Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության գինը

Օգոստոս 28,2015 12:00

Օրեր առաջ Ծաղկաձորում Սերժ Սարգսյանն այցելել էր «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին եւ ողջունելով նրանց, հիշելով 25 տարի առաջ ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը` նշել էր. «Երբ ընդունում էինք Հռչակագիրը, մենք համոզված էինք, որ մեր զավակներն ապրելու են ազատ, անկախ Հայաստանում: … Վստահ եմ, որ դուք ժառանգելով այդ անկախությունը, կարողանալու եք այն փոխանցել հաջորդ սերունդներին: Եվ որպեսզի դա կարողանաք անել ավելի լավ, քան մենք ձեռք բերեցինք ու հանձնում ենք ձեզ, խնդրում եմ միշտ հիշել, որ անկախությունը միայն երջանկություն չէ, անկախությունը միայն իրավունք չէ, անկախությունը նաեւ պարտականություն է եւ պատասխանատվություն: Եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձեւավորվել այն միտումը, որ անկախությունը լավ բան է, բայց արի ես մի կերպ ճողոպրեմ բանակից, չպաշտպանեմ մեր սահմանը, եթե Հայաստանում սկսեց ձեւավորվել այն միտումը, որ անկախությունը շատ լավ բան է, եւ թող ուրիշները մեզ ձրի գազ տան, էժան գազ տան, իսկ մենք լինենք անկախ, եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձեւավորվել այն միտումը, որ չնայած նրան, որ ամբողջ աշխարհում կան տնտեսական խնդիրներ, բայց մենք հայ ենք, Հայաստանի քաղաքացի ենք՝ Հայաստանում այդ խնդիրները չպետք է լինեն, ապա հավատացեք, որ մեր անկախությունը, մեր ազատությունը վտանգվելու է: Նորից եմ կրկնում՝ անկախությունը գին ունի, եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ գինը վճարել: Եթե մենք ժամանակին կարողանանք տանել դժվարությունները, եթե մենք կարողանանք պաշտպանել ինքներս մեզ՝ մեզ հետ ոչինչ չի պատահի, վստահ եղեք»:

Օգոստոսի 24-ին նշվում էր Ուկրաինայի անկախության օրը: Մեծ դժվարությունների առաջ կանգնած Ուկրաինան իր ընտրությունը կատարել է եւ վճարում է այդ ընտրության գինը:
Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսա շրջանի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հաճախ է Ուկրաինան որպես օրինակ մատնանշում` նախկին խորհրդային միության հանրապետությունների ապագան կապելով Ուկրաինայի ազատության համար մղվող պայքարի հետ: Վերջերս Սաակաշվիլին «Дождь»  հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով 2008թ. ռուս-վրացական եւ Ուկրաինայի պատերազմների մասին, նշել էր, որ Ուկրաինայի ապագայից է կախված մյուս երկրների վիճակը. «Մենք տարածաշրջանային քաղաքականության մեջ ենք: Սա պատերազմ է: 2008-ի պատերազմը պատերազմ չէր Վրաստանի դեմ: Սա պատերազմ է մեր ազատության համար։ Այս պատերազմն իրար հետ կապված է… Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Ուկրաինա, Միջին Ասիա…»: Նա հավելել էր, որ եթե Ուկրաինան հաղթահարի այս պատերազմը, մյուս երկրները նույնպես կփրկվեն. «Եթե Ուկրաինան հաղթահարի սա, եթե Ուկրաինան բարեփոխումներ անցկացնի, եթե Ուկրաինան անցնի սրա միջով, ապա մենք բոլորս փրկված ենք, մենք բոլորս, ովքեր Ուկրաինայի շուրջն են: Եթե Ուկրաինայի խնդիրները շարունակվեն, ապա մենք բոլորս նույնպես խնդիրներ կունենանք»:

Բավական թանկ վճարելով, Ուկրաինան ազատվում է ռուսական շղթաներից, ու արժանի է հարգանքի: Ասվածից ամենեւին չի բխում, թե բոլոր երկրները պետք է նույն գինը վճարելով ազատվեն շղթաներից, որոնք նրանց ճնշում են, զարգացման հեռանկար չեն թողնում: Բայց բոլոր երկրներն ու իրենց քաղաքացիները պետք է իրենք իրենց հարց տան` ինչպիսի պետություն եւ ինչ ապագա են ցանկանում իրենց զավակների համար:

Նույնիսկ Ռուսաստանի դաշնակիցներն են այսօր ժամանակ առ ժամանակ ստիպված լինում շեշտել, որ իրենց երկրի պետական շահը ավելի կարեւոր է, քան Ռուսաստանին անվերջ հավատարմություն ապացուցելը, որն առանձնապես չի էլ գնահատվում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, օրինակ, մի քանի շաբաթ առաջ կրկին անկեղծացավ` նշելով, թե Ռուսաստանի «իրական դեմքն ագահ է ու բոլորովին էլ ոչ դաշնակցի»:

Լուկաշենկոն օրերս, ի դեպ, «մարդասիրական մղումներից դրդված», ներում շնորհեց եւ բանտից ազատ արձակեց ընդդիմադիր 6 գործիչների, այդ թվում՝ 2010-ի նախագահական ընտրություններում իր հակառակորդին` Նիկոլայ Ստատկեւիչին: Այս քայլից հետո Արեւմուտքը արդեն իսկ խոսում է Բելառուսի հետ հարաբերությունների բարելավման մասին։ Արեւմուտքի հետ հարաբերությունները խզվել էին 2011-ին, երբ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո իշխանությունները ճնշեցին ընդդիմադիր գործիչներին, ինչին Արեւմուտքն արձագանքեց պատժամիջոցներով. բելառուս ղեկավարների մուտքն Արեւմուտք արգելվեց, բելառուսական ընկերություններ հայտնվեցին «սեւ ցուցակում», արգելվեց այդ ընկերություններին առեւտրային հարաբերությունների մեջ մտնել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ։

Թե Ռուսաստանի, թե նրա դաշնակից նախկին խորհրդային միության երկրների ղեկավարների մոտ կարծես մի փուլ է, երբ բոլորը փորձում են հասկանալ իրենց անելիքը: Ապագան Ռուսաստանի հետ` ոչ միայն աննախատեսելի ու անորոշ է, այլեւ վտանգավոր, սա գիտակցել են բոլորը: Մոսկվային չի հաջողվում նոր դաշնակիցներ գտնել, այդ իսկ պատճառով, այսօր ականատես ենք դառնում կարծես ավելի նյարդային ու հանդուգն Ռուսաստանի պահվածքին:

«Եվրասիական տնտեսական միությունը Նոյյան տապանն է, ով նստի տապան՝ կգոյատեւի, ով ոչ՝ երկրի երեսից կջնջվի»,- «1in.am»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Միջազգային Եվրասիական» շարժման առաջնորդ, կայսրեապաշտական գնահատականներով հանրահայտ Ալեքսանդր Դուգինը: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը կարողանա այս վիճակից դուրս գալ, Հայաստանն էլ դուրս կգա, սակայն, դա հեշտ չի լինի. «Իսկ եթե Ռուսաստանի համար այսպիսի դժվար իրավիճակում Հայաստանը փորձի Արեւմուտքից աջակցություն ստանալ, ուրեմն կպայթի, եւ Հայաստանից ոչինչ չի մնա: Արեւմուտքին Հայաստանը պետք չէ: Միակ բանը, որին կարող է հասնել, Ղարաբաղյան հակամարտությունը վերսկսելն է, որ իր աշխարհաքաղաքական հակառակորդին՝ Ռուսաստանին, հարված հասցնի: Հայաստանը հիմա պետք է ամուր բռնվի Ռուսաստանից, հանգիստ հետեւի ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակին»:

Հայաստանի որեւէ իշխանություն Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները երբեք կասկածի տակ չի դրել, բայց, դա, ինչպես նկատում ենք, բավարար չի, որպեսզի Հայաստանն անվերջ Ռուսաստանից շանտաժի ու ճնշումների չենթարկվի տարբեր` ռուս եւ հայ գործիչների կողմից: Նման գնահատականները մինչդեռ` մի օր Ժիրինովսկու ու Կուրղինյանի, մեկ ուրիշ օր` Լեոնտեւի եւ Նիկողոսյանի կողմից ավելի են վնասում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ավելի են կասկածի տակ դնում այդ հարաբերությունների ամրությունը, միմյանց նկատմամբ վստահությունն ու անկեղծությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31