Ֆինանսների նախարարն առաջարկում է հարկային խախտումների համար հավաքած տուգանքների գումարի մի մասն ուղղել պետական բյուջե
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքում, եւ ըստ այդ փոփոխության Խաչատրյանը հրաժարվում է հարկայինին հասանելիք որոշակի գումարից:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, օրենքի փոփոխությամբ առաջակվում է պետական կառավարչական հիմնարկներից, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ներից եւ հարյուր տոկոս՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ներից գանձվող լրացուցիչ գումարները չուղղել հարկային, այլ՝ անմիջապես պետական բյուջե:
Բանն այն է, որ ներկայումս հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները եւ եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից նախատեսված տուգանքներից 10%-ը մասհանվում է հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին: Հիմա Գագիկ Խաչատրյանն, ըստ իր կողմից առաջարկվող նախագծի, հրաժարվում է վերընշված տուգանքներից հարկայինին հասանելիք 10%-ից:
Կարդացեք նաև
Գագիկ Խաչատրյանի նախագծում առկա առաջարկվող լուծումներն են. «Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է պետական կառավարչական հիմնարկներից, պետական ոչ առեւտրային կազմակերպություններից, համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից եւ հարյուր տոկոս՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից գանձվող լրացուցիչ գումարներից հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել եւ ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե: Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կձեւավորվեն լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն անհարժեշտ այլ ծրագրերի իրականացմանը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ