Իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարծում, որ իրենք վենետիկցիներին համոզելու բան ունեն
Վենետիկի հանձնաժողովի անդամները խորհրդարանական խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի, հ/կ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, քննարկելով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, եւս մեկ անգամ հայտարարել են, որ սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիա ՀՀ քաղաքական դաշտում չկա: Հանձնաժողովի անդամներից Կրիստոֆ Գաբենվարտերի կարծիքն այսպես էր ամփոփվում. «Մենք եթե ասենք՝ հասել ենք կոմպրոմիսի՝ ոչ: Հասել ենք ընդհանուր ընկալման՝ հուլիսի 15-ի դրությամբ ինչ ունենք»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի այս դիտարկմանը՝ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ կոնսոլիդացիա չկա, քանի որ քաղաքական ուժերը դեռ ունեն տարբեր մոտեցումներ մի շարք հարցերի վերաբերյալ: Իսկ հասարակական պահանջն այն է, որ երկրում կատարվեն փոփոխությոններ»:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` համակարգային փոփոխություններից մեկը սահմանադրական կարգի փոփոխություններն են, սահմանադրական նորմերում եւ պահանջներում լրացումներ ու փոփոխություններ կատարելը, նորովի կառավարվելը, հարաբերվելը եւ նոր իրավաքաղաքական պայմաններ ստեղծելը: Նա մանրամասնեց. «Կոնսոլիդացիան դրանք առաջարկներն են: Իհարկե, ոչ 100 տոկոսանոց, բայց կոնսոլիդացիա կա այն հարցի շուրջ, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են: Իսկ թե ինչպիսին պետք է լինեն այդ փոփոխությունները, այդ հարցերը դեռ քննարկվում են: Վերջնական կոնսոլիդացիա կլինի արդեն աշնանը»:
Մեր այն դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացի հենց սկզբից պայման է դրել, որ միայն քաղաքական ուժերի համախմբման` կոնսոլիդացիայի պարագայում արդարացված կլինեն փոփոխություները, պարոն Զաքարյանն արձագանքեց. «Վենետիկի հանձնաժողովը պայման դնող չէ, դատավոր չէ: Այն կարծիք տվող է»:
Կարդացեք նաև
Հարցին` ինչպե՞ս են համոզելու այդ կառույցին, որ կոնսոլիդացիայի բացակայության պարագայում անգամ սահմանադրական փոփոխություններն արդարացված են, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովին համոզելու խնդիր չկա: Մենք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելու անհրաժեշտություն ունենք, որ չշեղվենք ժողովրդավարական ընդունված նորմերից ու չափանիշներից, եւ չվտանգվեն մեր պետության ժողովրդավարական գործընթացները»:
Մեր այն հարցին` իսկ մի՞թե չենք վտանգում` այս սկզբունքային հարցում հակադրվելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Չենք վտանգում, կոնսոլիդացիան ուրիշ բան է»: Պարոն Զաքարյանն ընդունում է, որ քաղաքական ուժերի շրջանում կոնսոլիդացիա չկա, քանի որ ամեն մեկն իր կարծիքն է առաջ տանում, բայց վստահ է, որ բոլորին էլ համոզելու են, նույնիսկ իրենց են համոզելու: Մեր հարցին` իսկ Վենետիկի հանձնաժողովի՞ն ով է համոզելու, Արտակ Զաքարյանն այսպես արձագանքեց. «Դեռ սեպտեմբերին հանձնաժողովը պետք է եւս մեկ միջանկյալ կարծիք տա, իսկ վերջնական կարծիք պիտի տա հոկտեմբերին: Ի վերջո, Վենետիկի հանձնաժողովը վերին ատյանի դատարան եւ վերջին ճշմարտություն չէ»: Մեր այն դիտարկմանը` երբ պետք էր, այդ հանձնաժողովն իշխող կուսակցության համար վերին ատյանի դատարան էր, երբ արդեն նրա դիրքորոշումը չի բխում ՀՀԿ-ի շահերից, արդեն վերին ատյան չէ, Արտակ Զաքարյանը հակադրվեց, թե նման բան չկա ու եզրափակեց. «Այո, այսօր դեռեւս վերջնական, համաձայնեցված դիրքորոշում բոլոր քաղաքական ուժերի միջեւ չկա: Դրա համար էլ լսումներ, քննարկումներ ու վեճեր են ընթանում»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.08..2015