Հուլիսի 27-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին:
Նորիկ Սարգսյանը նախ խոսեց ամառային ամիսներին երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու ուղղությամբ տարված աշխատանքների մասին՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:
2015 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում միջին տվյալով յուրաքանչյուր ամիս գրանցվել է երեխաների մասնակցությամբ 26 պատահար, իսկ ամառային ամիսներին պատահարների թիվը հասել է 41-ի, ինչը Նորիկ Սարգսյանը կապեց ամառային ամիսներին երեխաների ավելի ազատ ռեժիմում գտնվելու և ծնողների ու մանկավարժների հսկողությունից որոշակիորեն դուրս մնալու հետ: Պատկերը սեպտեմբերի 1-ից այլ է լինելու:
Նախապատրաստական աշխատանքների շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել դպրոցների տնօրենների և մանկավարժական կոլեկտիվների հետ՝ առկա խնդիրները քննարկելու նպատակով: Ուսումնասիրվել է ճանապարհափողոցային ցանցի երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների հագեցվածությունը, թարմացվել են գծանշումներն ու ճանապարհային նշանները, ինչպես և գծանշվել են նոր հետիոտնային անցատեղեր՝ հատկապես դպրոցների մոտակայքում:
Կարդացեք նաև
Հենրիկ Նավասարդյանն էլ իր հերթին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի ձեռնարկած աշխատանքները:
Ասուլիսի ավարտին հյուրերը պատասխանեցին լրագրողների հարցերին:
ՀՀ ոստիկանություն