Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միակ «չի կարելին», որն անհրաժեշտ է երեխաներին

Օգոստոս 28,2015 13:30

Ազգային օպերային թատրոնում կբեմադրվի
Սոֆա Ազնաուրյանի «Չիկարելիի արկածները» մանկական օպերան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, շուրջ 35 տարվա ընդմիջումից հետո, գալիք թատերաշրջանում կբեմադրվի Սոֆա Ազնաուրյանի «Չիկարելիի արկածները» մանկական օպերան: Այս մասին «Առավոտին» հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:

Նկատենք, որ 82-ամյա Ազգային օպերային թատրոնի խաղացանկը հարուստ չի եղել հայ հեղինակների մանկական ներկայացումներով: Տարբեր ժամանակներում բեմադրվել են Յուրի Գեւորգյանի «Խարույկ», Անուշավան Տեր-Ղեւոնդյանի «Բերբերո», Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» եւ 1970-ականների վերջերին՝ Էրիկ Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (ըստ Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ի) օպերաները:

Ծանոթանալով Սոֆա Ազնաուրյանի ստեղծագործական դիմանկարին, ակնհայտ է դառնում մի բան, որ ստեղծագործելու առումով կոմպոզիտորի նախընտրելի ժանրը վոկալն է (ռոմանսներ, վոկալ շարքեր եւ այլն): Կոմպոզիտորի առաջին մոնոօպերան՝ «Հույսը», ըստ 19-րդ դ. վերջի եւ 20-րդ դ. սկզբի ճանաչված գրող Զինաիդա Գիպյուսիի «Հորինվածք» նովելի, 2004թ. Կրասնոդարում անցկացված Զատկի փառատոնին մեծ հաջողություն ունեցավ: Այն ռեժիսոր Վիկտորյա Փոշոտյանի եւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի «ընթերցմամբ» ներկայացվեց նաեւ «Հայֆեստ» փառատոնին: Ազնաուրյանի երկրորդ օպերան՝ «Հայաստան», կամերային էր՝ նվիրված երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանին: Սա հետաքրքիր մեծակտավ ստեղծագործություն է, քանի որ գրված է Օսիպ եւ Նադեժդա Մանդելշտամների բանաստեղծությունների ու նամակների հիման վրա, որոնք 20-րդ դարասկզբին 200 օր անցկացրել են Հայաստանում: Նրանց տպավորությունները՝ հայկական տեսարժան վայրերի, հուշարձանների, հանդիպումները, այդ թվում՝ Չարենցի հետ, տեղ են գտել օպերայում:

6666

Տեսարան Օպերային ստուդիայի «Համլետ» մոնոօպերայից:

Տպավորիչ էր կոմպոզիտորի «Համլետ» մոնոօպերան, որը հատուկ գրված էր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի հիմնած «Արմմոնո» թատերական փառատոնի համար: Այն 2007թ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում ներկայացրեց բարիտոն Հրանտ Խաչիկյանը՝ Լեւոն Իվանյանի ռեժիսուրայով:

«Առավոտը» հանդիպեց Սոֆա Ազնաուրյանի հետ: Խնդրեցինք հակիրճ ներկայացնել իր «Չիկարելիի արկածները» եւ ինչպես եղավ, որ ավելի քան 3 տասնամյակից հետո հենց այդ մանկական օպերան որոշվեց բեմադրել օպերային թատրոնում: Մեր զրուցակիցը նշեց, որ օպերան գրել է ըստ Ռուբեն Մարուխյանի համանուն վիպակի: Ընդ որում, գրողի այս գիրքը դեռեւս խորհրդային տարիներին արժանացել է Կոմերիտմիության մրցանակի եւ 2013-ին ճանաչվել լավագույն ստեղծագործություն երեխաների համար, ստանալով Վախթանգ Անանյանի մրցանակ: Տիկին Ազնաուրյանը հավելեց, որ «Չիկարելիի արկածները» թարգմանվել է 5 լեզուներով եւ ընդգրկված է դպրոցների 5-րդ դասարանի դասագրքում:
«Անցյալ տարի Կոմպոզիտորների միության օպերային եւ բալետային բաժնի նիստի ժամանակ ներկայացրի գործընկերներիս: Այդ հարցում ինձ օգնեց մեր կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահար Սահենիկ Մաղաքյանը, որը նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երգչուհի է, իսկ հետո միության երաշխավորագրով «Չիկարելիի արկածները» ներկայացվեց մեր օպերային թատրոն: Շուրջ մեկ ամիս առաջ էլ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը հրավիրեց ինձ եւ ասաց, որ որոշել են բեմադրել օպերաս»,- հայտնեց Սոֆա Ազնաուրյանը:

Դիտարկմանը, թե նոր ժամանակներում խոսվում է, թե երեխաներին չի կարելի ասել՝ չի կարելի, մինչդեռ ձեր օպերան հենց վերնագրից «չի կարելի» է, կոմպոզիտորը պատասխանեց. «Հերոսս երեւանցի մի մանուկ է՝ Մուշեղ Ասլանյան անունով, բայց շատ չարաճճի: Հավանաբար ծնողները թերացել են նրա դաստիարակության հարցում… Եվ այդ դերը ստանձնում է բնությունը, նրան միառժամանակ թողնելով թզուկ: Իսկ հետո հազար ու մի փորձությունների միջով անցնելով՝ թզուկը հասկանում է որն է սեւը, որը՝ սպիտակը, ինչն է կարելի, ինչը՝ ոչ… Օպերայի ավարտին դեպքերը զարգանում են այնպես, որ հենց բնության օգնությամբ աղբյուրից հոսող ջրով լվացվում է թզուկը ու ստանում արդեն տղայի կերպար, դառնում է Մուշեղը»,- հայտնեց Սոֆա Ազնաուրյանը, հավելեց, որ օպերայի բեմադրությունը կիրականացնի ռեժիսոր Ռուբեն Քոչարը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31