Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում համակարգված սպանում են փոքր բիզնեսը»

Օգոստոս 28,2015 14:30

Ասում է ամերիկացի ներդրող Դեյվիդ Բեքեթը

«Հայաստանում գործում է այնպիսի համակարգ, որը ոչ թե փոքր ու միջին բիզնեսին աջակցում է, որպեսզի հաջողության հասնի, այլ հակառակը՝ սնանկանա, եւ պարտադիր չէ, որ այս գործում մարդկային գործոն լինի, կամ որեւէ պաշտոնյա չարաշահի իր դիրքը»,- այսպիսի եզրակացության է եկել ամերիկացի գործարար Դեյվիդ Բեքեթը, որը 3 տարի է Հայաստանում փոքր բիզնես է հիմնադրել: Դեյվիդ Բեքեթը «Գրին Բին» սրճարանի հիմնադիրներից եւ սեփականատերերից մեկն է:

«Առավոտի» հետ զրույցում Դեյվիդը պատմում եւ օրինակներ է բերում, թե ինչպես են մեր երկրում համակարգված ու քայլ առ քայլ սպանում բիզնեսը:
Դեյվիդն ասում է, որ Հայաստանում բիզնես գրանցելը բավականին դյուրին է, ինչը շատ դրական է, եւ նաեւ գայթակղիչ, սակայն բիզնեսը գրանցելուց հետո այնպիսի խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք կարող են գործարարին հիասթափեցնել:

Փոքր բիզնեսին
սպանելու 1-ին քայլ. ԱԻՆ-ի այցը

Սրճարանի դռները բացելու հենց առաջին օրը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն են այցելել, բայց ոչ թե որպես հաճախորդ, այլ՝ ստուգող մարմին, եւ ինչպես Դեյվիդն է ասում՝ տեսան, որ հակահրդեհային համակարգը դրված չէ, ակտ կազմեցին՝ 50 հազար դրամ տուգանք. «Մեզ նման սրճարանների համար այդ գումարը օրվա հասույթի 1/4-րդն է, սա, ըստ էության, փոքր գումար չէ: Ես չեմ հասկանում, ինչո՞ւ են միանգամից տուգանում, այլ ոչ թե նախազգուշացում անում, ժամանակ տալիս՝ խնդիրը շտկելու համար: Լուսավորության համար էլ էին ուզում տուգանել, բայց լամպերի կոդերը չգտան ու չտուգանեցին»:

Փոքր բիզնեսին
սպանելու 2-րդ քայլ՝ «Բարի գալուստ»
մաքսային

Շատ ավելի հիասթափեցնող խնդրի է հանդիպել գործարարը մաքսային ծառայությունում. Դեյվիդն ուղղակի ապշել էր, որ այս կառույցում բաց տեքստով կաշառք են ուզել: Առաջին անգամ, երբ այս ընկերության սեփականատերերը, որոնցից մեկն էլ, բացի Դեյվիդից, շվեցարացի Իվան Շանն է, իրենց սրճարանի համար փորձել են սուրճ ներկրել Հայաստան, նրանցից մաքսայինում ինչ-որ գումար են պահանջել, երբ օտարերկրյա գործարարները հետաքրքրվել են՝ թե ինչի՞ համար են վճարում եւ փաստաթուղթ են պահանջել, նրանց ասել են՝ դա «մաղարիչ է»: «Մենք ասացինք՝ ոչինչ չենք վճարելու, եթե օրենքով նախատեսված չէ: Չվճարեցինք ու մեր սուրճը դիտավորյալ 3 շաբաթ պահեցին մաքսայինում: Եւ մեր պայքարը, որպեսզի մեր սուրճը Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով ( Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը. Ն. Բ.) ներմուծվի, բավականին երկար տեւեց, մինչեւ որ այլ շահառուներին չներգարվեցինք, որոնք եւս շահագրգիռ էին: Խնդիրն այդ հսկիչ գներն են, առաջին ներմուծումն այդ հսկիչ գներով արեցինք, սա այն գործիքն է մաքսայինում, երբ նրանք չեն վստահում եվրոպական հանրահայտ ընկերությունների տրամադրած փաստաթղթերին ու գներին, եւ մաքսայինը մաքսազերծման իր գինն է սահմանում: Սա անընդունելի է, երբ Հայաստանը բոլոր կողմերից փակ սահմաններ ունի, իսկ մաքսայինի պատճառով մեզ մոտ գները 20-25% բարձր է լինում տարածաշրջանում, իսկ վերջնական գինը սպառողի համար ավելի բարձր է լինում»: Ընդ որում, մաքսայինի հետ աշխատելու բրոկերի՝ որպես միջնորդ անձ գործառույթը, Դեյվիդը եւս անընդունելի է համարում. ասում է՝ «ինչ կարիք կա գործարարին պարտադրել, որ անպայման օգտվի բրոկերի վճարովի ծառայությունից, երբ բիզնեսմենն այդ գործառույթն ինքն էլ կարող է անել»:

Փոքր բիզնեսին
սպանելու 3-րդ քայլ՝ «Բարեւ ձեզ,
«սանէպիդկայանից ենք»

Հաջորդ ստուգող մարմինն ու փոքր բիզնեսի վրա, այսպես ասած՝ «հարձակվողը», Դեյվիդի խոսքերով՝ «սանէպիդկայանն է» եղել: Այս անունը նախկինում էր կիրառվում, հիմա կոչվում է առողջապահական պետական տեսչություն: Այս կառույցն էլ է այցելել սրճարան, երբ այն նոր-նոր էր սկսել աշխատել, ու տուգանք նշանակել 300 հազար դրամի չափով, ինչ է թե՝ խոհանոցի աշխատողների հանդերձարանը մոտ է եղել խոհանոցին ու այն մի դռնով է առանձնացված եղել: Դեյվիդն ասում է, որ սրճարանի ինտերյերը նախագծելուց առաջ համացանցով եւ այլ միջոցներով փորձել է ճշտել, թե ինչ պահանջներ կան սննդի օբյկետների համար, սակայն ոչինչ չի գտել: «Ես հասկանում եմ՝ ամեն երկիր իր օրենքներն ունի, բայց երբ մտնում են ու միանգամից 300 հազար տուգանում, սա ճիշտ մոտեցում չէ: Սա մեծ տուգանք է փոքր բիզնեսի համար, ես կրկին չեմ հասկանում՝ ինչո՞ւ Հայաստանում չի գործում նախազգուշացման մեխանիզմը, առաջին անգամ նախազգուշացնեն, եթե գործարարը խնդիրը չշտկի, թող այդ ժամանակ տուգանեն»:

Հայաստանում գործում է փոքր բիզնեսին
պատժելու մեխանիզմը

Դեյվիդն ասում է, որ ԱՄՆ-ում գործում է փոքր բիզնեսների ասոցիացիա, որը ֆինանսավորվում եւ կառավարվում է պետության կողմից, որովհետեւ պետությունը շահագրգռված է փոքր եւ միջին բիզնեսները զարգանալու համար, քանի որ դա է հիմքը տնտեսության զարգացման: Այդ ասոցիացիան, ըստ Դեյվիդի, անվճար խորհրդատվություն եւ տեղեկատվություն է մատուցում սկսնակ գործարարներին, որպեսզի ճիշտ աշխատեն. «Ինչո՞ւ Հայաստանում չկա նման մի բան, որպեսզի ես էլ, որպես օտարերկյա ներդրող, օգտվեի այդ ծառայությունից, իմանայի, թե՝ ինչ կանոններ կան, ինչ չափանիշներ կան կոնկրետ ոլորտում»:

Գործարարը նշում է, որ իրենք՝ «Գրին բինի» 2 հիմնադիրներով օտարերկրացիներ են եւ սիրում են հետեւել օրենքներին, բայց. «Երբ տեսնում ենք, որ ամբողջ համակարգը ունի պատժելու մեխանիզմ, այլ ոչ թե աջակցելու, դա շատ է հիասթափեցնում, ավելին ասեմ՝ պատժելու մեխանիզմը հենց այդ կաշառակերության միջավայրն է սկսում սնել»:
Ուշագրավ է, երբ կառավարությունը որեւէ նորամուծություն է ներդնում Հայաստանում, «գլուխ է գովում», թե զարգացած երկրների փորձն են կիրառում, լավ կլինի զարգացած երկրների փորձը Դեյվիդի բերած՝ ԱՄՆ փոքր բիզնեսին աջակցող կառույցի օրինակը կիրառվի Հայաստանում, ոչ թե՝ ամեն քայլափոխի տուգանելու մեթոդը:

Փոքր բիզնեսին
սպանելու 4-րդ քայլ՝ ՀԴՄ-ներով

Ամերիկացի գործարարին սկզբում զարմացրել, հետո էլ ավելի հիասթափեցրել է ՀԴՄ սարքերի կիրառումը: Դեյվիդի խոսքերով՝ նախ դրանք շատ թանկ են, եւ մենաշնորհված. Գործարարը տարակուսած հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ պետք է մի ընկերություն ներմուծի այդ սարքերը, ինչո՞ւ մի քանիսը չպիտի լինեն, որպեսզի գինը ճիշտ ձեւավորվի շուկայում. «Մենք բավականին մեծ պայքար ծավալեցինք Հայաստանում Ամերիկայի կոմերցիոն պալատի միջոցով եւ մեծ բողոք գրեցինք, որ դա անընդունելի է, դա ճիշտ չէ»: Դե, ինչպե՞ս բացատրես մի օտարերկրացի գործարարի, որի հայրենիքում արհեստական մենաշնորհներ չկան, որ մեզ մոտ մենաշնորհը մի այնպիսի «քաղցր բան է» ոմանց համար:

Այս ՀԴՄ կոչված սարքը իսկական գլխացավանք է դարձել ամերիկացի գործարարի համար. Դեյվիդն ասում է, որ կառավարությունն այդ սարքով ուղղակի ներխուժում է քո բիզնեսի մեջ. «Այնտեղ հստակ գրված է, թե ինչ ապրանք է վաճառվում քո սրճարանում, իսկ հաշվի առնելով, որ Հայաստանում բիզնեսը սերտաճած է քաղաքական համակարգի հետ, շատերը գիտեն՝ ով՝ ինչ բիզնեսի տեր է, եւ ես որպես գործարար, «կոմֆորտ» չեմ զգում, որ հարկային համակարգը վերահսկում է իմ բիզնեսը: Այսինքն՝ տեսնում է՝ ես այսօր այս տեսակի ու այսքան սուրճ եմ վաճառել: Մյուս օրը իմ մրցակիցը, որը մուտք ունի այդ համակարգ, կվերցնի իմ բիզնեսի գաղտնիքներն ու կօգտագործի»: Դեյվիդն ասում է, որ այդ ՀԴՄ-ների միջոցով հարկայինին տեսանելի է, թե տվյալ օբյեկտում, ասենք՝ որ ուտեստը, կամ խմիչքը պահանջարկ ունի, եւ նրանք կարող են հանգիստ տվյալ օբյկետի բիզնես գաղտնիքներն «իրենցով անել» ու նույն բիզնեսից հիմնել. «Մինչդեռ, ինչ տեսակի ապրանք եմ վաճառում, պիտի իմ բիզնես գաղտնիքը մնա»:

Կառավարությունը ՀԴՄ-ները ներդրել է, իբր ստվերը բացառելու համար, բայց իրականում, դրա հետ կապված այնպիսի անհեթեթ խնդիրներ են առաջանում, որ կառավարությունը, փոխանակ թերությունները վերացնի, գործարարների համար եւս մեկ խոչընդոտ է առաջացնում: Այս ՀԴՄ սարքերը միացված են ընդհանուր համակարգին, ֆինանսների նախարարությունն այսպես է անում, որպեսզի հանկարծ որեւէ գործարար չփորձի ՀԴՄ կտրոն «չխփել», այսինքն շրջանառություն թաքցնել: Բայց կառավարությունը հաշվի չի առնում, որ դա ընդամենը սարք է, այն կարող է խափանվել, կամ օբյեկտի հոսանքն անջատվի, ու նման դեպքում տվյալ օբյեկտի գործը կանգնում է, նա իրավունք չունի շարունակել աշխատել առանց ՀԴՄ-ի՝ ընդհանուր համակագին միացված չլինելու դեպքում, հակառակ պարագայում՝ կտուգանվի: Դեյվիդը պատմում է, որ իր սրճարանում արդեն 2 անգամ պատահել է, որ սարքը խափանվել է, մի անգամ՝ հոսանքն է անջատվել, ու ինքը ստիպված է եղել սրճարանի աշխատանքը կանգնեցնել, սա նշանակում է՝ վնասներ կրել, գուցե նաեւ՝ հաճախորդներ կորցնել: Գործարարն ասում է՝ այս ՀԴՄ սարքերը սպասարկող ընդամենը 1 ընկերություն կա, որը մինչեւ ժամը 17.00-ն է աշխատում, ու երբ սարքը խափանվել է 17.00-ից հետո, նրանք չեն կարողացել սպասարկել իրենց հաճախորդներին. «Մենք բաց, թափանցիկ ու ազնիվ աշխատող ընկերություն ենք, ուստի երբ սարքը խափանվեց, մենք օրենքի խախտում չարեցինք, չշարունակեցինք աշխատել: ՀԴՄ-ի այդ պահանջը եւս մեկ անընդունելի մեխանիզմ է բիզնեսի համար»:
Ընդ որում, ամերիկացի գործարարն ասում է, որ հարկայինն իր աշխատանքը դրել է գործարարի ուսերին, երբ նրանից պահանջում է հաշիվ-ապրանքագիր. «Ինչո՞ւ ես պիտի փաստաթուղթ տրամադրեմ, թե՝ որտեղից եմ ձեռք բերել տվյալ ապրանքը, թող հարկայինը հետեւի այն ընկերությանը, որը վաճառում է իր ապրանքն ու հարկեր վճարում, ոչ թե իմ միջոցով դա պարզի»: Բացի այս, հսկայական ծավալի ՀԴՄ կտրոնների ներկայացնելը հարկայինին՝ կրկին մի հիասթափեցնող առիթ է. յուրաքանչյուր կտրոնի վրա պիտի ընկերության կնիքն ու ստորագրությունը լինի, ուստի Դեյվիդը ամեն շաբաթ մի քանի ժամ ստիպված է լինում անիմաստ ծախսել այդ կտրոնները հատ-հատ ստորագրելու համար, մինչդեռ, ինչպես գործարարն է ասում, ինքը այդ ժամանակը պիտի ծախսի իր բիզնեսը զարգացնելու համար:

Իսկ հարյուրավոր կտրոններ ստորագրելու ընթացքում, հնարավոր է մեկն էլ բաց թողնես, սա եւս մեկ առիթ կարող է լինել հարկայինին, որ պատրվակ բռնի՝ թե դիտավորյալ թաքցնում ես ու տուգանի:

«Մենք ամեն ամիս հավելյալ 1000 դոլար ենք ծախսում մեր շրջանառությունից հաշվապահական ընկերություն վարձակալելու համար, որպեսզի չառնչվենք հարկայինի հետ: Ես ծախսում եմ միջինում 20%-ից ավել այն ապրանքի համար, որը ձեռք եմ բերում ոչ թե անմիջապես գյուղացուց, այլ՝ այլ մատակարարողներից, միայն այն պատճառով, որովհետեւ պարտավոր եմ ՀԴՄ կտրոն տրամադրել իմ գործարքների համար»:

Փոքր բիզնեսին
սպանելու 5-րդ քայլ՝ եկամտային հարկով

Դեյվիդն ասում է՝ եկամտային հարկը եւս գործատուի ուսերին դնելը, սխալ մեխանիզմ է. «Մենք կուզեինք ավելի բարձր աշխատավարձ տալ, բայց այդ հարկի պատճառով չենք կարողանում, եթե չլիներ այդ հարկատեսակը մենք ավելի շատ աշխատատեղ կբացեինք՝ բարձր աշխատավարձով: Ու եթե ցածր է աշխատավարձը, հարկայինը սկսում է ինչ-որ բաներ կասկածել ու ուսումնասիրություններ անել: Այդ բոլոր ծախսերը միասին, որ ես ասացի, փոքր բիզնեսի համար մեծ գումար է, որը կարող էինք մեր բիզնեսում ներդնել»:

Ազնիվ բիզնեսը
Հայաստանում թանկ
հաճույք է եւ մեծ
գլխացավանք

Դեյվիդն ասում է՝ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ փոքր բիզնեսի համար հնարավոր է շատ հեշտ փոփոխություններ անել, միայն թե քաղաքական կամք է հարկավոր. «Կառավարությունը գուցե մի քանիսին պատժում է՝ ցույց տալու, որ կոռուպցիայի դեմ է պայքարում, երբ խնդիրը բուն կառավարման համակարգում է, ռեֆորմները պետք է այդտեղից սկսել ու բարվոք միջավայր ստեղծել բիզնեսի համար, որոնք էլ մոտիվացված չեն լինի ստվերում աշխատել: Ազնիվ, մաքուր բիզնեսը մեզ համար սկզբունք է, բայց իրականում, սա Հայաստանում թանկ հաճույք է եւ մեծ գլխացավանք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Այ՜ քեզ բան: Սրանք երևի գիտեն Հայաստանը Աֆրիկայո՞ւմ է: Բողոքում է թե ԱԻՆ-ը պահանջել է, որ սրճարանը հակահրդեհային համակարգ ումենա: Կարելի մտածել արտառոց բան էն պահանջում կամ նույն ԱՄՆ-ում այդպիսի պահանջ չկա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31