Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի նախկին ռազմական ոստիկանը քսան օր է՝ Հրազդանի կիրճում է քնում

Օգոստոս 28,2015 14:00

55-ամյա Եղիա Արթինի Քեոշկերյանին, երբ հարցրեցի՝ Սիրիայում ի՞նչ է աշխատել, պատասխանեց. «Տեռորիստ, այսինքն՝ զենքի մարդ, Լիբանանի ռազմական ոստիկանության պետի տեղակալ»:

Թե ինչն էր նրան բերել «Առավոտի» խմբագրություն, պարզվեց մեր զրույցի ընթացքում:
Սիրիայի Հանրապետության քաղաքացի ներկայացած Եղիա Քեոշկերյանը պատմեց, որ 2012թ.-ին, որպես փախստական, հաշվառման է կանգնել Միգրացիոն ծառայությունում:
Նրան տրամադրել են հատուկ կացարան՝ Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի հայտնի հանրակացարանում: 29/1 հատուկ կացարանում մնացել է երեք ամիս, մինչ նրան տվել են ճամփորդական անձնագիրը:

Միգրացիոն ծառայությունից նրան ասել են, որ պետք է ազատի այդ հատուկ կացարանը, որպեսզի տրամադրեն այլ հանրակացարան: Պարոն Եղիան միայնակ է եկել Հայաստան, նրա կինը մահացել է քաղցկեղից, իսկ դուստրը մնացել է Սիրիայում, ներկայումս ամուսնացել է:

«Ելա հատուկ կացարանից, գնացի դիմում գրեցի Միգրացիոն ծառայությանը: Ստացա պատասխանը: Սակայն երեք տարի է՝ ինձ ոչ մի տեղ չեն հատկացրել: Վերջերս դիմեցի ԱԻՆ միգրացիոն վարչություն, ընդունեցին Տերտերյանը, Բախշյանը, Եգանյանը: Որոշեցին ինձ ուղարկել Սիսիանի Արեւիս գյուղը: Խոսեցին գյուղապետի հետ, ինձ տուն պետք է հատկացնեին: Տվին գյուղապետի անունը, հեռախոսի համարը»,- պատմում է պարոն Եղիան:

Մինչ Սիսիան գնալը՝ գյուղապետի հետ նա մեկ անգամ եւս խոսում է, գյուղապետը հավատացնում է, որ ամեն բան կարգին է:

Զրուցակիցս մինչ Սիսիան մեկնելը գնում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն, խնդրում է ճանապարհածախս, որոշ իրեր՝ բնակության համար: Գյուղը Նախիջեւանի սահմանին մոտ է, Սիսիանից այստեղ կարող ես գնալ միայն մեքենայով, տրանսպորտ չկա:

Առաջին տպավորությունն այսպիսին էր, երբ պարոն Եղիան մտել է գյուղ. «Ինձի ընդունեց գյուղապետի տեղակալը: Տարավ իր տուն, հաց կերցրեց: Գնացի «իմ» տուն. պատերը կային, լուսամուտ չկար, տանիք չկար, ջուր չկար, հոսանք չկար: Ասացի՝ ոնց կլինի: Այդ գյուղում ապրում է 20 ընտանիք, որից 16-ը ձմեռը գնում է Սիսիան: Խանութ չկար: Ձմեռը պետք է մնայի չորս ընտանիքի հետ: Եթե մեկը վատառողջ լինի, զանգեն շտապ օգնություն, այն մինչեւ Սիսիանից գա, կտանի հերձարան, ոչ թե բուժարան»:

Զրուցակիցս որոշում է գնալ Սիսիան, մտնել քաղաքապետի մոտ: Այնտեղ ասել են, որ ոչ մի բանով չեն կարող օգնել, ուղարկել են Կապան, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ:
«Սիսիանից Գորիս գնալու համար հինգ հազար դրամ գումար տվեցի, գնացի Գորիս: Սիսիանից չկար Կապան գնացող: Գորիս հասնելով՝ որոշեցի մտնել քաղաքապետի մոտ, որպեսզի նրա զանգից հետո գնամ մարզպետի մոտ: Վաչիկ էր անունը: Զանգեց մարզպետի տեղակալը, խոսեց. Դավիթ էր անունը: Նա ասաց՝ վերադարձիր Սիսիան՝ Թանգյան Սամվելի մոտ: Իջա Սիսիան: Գտա Թանգյան Սամվելին, որը խոստացավ հաջորդ օրն ինձ հանրակացարան տալ»,- պատմում է փախստականը:

Տաքսիով գնում է Արեւիս գյուղ, որտեղ գյուղապետի տեղակալի տանն ի պահ էր տվել իր հագուստները, պայուսակները:

Վերցնում է ողջ ունեցածը, գալիս Թանգյան Սամվելի մոտ: Նա այս անգամ, ըստ զրուցակցիս, հայտնում է, որ որեւէ բանով չի կարող օգտակար լինել մեր հայրենակցին: Քաղաքացին մնում է դրսում, առանց գումարի, քանի որ «Առաքելության» ճանապարհածախսը սպառվել էր:

Մարզպետարանի աշխատակիցն ասում է, որ որեւէ հնարավորություն չկա օգնելու որեւէ հարցով եւ վերջ:

«Անոթի, ծարավ, մնացի Սիսիանի քաղաքապետարանի դիմացի նստարանին: Շատ ցուրտ էր: Քնեցի: Առավոտ արթնացա, տեսա՝ վեշերս չկան: Հիմա ես այս մի վերնաշապիկով եմ մնացել»,- ասում է Ե. Քեոշկերյանը:

Չի կարողացել դիմել տեղի ոստիկանությանը:

Նա վերադարձել է Երեւան, փորձել է հանդիպել նախարարի տեղակալ Ա. Բախշյանին, սակայն, ինչպես Ե. Քեոշկերյանն է ասում՝ չի հաջողվել: Նա չի ընդունել: Մեր հայրենակիցը մնացել է Հանրապետության հրապարակում, քնում է կամ տեղի նստարանների վրա, կամ Հրազդանի կիրճ է իջնում՝ անձրեւից պատսպարվելու համար:

Փախստականը դիմել է հանրապետության նախագահին:

«Առավոտի» տրամադրության տակ գտնվող տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի օգոստոսի 19-ի պաշտոնական գրության համաձայն, հանրակացարանային սենյակով ապահովելու վերաբերյալ ՀՀ նախագահին հասցեագրված նամակի կապակցությամբ հայտնվել է. «ԱԻՆ-ի միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինության տակ գտնվող հանրակացարաններում ներկա պահին ազատ սենյակ չկա եւ 2015թ. ընթացքում չի առաջացել»:

Նույն գրության համաձայն՝ քաղաքացուն առաջարկվել է, որպես ժամանակավոր կացարան, Սյունիքի մարզի Քանահատ համայնքում շինություն, ինչպես նաեւ Արեւիս համայնքի կացարանը, ինչից հրաժարվել է:

Մեր հայրենակցի իրերի կորչելը եւ Սիսիանում մեկ օր հարկադիր մնալը Միգրացիոն ծառայության կողմից գնահատվել էր «սեփական նախաձեռնություն եւ արկածներ»:
«Այս անհաջողությունների համար նախարարությունը պատասխանատվություն չի կրում»,- հայտնել էին մեր հայրենակցին, նաեւ ակնարկել՝ ազատ սենյակ լինելու դեպքում նրա դիմումը կքննարկվի:

Երեք վիրահատություն տարած Եղիա Քեոշկերյանը իր ձեռքի հեռախոսով նկարել էր անծածկ գոմ հիշեցնող կացարանը:

Նկարել էր նաեւ նախարարության ոստիկանին, որը ստանձնելով պաշտոնատար անձանց լիազորությունները, բարկացած ասել է. «Դու ո՞վ ես, ինչո՞ւ ես եկել Սիրիայից, գնա այլ երկիր»: Ոստիկանի հարցով էլ դիմելու էր հանրապետության ոստիկանապետին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Բանմը չիգա,ջանըմ…ասոնք մեծ պզտիկություններ են:Թուն դուն եգուր(Տուն արի):Ալավերդին Հրանուշ Հակոբյանի մոտ…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Արի տուն»: Ե՞րբ հայը պիտի սովորի հարգել հային:

  3. helen says:

    Խնդրում եմ, ինձ տվեք այս մարդու տվյալերը, հեռախոսահամար, որվ կարող եմ կապվել իր հետ: Նյութի հեղինակ՝ միգուցե դուք ինձ օգնեք եւ գտնենք այս մարդուն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31