ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն, որից պարզ է դառնում՝ նա կրկին դուրս է եկել Հայոց համազգային շարժում կուսակցությունից:
Հիշեցնենք՝ առաջին անգամ նա դուրս էր եկել ՀՀՇ-ից, երբ վարչության նախագահը Վանո Սիրադեղյանն էր, իսկ կուսակցության շարքերում վերականգնվելուց հետո՝ 2010-ին դարձյալ դուրս եկավ՝ «Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին» գրության մեջ մասնավորապես գրելով. «Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների՝ ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը 2 տարուց ավելի է՝ ՀԱԿ-ի կազմում բողոքում ու պայքարում է 2008թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ:
Ցավալի է նաեւ այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների՝ Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եվ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ, որի համաձայն՝ մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում:
Քանի որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ «դավադիր թեւում»՝ իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան՝ պարոն Տեր-Պետրոսյանը այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից»:
Կարդացեք նաև
ՀՀՇ վերաբացումից հետո կուսակցությունից դուրս գալու դրդապատճառները այժմ հետեւյալն են:
«Կրկին մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ ՀՀՇ ղեկավարները նորից հանդիպման են գնացել սպանությունների, բռնությունների ու զանգվածային քաղաքական հալածանքների միջոցով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հետ եւ, ի թիվս այլ կուսակիցների, նաև իմ անունից նրա հետ քննարկել են «սահմանադրական բարեփոխումների» խնդիրը:
Կրկին ու ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:
ՀՀՇ ղեկավարների նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը եւ խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ եւ վերաբացեցինք այն:
Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու Հայոց համազգային շարժում կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին:
Կարապետ Ռուբինյան
28.08.2015թ»: