Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի սահմանամերձ գյուղերը  մնացել են առանց աշակերտների (Տեսանյութ)

Օգոստոս 27,2015 18:02

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի 5 գյուղերի՝ Զարիշատի, Անի կայարանի, Ջաջուռ կայարանի, Շաղիկի ու Աղվորիկի դպրոցները չունեն առաջին դասարանցիներ: Սահմանամերձ Զարիշատ գյուղում սովորող աշակերտների թիվը 7 է, մինչդեռ դպրոցը երկրաշարժից հետո կառուցվել է 40 աշակերտի համար:

Գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Ալվարդ Շաղոյանը աշակերտների սակավաթիվ լինելը պատճառաբանում է գյուղի աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով: Անցած տարի առաջին դասարան հաճախել էր ընդամենը մեկ աշակերտ, այս տարի կարոտ են մնացել անգամ մեկին:

Ըստ դպրոցի տնօրենի հաշվարկների, հաջորդ տարի եւս աշակերտ չեն ունենալու, ծնելիություն համարյա չկա, մահացող տեղանք է, դպրոցը մի կերպ պահում են: Տիկնոջ ասելով. Զարիշատի բնակչության պաշտոնական թիվը 80-90 է, սակայն նրանցից շատերը գրանցված են, բայց գյուղում չեն բնակվում: Գյուղ անգամ տրանսպորտ չի մտնում:

Ըստ դպրոցի տնօրենի, գյուղում բնակվում են ծերերը, երիտասարդ ընտանիքները չեն մնում, ամառային արձակուրդներին գալիս-գնում են: Մեր հարցին, թե կառավարությունը անելիք չունի՞ սահմանամերձ գյուղի   վերակենդանացման հարցում, տնօրենը գտնում է, որ ոչ, իրենք էլ չեն կարող հարկադրել, ստիպել, համոզել համագյուղացիներին, որ չգնան քաղաքում բնակվելու:

Սահմանամերձ Շաղիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Կարախանյանի տեղեկացմամբ էլ, աշակերտների թիվը 6 է, թեեւ այս տարի առաջին դասարանցիներ չունեն, սակայն հաշվարկել են, որ մյուս տարի կունենան 4 աշակերտ: Իսկ այդ թիվը, ըստ տնօրենի, բավական բարձր է: Դպրոցի շենքը վերանորոգված է, անգամ ճաշարանային պայմաններ ունի, սակայն դպրոցն ընդամենը երկու դասարան ունի՝ երկու ուսուցիչներով:

Սահմանամերձ մյուս գյուղի՝ Անի կայարանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Պապիկյանի տեղեկացմամբ էլ՝ աշակերտների թիվը 27-ն է, թեեւ դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար: Առաջին դասարան դարձյալ չունեն: Նույնիսկ անցած տարի 3-րդ դասարանի 3 աշակերտների ծնողներն էլ որոշել էին նրանց հանել դպրոցից ու տեղափոխվել այլ վայր, սակայն, բարեբախտաբար, չի ստացվել: Ըստ տնօրենի, բնակիչները ընտանիքներով լքում են գյուղը, այստեղ զբաղմունք չկա, իսկ մարդիկ գնում  են այնտեղ, որտեղ աշխատանք են գտնում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31