Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրության մեջ լուրջ հետաքրքրություն ու վերաբերմունք կա Սահմանադրության նախագծի յուրաքանչյուր տառի նկատմամբ

Օգոստոս 28,2015 15:30

Երկու օր առաջ տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հասարակական եւ քաղաքական ուժերի հանդիպումը: Արդյո՞ք արդյունավետ էր այն եւ ի՞նչ գնահատականներ տրվեցին մայր օրենքի փոփոխմանը՝ իր տպավորություններով մեզ հետ կիսվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

– «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, /European Commission for Democracy through Law/, ավելի հայտնի որպես՝ Վենետիկի հանձնաժողով, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, ժողովրդավարության ուղղությամբ մասնագիտացված, բարձր հեղինակություն ունեցող խորհրդատվական կառույց է, եւ այս հանձնաժողովի ներկայացուցիչների Հայաստանում գտնվելը եւս մեկ խթան հանդիսացավ՝ լայնորեն քննարկելու համար հարթակում ներկայացված նախագիծը:

Պետք է նշեմ, որ իրավաբանական ֆակուլտետի սրահը լեփ-լեցուն էր թե՛ քաղաքական, թե՛ հասարակական ուժերի, լրագրողական հանրույթի ներկայացուցիչներով, բոլորը շատ հետաքրքրված էին, եւ բավական ակտիվ էր մասնակցությունը, երեք ու կես ժամը չբավարարեց բոլոր հարցադրումների հնչեցման համար: Ներկա էին եւ՛ իրավաբաններ, եւ՛ սահմանադրագետներ, հասարակական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկապես այնքան մարդաշատ էր դահլիճը, որ նույնիսկ թարգմանչական սարքերը չէին բավականացնում: Սա ուրախալի էր այն առումով, որ եւս մեկ անգամ համոզվեցինք՝ իրականում հանրության մեջ լուրջ հետաքրքրություն ու վերաբերմունք կա Սահմանադրության նախագծի յուրաքանչյուր տառի ու կետի նկատմամբ, եւ այս հանդիպումը, առաջին հերթին, դրա ապացույցն էր. հանրությունը շահագրգիռ է, հետաքրքրված է, անտարբեր չէ:

Անգամ այն քաղաքական ուժերը, որոնք բազմիցս հայտարարել են, թե Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը չեն տեսնում (թեեւ հենց ընդդիմադիր կուսակցություններն էին այդ գաղափարը ներկայացնում իրենց ծրագրերում), իրենց հետաքրքիր չէ, միեւնույն է, գոնե շատ տրիվիալ նպատակով, եւս մեկ անգամ ցույց տալու համար իրենց քաղաքական դիրքորոշումը կամ քաղաքական անհամաձայնությունը՝ ներկա էին, եւ եթե բովանդակային քննարկմանը չէին մասնակցում եւ հարցեր չունեին, ապա գոնե արդեն կարծրացած իրենց «մերկապարանոց բողոք-կարծիքը» սովորության համաձայն, յուրաքանչյուր եվրոպացու մոտ հնչեցնում էին:

Առհասարակ, ուզում եմ հիշեցնել հայտնի ճշմարտությունը, որ այն քաղաքական ուժերը, որոնք ձեռնպահ են մնում Սահմանադրության նման կարեւոր փաստաթղթի գաղափարական, բովանդակային քննարկումներից, իրենց ակամա դուրս են դնում երկրի քաղաքական կյանքից:

Եվ ինչպես արդարացիորեն նշեց Վենետիկի հանձնաժողովի անդամներից Այվարս Էնձինսը՝ «եթե քաղաքական կուսակցությունը կամ ուժը խորհրդարանում կամ դրանից դուրս ցանկանում է արհամարհել երկրի մայր օրենքի փոփոխումը, ապա այն դժվար թե կարող է համարվել իրական քաղաքական ուժ»: Սա արդեն դեղատոմս չէ, դատավճիռ է:
Ինչեւիցե, շատ էական էր քաղաքական ու հասարակական ուժերի հետաքրքրությունը, եւ Վենետիկի հանձնաժողովի անդամները, նախեւառաջ, նշեցին մի կարեւոր հանգամանք՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարտադրանք չէ, խորհրդատվություն է, եւ ցանկացած դեպքում Սահմանադրության նախագծի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն Հայաստանի քաղաքացիները, քաղաքական եւ հասարակական ուժերը, այս առումով բավական հաջող բանաձեւում տրվեց՝ Սահմանադրությունը համաձայնություն է Հայաստանի հանրության միջեւ:

-Ի՞նչ գնահատականներ հնչեցին Սահմանադրության նոր նախագծի շուրջ եւ ի՞նչ հարցադրումներ բարձրացվեցին:

-Կարծում եմ, այս հանդիպումների գլխավոր «քվինտ էսենցիան» այն էր, որ Վենետիկի հանձնաժողովի անդամները գնահատեցին նախագիծը՝ որպես ժողովրդավարական, եվրոպական եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող փաստաթուղթ:

Քրիստոֆ Գրաբենվարտերի խոսքով՝ բարեփոխումների նախագիծը համապատասխանում է ժողովրդավարական երկիր կառուցելու Վենետիկի հանձնաժողովի պատկերացումներին: Կարեւոր էր նաեւ այն, որ Վենետիկի հանձնաժողովի անդամները արձանագրեցին՝ փոխըմբռնում եւ ընկալում կա նախագծի հեղինակների, մասնագիտական հանձնաժողովի հետ՝ բովանդակության եւ գլխավոր խնդիրների վերաբերյալ, հատկապես դա վերաբերում էր մի շարք կարեւորագույն հարցերի՝ կապված կայունության, մեծամասնության, եւ այլ սկզբունքային ու բովանդակային հարցերի հետ: Վենետիկի հանձնաժողովի անդամները նշեցին, որ, անշուշտ, որեւէ ստանդարտ կամ ընդունված դեղատոմս գոյություն չունի այս կամ այն խնդրի լուծման համար, եւ յուրաքանչյուր երկիր ինքն է լուծում իր խնդիրները՝ իր տեսլականից ելնելով, բայցեւայնպես, քաղաքական կայունության խնդիրը, որը գոնե քաղաքական ուժերի կողմից բարձրացրած գլխավոր հարցն է, կարեւորվեց ու արժեւորվեց:

Եվ իսկապես, այն մտահոգությունը, որ ունեցել էին նախագծի հեղինակները՝ թե քաղաքական անկայունությունը ծանրագույն խնդիր է յուրաքանչյուր երկրի համար, առկա էր, եւ իրենք էլ էին այն կարծիքին, որ սահմանադրական նպատակների մեջ կայունությունը աներկբայորեն պետք է դիտվի որպես կարեւորագույն նպատակադրում:

Այն տարբերակը, որն այսօր ներկայացված է եւ որը գործում է Իտալիայում, Սան-Մարինոյում, որոշ չափով նաեւ՝ Հունաստանում, իրականում ճանապարհ է դեպի կայունություն, եւ Սահմանադրության մեջ այդ խաղի կանոնը հաստատվելու դեպքում կարող է այդ կայունությունը ապահովել՝ ապահովագրելով երկիրը ցնցումներից:

Ուրախությամբ ու գոհունակությամբ ուզում եմ նշել, որ հասարակական ուժերի ներկայացուցիչները խոսեցին ոչ միայն կայուն մեծամասնության մասին, որը առաջարկվում է 89.4 հոդվածով եւ որի վրա, ասես, սեւեռվել են որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր՝ տալով տարաբնույթ քաղաքական գնահատականներ՝ սկսած «մենիշխանության ամրապնդում»-ից, մինչեւ «իշխանության վերարտադրման փորձ», ինչը արդար վերաբերմունք չէ ու ոչ էլ հիմնավորված: Սահմանադրությունը, այո, ունի իրավական ու քաղաքական նշանակություն, բայց չի կարելի բացարձակացնել միայն քաղաքական կողմը եւ կապել իշխող կուսակցության հետ, որովհետեւ Սահմանադրությունը մեկ տարվա, ընտրական մեկ ցիկլի համար չէ, կամ հասարակության մեկ շերտին չի վերաբերում:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այդ հանդիպման ժամանակ բարձրացրեցին նաեւ բազմաթիվ այլ հարցեր, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում փոփոխությունների, տնտեսական կացութաձեւերի, եւ այլ հիմնարար ու համակարգաստեղծ դրույթների շուրջ:

Այդ հարցադրումների բնույթը, ինչպես մասնակիցներից մեկը նշեց, ցույց տվեց, որ կարծես թե քաղաքական ուժերի օրակարգը այլ է, հանրությանն՝ այլ: Քաղաքական ուժերը պայքարում են իրենց օրվա խնդրի, կամ ամենաշատը՝ գալիք ընտրությունների վերաբերյալ, հանրությունը՝ մտահոգ է երկրի հիմնարար խնդիրների առավել արդյունավետ լուծմամբ: Ուշագրավ էր նաեւ անդամներից մեկի գնահատականը այն մասին, որ կուսակցությունները, որոնք չունեն բավարար ներկայացվածություն խորհրդարանում, այսինքն՝ ըստ էության չունեն բավարար ընկալում հանրության կամ ընտրողի կողմից, նրանք, որպես կանոն, թերագնահատում ու վարկաբեկում են ընտրական համակարգը, օրենսդրական դաշտը, Սահմանադրության նախագիծը եւ այլն, այսինքն՝ իրենց ոչ բավարար ներկայացվածության կամ չներկայացվածության մեջ մեղավոր են համարում, այսպես ասած, օրենքները, իրավիճակները, բայց ոչ՝ իրենց:

Կարծում եմ, թե՛ իրենց եւ թե պետության համար շատ ավելի շահեկան կլիներ, եթե սկզբունքային ու պատասխանատու քաղաքական ուժը պետության կենսական կարեւորության հարցերի վերաբերյալ ունենար հստակ ու հիմնավորված բովանդակային տեսակետ:

Սեպտեմբերից արդեն, կարծում եմ, քաղաքական ուժերը Ազգային ժողովում պետք է վերջնական կարծիք արտահայտեն՝ դադարեցնելով քաղաքական ու մերձքաղաքական շահարկումները եւ խորհրդարանին ու ժողովրդին ներկայացնելով իրենց հիմնավորումները՝ թե՛ կողմ-ի, թե՛ դեմ-ի դեպքում: Այս գործընթացը չի կարելի վերածել կարուսելի, որը, միեւնույն է, պտտվում է՝ անկախ՝ ով որտեղ է եւ ինչ է անում: Վերջապես, պետք է նկատի ունենալ այն մեծ աշխատանքը, որ դեռ պետք է կատարվի, եթե Սահմանադրության բարեփոխումն ընդունվի հանրաքվեով՝ գործող օրենքները համապատասխանեցնելով Հիմնական օրենքին: Եվ՝ առաջին հերթին, իհարկե, Ընտրական օրենսգիրքը:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Էս սկսել են Սահմանադրության «տառերը» մեկ մեկ ծախել, արդեն թրանսվերթները չի գալիս…վիճակները լավ չի: Հիմա էլ որոշել են Սահմանադրությամբ լրիվ ստրկացնել հասարակությանը…էդ «պատգամավորների ռոճիկները» հարյուր տոկոս կբարձրացնեն ու էս անգամ բոլոր պատգամավորներ կսկսեն Նիկոլի նման «քյառթու» ելույթները… կեցցե Հայաստանը…

Պատասխանել