Այսօր ուշ երեկոյան կայացած նիստում Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչությունը միաձայն որոշել է ընդունել սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելու Սերժ Սարգսյանի հրավերը: Կուսակցության վարչության նիստից բացակայել է մեկ անդամ` հիվանդության պատճառով, ով խնդրել է կուսակիցներին, քվեարկության ժամանակ նկատի ունենալ, որ ինքը կողմ է նախագահի հետ հանդիպման առաջարկն ընդունելուն:
«Եթե հրավերը կրկնվի, հանդիպումը տեղի կունենա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ ինքը որեւէ կերպ չի փորձել վարչության որոշման վրա: Նկատի ունենալով այն, որ մեզ հետ մասնավոր զրույցներից մեկում տիկին Սարգսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի կողմից հրավերի պարագայում ինքը հակված է այն մերժել, ավելին, պատրաստվում է կուսակցության վարչությանն էլ բերել իր դիրքորոշման, քանի որ վարչությունում մոտեցումները տարբեր են, հետաքրքրվեցինք` ի՞նչն է այժմ փոխվել, որ ինքը չի փորձել ազդել վարչության որոշման վրա:
Տիկին Սարգսյանը մանրամասնեց, որ ՎՍԴՀԿ վարչության անդամները նիստում նախ իրենց վրդովմունքն են արտահայտել ՀԱԿ-ական մամուլի այսօրվա հրապարակման առիթով, ինչը նաեւ նման որոշում կայացնելու հարցում որոշակի ազդեցություն է ունեցել:
«Չորրորդ իշխանություն» թերթն այսօր Լյուդմիլա Սարգսյանին մեղադրել էր ՀԱԿ-ի միջոցով պատգամավորական մանդատ ձեռք բերելու, ապա ՀԱԿ-ին դավաճանելու մեջ. «Մեր տեղեկությունների համաձայն՝ հանրապետականների խոստումների դիմաց Լյուդմիլա Սարգսյանը համաձայնել է «Այո» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին, ինչին էլ առաջիկայում հասարակությունն ականատես կլինի»։
Կարդացեք նաև
Ավելի վաղ, տիկին Սարգսյանն ասել էր.«Եթե էսպես, թե էնպես Սահմանադրությունը դրվելու է հանրաքվեի, շատ ավելի ճիշտ է այդ Սահմանադրությունը բարեփոխել եւ ավելի լավ հիմքերի վրա դնել, նոր մտցնել հանրաքվեի, քան թողնել իշխանության որոշումներին եւ ունենալ մի Սահմանադրություն, որը չի գոհացնում ոչ մեկին»։
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սարգսյանը հավելեց. «Պետք չի թույլ տալ, որ այս կարգի նախագիծը բերվի հանրաքվեի: Բացի այն հիմնական թերություններից, որոնք բոլորին են հուզում, ունենք նաեւ մեր վերապահումները, մտահոգություններն ու առաջարկները, որոնք կներկայացնենք: Ի՞նչ կլինի հետո` կտեսնենք: Բայց, ամեն դեպքում, մեր ընդդիմադիր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվում, քանի որ նոր սահմանադրության ընդունմամբ կամ մերժմամբ, մեր երկրի խնդիրները չեն լուծվում: Եվ քանի դեռ մեր ժողովուրդն ապրում է ընչազուրկ ու իրավազուրկ վիճակում, արտագաղթում է, մենք պայքարելու ենք նրանց իրավունքների համար: Մենք շարունակելու ենք ընդդիմություն մնալ եւ ճնշել իշխանությանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ