ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայում գտնվող Դարեմ քաղաքի Դյուք համալսարանի մի խումբ ուսանողներ, իրենց կրոնական համոզմունքներից ելնելով, հրաժարվել են կարդալ ուսումնական ծրագրով նախատեսված Fun Home («Ուրախ տուն») վիպակը: BBC-ի փոխանցմամբ՝ կոմիքսի հեղինակը լեսբուհի նկարչուհի Էլիսոն Բեկդելն է: Գրաֆիկական հուշերում Էլիսոնը բաց տեսարաններով պատմում է ընդգծված միասեռական իր հոր եւ իր փոխհարաբերությունների մասին:
Բրայան Գրասո անունով ուսանողներից մեկը հայտարարել է, որ այդ նյութին ծանոթանա, ապա ստիպված կլինի կոմպրոմիսի գնալ իր քրիստոնեական հայացքների հետ, ինչը բնավ ցանկալի չէ: Այլ ուսանողներ այս ստեղծագործությունը, որի հիման վրա ԱՄՆ-ում նույնիսկ մյուզիքլ է բեմադրվել, անվանել են պոռնոգրաֆիական:
Համալսարանի ռեկտորի՝ հանրային կապերի գծով տեղակալ Մայքլ Շոնֆիլդը մեկնաբանելով կրթական սկանդալը՝ ԶԼՄ-ներին ասել է, որ Էլիսոն Բեկդելի ինքնակենսագրական ստեղծագործությունը կրթական ծրագիր է ներառվել հենց դասախոսների եւ ուսանողների ցանկությամբ: Նրա ձեւակերպմամբ, Fun Home-ը բացառիկ ստեղծագործություն է, այն չունի հստակ ժանրային պատկանելություն ու անչափ հետաքրքիր է: Ինչ վերաբերում է այլ գործերին, ռեկտորի տեղակալի ձեւակերպմամբ, միշտ էլ կգտնվեն ստեղծագործություններ, որոնք ոչ բոլորի «քիմքին» հաճո կլինեն:
Հավելենք, որ Էլիսոն Բեկդելի առաջին կոմիքսը՝ Dykes to Watch Out For–ը, տպագրվել է 1983թ. Womannews ֆեմինիստական թերթում:
1988 թ.-ից նա սկսել է նկարել The Advocate ամսագրի համար: Երկու տարի անց արդեն մասնագիտորեն է զբաղվել կոմիքսներով: Էլիսոնը 19 տարի է՝ ամուսնացած է կնոջ հետ՝ Սան Ֆրանցիսկոյում նույնիսկ ճոխ հարսանիք են արել:
2012 թվականին նա արժանացել է հեղինակավոր մրցանակի՝ The Bill Whitehead Award-ի հրատարակիչների Publishing Triangle ասոցիացիայի կողմից:
«Առավոտ» օրաթերթ
27.08..2015