Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող երեխաները չեն խոչընդոտում հաշմանդամություն չունեցողների ուսման բնականոն ընթացքը»

Օգոստոս 27,2015 18:45

ՀՀ-ում 8000-ից ավելի հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, որոնք պարբերաբար բախվում են տարբեր խնդիրների՝ կապված շփման, տեղաշարժման, կրթության և այլնի հետ, բայց ամենամեծ խնդիրը, ըստ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանի, հասարակության վերաբերմունքն է: Թեև այն տարիների ընթացքում էապես փոխվել է, բայց, այնուամենայնիվ, հաճախ է իրեն զգացնել տալիս:

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուրախությամբ փաստեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների լուծման համար կոնկրետ կրթության ոլորտում էական քայլ է արվել՝ կարևորելով բոլոր երեխաների սովորելու իրավունքը. «Ներառական կրթությունը ճանաչեց երեխային որպես լիիրավ սովորող և կրթական գործընթացն ավելի մատչելի դարձրեց: Ներառական կրթությունն իսկապես բեկում բերեց հասարակության վերաբերմունքի մեջ: Հասարակությունն իր մեջ տեսավ խնդիրն ու լուծումները, նա տեսավ, որ վերաբերմունքի, միջավայրի փոփոխությունը կարող է փոխել իրավիճակը»,- ասաց բանախոսը:

Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ՝ մինչև 2025 թվականը անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության:

Այս հանգամանքը, սակայն, տարբեր արձագանքներ է ստանում հասարակության մեջ: Ոմանք ողջունում են այն, ոմանք էլ մտահոգվում, թե հաշմանդամություն ունեցող երեխաները խոչընդոտում են հաշմանդամություն չունեցողների ուսման բնականոն ընթացքը:

Վերջիններիս մտահոգությունը Ս. Թադևոսյանը դեռևս առկա կարծրատիպերի և սխալ պատկերացումների հետևանք է համարում. «Իսկ դուք գնացեք դպրոցներ, խոսեք երեխանների, ուսուցիչների հետ: Նրանք կփաստեն, թե դրական առումով ինչքան է փոխվել մթնոլորտը, ինչքան է բարիացել: Երեխաներն այդպես սովորում են միմյանց օգնել, սատարել, և այդ ամենի արդյունքում զարգանում են բոլորը»,- ասաց Ս. Թադևոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31