«Նավթի միջազգային շուկայի գներն իջել են առնվազն մինչեւ երկու անգամ, մեր շուկայում գինը չի փոխվել»,- օգոստոսի 28-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Նա նշեց, որ այս պահին գյուղատնտեսության համար վառելիքի գնի իջեցումը կբերեր նրան, որ գյուղացիները կկարողանային շատ ավելի աշխուժացնել իրենց տնտեսությունների գործունեությունը եւ ավելի մեծ քանակությամբ հողեր կմշակեին, ապրանքների ինքնարժեքը կիջներ եւ շուկան ավելի լավ վիճակում կլիներ. «Նույն այդ խնդիրը տնտեսությունը եւ արդյունաբերական ձեռնարկություններն ունեն: Բոլոր տեսակի արտադրանքը փոխադրամիջոցներ ունի, իսկ փոխադրամիջոցները օգտագործում են վառելիք, եւ ինքնարժեքը ինքնին բարձրանում են»:
Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԴԿ-ն պատրաստվում է օգոստոսի 28-ին կամ 31-ին այս խնդրով դիմել կառավարությանը՝ պահանջելով բացատրություն տալ, թե ի՞նչ է կատարվում վառելիքի շուկայում, ինչո՞ւ է բոլոր տեղերում նույն գինը. «2013 թվականի դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը այստեղ հայտարարեց, որ 30 տոկոսով հանում են իրենք մաքսատուրքը, եւ այդ 30 տոկոսով պետք է իջեցնեն գինը այստեղ, այդ էլ չկատարվեց: 10 դրամով իջավ, ես հանդիպեցի վարչապետին նոյեմբեր ամսին, դրա մասին նույնպես խոսք գնաց, ինքն էլ համաձայնեց, որ այո՛, դա շատ աննորմալ իրավիճակ է, հետո 10 դրամը նորից բարձրացավ: Իբր տարբեր ընկերություններ են բերում այստեղ, տարբեր երկրներից եւ հանկարծ բոլորի գները նույնն են, որեւէ մրցակցություն չկա այս շուկայում: Այնպես որ այստեղ լուրջ խնդիրներ կան եւ ոմանք ուզում են ասել, որ այդ շահույթից որոշ չափ ուղարկում են դեպի պաշտպանություն, դա սուտ է: Այնպես որ սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ երկրում բացարձակ մենաշնորհային տնտեսություն է այն ոլորտներում, որոնք իրենց վստահ շահույթ են բերում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ