Ինչո՞ւ հայկական ձուկը ռուսական շուկա չի մտել, այլ ոչնչացվել է. այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արարատ իշխան» ընկերության տնօրեն Արամ Մանուկյանի հետ։ Վերջինս հայտարարեց, որ այս եւ նման տարբերակներով ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայ ձկնաբույծների համար։ «Մենք բոլորս միասին հանդիպեցինք մեծ, շատ բարձր պատի, որն էլ կոչվում է ռուսական պատ։ ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում մեզ համար, որի իմաստը չեմ հասկանում։ Իրենք ինձ առաջարկեցին գնալ եւ հետ բերել այդ ձուկը, բայց ես դրամական միջոցներ չունեի, որպեսզի դրանք ՀՀ բերեի։ Իրենք առաջարկեցին այրել, ես էլ տվեցի իմ համաձայնությունը։ Մեր սննդամթերքի անվտանգության ծառայության պետից սկսած մինչեւ այդ կառույցի դռան պահակը պնդում են ու ապացուցում, որ մենք ճիշտ ենք։ Այնպես չէ, որ իմ շահերը ՍԱՊԾ-ն չի պաշտպանում։ Չեմ ցանկանում 200 կգ թառափով կամ իմ կորցրած գումարներով հայ-ռուսական հարաբերությունների մեջ թշնամանք առաջացնել, բայց դա պահվածք չէ»,- ներկայացրեց տուժած գործարարը։
«Ժողովուրդ»-ը Մանուկյանից հետաքրքրվեց՝ մտադրություն ունի՞ եւս մեկ անգամ ձուկ արտահանել դեպի ՌԴ։ «Ես այս պահին չեմ կարող արտահանել։ Այսօր ողջ ՌԴ-ն իմ դեմ է դուրս եկել, ինչպես կարող եմ արտահանել։ Առաջին անգամ փորձեցի 200 կգ թառափ արտահանել, բայց արդյունքում կորցրեցի 1.5 մլն դրամ։ Բայց սա միայն սկիզբն է, որովհետեւ դեռ որոշ վճարումներ պետք է անեմ։ Այս գումարն է՛լ ավելի կմեծանա»,- պատասխանեց Մանուկյանը։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում