Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբինյանն անընդունելի է համարում, որ ՀՀՇ-ից սեղմել են նախագահի ձեռքը՝ ոչ թե կոտրելու համար, այլ ուրիշ նպատակով

Օգոստոս 27,2015 23:30

Ըստ Կարապետ Ռուբինյանի, իշխանությունը զավթած մարդու ձեռքը կարելի է սեղմել մենակ մի նպատակով՝ կոտրելու համար

Այսօր ՀՀՇ կուսակցության անդամների եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից անմիջապես հետո մի քանի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ալեքսանդր Արզումանյանը հարցին՝ անցած անգամ, երբ դուք հանդիպեցիք Սերժ Սարգսյանի հետ, կուսակցությունում, օրինակ, Կարապետ Ռուբինյանը շատ սուր արձագանքեց դրան, այս անգամ քննարկե՞լ եք իր հետ, քննարկումներ եղե՞լ են վարչությունում, պատասխանեց. «Ինքը տեղյակ է, որ մենք գալու ենք: Մենք ասել ենք՝ մենք լիբերալ կուսակցություն ենք, որտեղ հավաքված են ազատամիտ մարդիկ, եւ մենք ցանկացած մարդու կարծիքը կարեւորում ենք եւ հարգում ենք: Կարապետ Ռուբինյանի կարծիքը ես շարունակում եմ հարգել: Ինքը իրավունք ունի իմ կարծիքից տարբերվող կարծիք ունենալ: Ցավոք սրտի, այդ կարծիքը գերակա չեղավ վարչության եւ խորհրդի նիստերի ընթացքում»:

HHSH

Սակայն ինքը՝ Կարապետ Ռուբինյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ ինքը տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին. «Վարչության նիստին ինձ չեն հրավիրել, չգիտեմ՝ կայացել է, չի կայացել: Փաստորեն՝ ինքնագլուխ որոշում են կայացրել»: Ավելին, պարոն Ռուբինյանը չի բացառել, որ ՀՀՇ-ից հնարավոր է դուրս գա:

Քանի որ հակասություն կար, Aravot.am-ը պարոն Ռուբինյանից ճշտեց՝ այնուամենայնիվ, Դուք իմացե՞լ եք, որ Ձեր կուսակիցները գնալու են Բաղրամյան 26, թե՞ դա Ձեզ համար իսկապես անակնկալ է եղել: Նա պատասխանեց. «Դա ինձ համար իսկապես անակնկալ է եղել: Ինձ ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել: Ես քիչ առաջ խոսեցի պարոն Արզումանյանի հետ, ինքը ինձ զանգահարեց եւ ասաց, որ ինչ-որ այնտեղ քամի է եղել, ինչ-որ լավ չի լսվել, որ խոսքը վերաբերվել է նախորդ հանդիպմանը: Բնականաբար, ամբողջ հասարակությունն է տեղյակ նախորդ հանդիպումից: Չգիտեմ ինչ են ուզում ասեն դրանով, բայց կրկնում եմ՝ տեղեկացված չեմ եղել, ոչ մի քննարկում այդ թեմայով չի եղել: Ես չգիտեմ, թե ինչ մեծամասնության մասին են խոսում, ինչ փոքրամասնության մասին են խոսում»:

Պարոն Արզումանյանը նաեւ խոսելով Սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրմանը նպաստելու մասին, այսպիսի համեմատություն էր արել. «Ասել, որ այս գործողությամբ լեգիտիմացվում է իշխանությունը, նույնն է, որ ասես՝ շաքար չի կարելի ուտել, որովհետեւ լեգիտիմացնում ենք Ալեքսանյանի ներմուծման մենաշնորհի իրավունքը»:

Պարոն Ռուբինյանի դիտարկմամբ՝ «Չգիտեմ, կարող է ես բավարար ճկունություն չունեմ, բայց ես կարծում եմ, որ պետությունն ու իշխանությունը զավթած մարդու, կարծում եմ բոլորը գիտեն, որ զավթել է եւ դա պետական ծանր հանցագործություն է, այդպիսի մարդու ձեռքը կարելի է սեղմել մենակ մի նպատակով՝ կոտրելու համար: Հիմա արդեն երկրորդ անգամ է, գնում են ու այլ նպատակներով են սեղմում այդ ձեռքը: Դա ինձ համար անընդունելի է, այդքան բան»:

Պարոն Ռուբինյանն ասաց, որ ՀՀՇ-ից դուրս գալու հետ կապված իր հայտարարությանը կանդրադառնա վաղը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Մարտի մեկը դրանց քիչ էր…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31