու հարցում, չկա այդպիսի խնդիր: Առավել եւս, որ 25 տարվա մեջ 3 անգամ Սահմանադրություն չեն փոխում, սա էլ է խնդիր: Եկեք հասկանանք, եթե ուզում ենք նոր համակարգ ձեւավորել, ապա դա պետք է ընդունված լինի բացարձակ մեծամասնության կողմից, այսօրվա դրությամբ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը անտարբեր է այս բարեփոխում կոչվածների նկատմամբ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31