Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություններ, այո, մեզ շատ են հարկավոր` անկախ սահմանադրական փոփոխություններից. «Ազգ»

Օգոստոս 28,2015 12:12

Փոփոխություններ, այո, մեզ շատ են հարկավոր` անկախ սահմանադրական փոփոխություններից: Նախ փոփոխությունները մեր մտքում ու հոգում պետք է անենք, որին պետք է հետեւի մեր կենսակերպի փոփոխությունը: Բայց որ նույն մարդիկ, ովքեր սովորել են բոլոր հնարավոր ձեւերով մյուսների հաշվին հարստանալ, մի օր վեր կենան ու ասեն` էսօրվանից փոխվում ենք, քանի որ նոր սահմանադրություն է գործում, մի տեսակ հեքիաթի ժանրից է:

Արդեն շատ տարիներ Հայաստանում այնպիսի ճահճուտ է գոյացել բոլոր հարթություններում, որ փոփոխությունների հեղեղ էլ լինի, ճահճուտի գարշահոտությունը չի կարող մի թափով սրբել-տանել, տեւական ու որակյալ մաքրություն է պետք, ու այդ մաքրությունը կապել սահմանադրական փոփոխությունների հետ` նշանակում է հերթական անգամ ընկնել ռոմանտիզմի գիրկը, եթե չասենք` խաբել ու խաբվել:

Այդ իմաստով զարմանալի է, որ Հայաստանում քաղաքական ուժերը կարծես լրջորեն ձեռնամուխ են լինում սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելուն, ընդ որում` փոփոխություններին դեմ քաղաքական ուժ համարյա թե չկա (չնայած նրանց մի մասը կարծիքի վերջնարտահայտումը թողնում է խորհրդարանում քննարկումներին, թե` տեսնենք մեր առաջարկներն որքանով են ներառվում, հետո): Դեմ են ՀԱԿ-ն ու «Ազատ դեմոկրատները», որոնք առանձնապես քաղաքական մեծ ռեսուրսի չեն տիրապետում, իսկ քաղաքացիական հասարակության որոշ միավորներ էլ լրջորեն ուզում են «Ոչ»-ի ճակատ ձեւավորել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, եւ սա էլ կարող է դառնալ փոփոխությունների նախագիծը համակողմանի քննարկելու գործընթաց ապահովող բաղադրիչ: Եվ միայն:

Սա նմանվում է նրան, որ ջրաղացն ընդհանրապես, իր բոլոր մասերով դուրս է գալիս շարքից, իսկ մերոնք չախչախը նորոգել-չնորոգելուց են խոսում: Կամ այլ օրինակով` եթե նավը ջախջախվում է, նավը վարելու հրահանգը էլ ում է պետք գալու, լավը լինի, թե վատը:

Մի ուրիշ օրինակով ավելի պատկերավորեմ` մի ընտանիքի էի ճանաչում, որտեղ մշտապես օրվա հացի խնդիր կար, մինչդեռ տան գլխավորը այդ խնդիրը լուծելու փոխարեն ամեն օր բակերում կամ ընկերական հավաքներում խոսում էր բարձր թեմաներից ու քաղաքականությունից, մինչեւ որ կինը մեկնեց արտերկիր` ընտանիքի համար փող վաստակելու: Հիմա մերն է` ժողովուրդը մեկնում է, կամ տապակվում իր յուղի մեջ` սպիտակ ձեռնոցներ հագած մեր կուսակցականները (Չարենցը լիներ, կասեր` օսլայած օձիքներով) խոսում են զանազան մոդելների նրբություններից ու բանաձեւերից: Այսինքն, հասկանալով թե ոչ` մեր հասարակության առաջնաշերտը լծվում է նավի կործանումից ողջ հասարակության ուշադրությունը շեղելու գործընթացին, երբ այս պահին կարգավորումներ են պետք նավի ապահով ընթացքի առումով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31