Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նիստում քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել Սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
Պարոն Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանը նիստին ներկայացրել է քաղաքական ուժերի հետ իր հանդիպումների արդյունքները: ՀՀԿ մամլո խոսնակը նշեց, որ հիմնականում կա փոխըմբռնում ներկայացված փաթեթի վերաբերյալ եւ ասաց, որ հանդիպումների ընթացքում քաղաքական ուժերի կողմից տարբեր առաջարկություններ են հնչում, որը որ բնական է:
Ըստ պարոն Շարմազանովի` Մայր օրենքի փոփոխությունը պետք է քննարկումների փուլ անցնի: «Այսօր նաեւ հանդիպում է եղել ՀՀԿ խմբակցությունում, մի բան փաստ է, որ միջանկյալ այս փուլում հիմնականում, նոր փաթեթը համապատասխանում է ժողովրդավարական չափանիշներին, եւ բխում է ապագայի տեսլականից»,-նշեց ՀՀԿ մամլո խոսնակը:
Նա նշեց նաեւ, որ քննարկումներին մասնակցում են տարբեր քաղաքական ուժեր, որը խոսում է այն մասին, որ, ըստ էության, նրանք նախկինում ծանոթ չեն բովանդակությանը, կամ չեն ընթերցել: «Հայաստանյան քաղաքական դաշտի եւ քաղաքական աշնան թիվ մեկ օրակարգը Սահմանադրական բարեփոխումների ամբողջական քննարկումն է լինելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Կարդացեք նաև
Նա ասաց, թե այս գնահատականը տվել են նաեւ Վենետիկի հանձնաժողովի անդամները:
Պարոն Շարմազանովը ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»՝ Սերժ Սարգսյանի հրավերը չընդունելու վերաբերյալ ասաց, որ յուրաքանչուր քաղաքական ուժ ինքն է որոշում մասնակցել քննարկումներին, թե ոչ: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ըստ Շարմազանովի այդ քաղաքական ուժը իրեն լուսանցք է քցել, որովհետեւ, ըստ էության չի մասնակցում քաղաքական բանավեճերին եւ ընտրություններին:
Հարցին, թե ինչով է պայմանավորված իշխանությունների շտապողականությունը, որը եւս քննադատվում է ընդդիմադիրների կողմից, նշեց, թե իրենք բնական են համարում, որ լինում են բացասական կարծիքներ. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ քաղաքական բազմակարծությունը կարեւոր է, մենք երբեք չենք հավակնել, որպեսի մեր բոլոր նախաձեռնությունները ստանան բոլորի կտրուկ վերաբերմունքին, կան եւ դրական, եւ բացասական գնահատականներ: Ես պարզապես անընդունելի եմ համարում դեբատներին չմասնակցելը»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ