«Կուսակցությունն արդեն իր տեսակետները նախագծի վերաբերյալ ներկայացրել է հայտարարության տեսքով: Մեզ համար անընդունելի դրույթները նշել ենք հայտարարության մեջ: Այդ առաջարկությունները բարձրացրեցինք նաեւ այնտեղ: Իրենց կողմից կար պատրաստակամություն եւ նշվեց, որ սա, իհարկե, այն փաստաթուղթն է, որը պետք է քննարկվի, փոփոխությունների ենթարկվի: Այնպես որ, նորմալ քննարկում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ եւ մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ նախագահ Սարգսյանը կոնսուլտացիաներ է սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների հետ, որի շրջանակներում այսօր հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների հետ:
Մեր հարցին՝ ինչ-որ խոստումներ տվեցի՞ն, որ Ձեր առաջարկները հաշվի կառնվեն՝ Անժելա Խաչատրյանը պատասխանեց. «Իրենք, իհարկե, ընդունեցին մեր առաջարկները, եւ դրանք հետագայում քննարկվելու են: Դեռ ԱԺ-ում էլ լինելու են քննարկումներ, եւ մեր պատգամավորի՝ Խաչատուր Քոքոբելյանի միջոցով մենք մեր առաջարկներն այնտեղ ներկայացնելու ենք»:
Հանդիպումը տեւել է մոտ 1.5 ժամ, կոնկրետ ո՞ր դրույթների շուրջ ավելի շատ կանգ առաք, կա՞ր անհամաձայնություն՝ Անժելա Խաչատրյանը պատասխանեց, որ հանդիպման մանրամասները չի ուզում վերծանել. «Նորմալ, կառուցողական քննարկում է եղել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ հանդիպման արդյունքներից գո՞հ եք՝ նա պատասխանեց. «Արդյունքներից գոհ կարելի է լինել այն ժամանակ, երբ քո ներկայացրած առաջարկությունները, այն դիտարկումները, որոնք մեր պատկերացմամբ ավելի լավն են դարձնելու այս փաստաթուղթը, երբ դրանք ներառված կլինեն, այդ ժամանակ կարող ենք խոսել արդյունքների մասին: Իսկ այս պահին որեւէ արդյունքի մասին խոսել վաղ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ