Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Սա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների հիշատակին:
«Ստեղծագործության ընտրությունը թող ոչ մեկին չզարմացնի և չմտահոգի,- ասում է համերգի գեղարվեստական ղեկավար, հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան.- սա Վերդիի երաժշտության սգո քայլարշավը չէ հայկական հողում. սա մարդկային ոգու բարձունք է: Մեծ Հայաստանի անպարտելի ոգին, մշակույթի անպարտելի ոգին, ազգի հարությունն ու զարգացումը. այս ամենն է «Ռեքվիեմը»:
Իսկ անվանի դիրիժոր Անատոլի Լևինը հավելում է. «Ռեքվիեմի» տեքստում կարևորագույն խոսքերը հետևյալն են. «Տե´ր Աստված, տուր նրանց հավիտենական հանգիստ, բայց ամենակարևորը՝ տուր նրանց հավիտենական լույս»… Հենց այդ հավիտենական լույսի մասին մենք կփորձենք երգել»…
Լյուբով Կազարնովսկայան յուրաքանչյուր վերադարձը Հայաստան համարում է վերադարձ տուն. «Ես այստեղ մեծացել եմ: Իմ հայրն այստեղ ծառայել է: Ես գնացել եմ Չեխովի անվան դպրոցը, ապրել եմ Աբովյան 32 հասցեում… Դա է պատճառը, որ հայկական մշակույթը, որը գովերգել է մեծն Կոմիտասը, ես գիտեմ և մեծացել եմ այդ հնչյունների ներքո»։
Կարդացեք նաև
Ի դեպ, հյուրերը չեն վախենում իրենց՝ Արցախ այցելությամբ առաջ բերել հարևան պետության դժգոհությունն ու հայտնվել նրա «սև ցուցակում»:
Հավելենք, որ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային կմասնակցեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արցախի պետական «Վարարակն» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Նինա Գրիգորյան) և Արցախի պետական «Մռակած» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Մեսրոպյան) կամերային երգչախմբերը:
Միջոցառմանը հանդես կգան Յանա Սաֆոնովան (սոպրանո / Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավը (մեցցո սոպրանո / Սերբիա), Ալեքսանդր Չերնովը (տենոր / Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերին (բաս / Իտալիա):
Նախագծի հեղինակն է Սարինե Ավթանդիլյանը:
Որպես դիրիժոր՝ արցախյան պրեմիերայի ժամանակ հանդես կգա Անատոլի Լևինը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ