Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող երեխային թիվ 125 դպրոց չընդունելու պատճառը հատուկ մասնագիտական խումբն է»

Օգոստոս 27,2015 17:47

«Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի տնօրենը ոչ թե հրաժարվել է դպրոց ընդունել հաշմանդամություն ունեցող երեխային, այլ ընդամենը մտավախություն է ունեցել, որ դպրոցը չի կարողանա երեխայի կրթությունը կազմակերպել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Նա նշեց, որ հասցրել է խոսել և´ երեխայի ծնողի, և´ դպրոցի տնօրենի, և´ դպրոցի վերապատրաստումներն անցկացրած կառույցների հետ:

Ս. Թադևոսյանը խնդիրը տեսնում է դպրոցի հատուկ մասնագիտական խմբի մեջ, որը, նրա ձևակերպմամբ, նախնական դիտարկում է արել երեխային և իր եզրակացությամբ մտահոգել է տնօրենին. «Երբ ես խոսեցի նաև վերապատրաստողների հետ, ինձ համար խնդիրն ավելի պարզ դարձավ. ասացին, որ բավականին թույլ հատուկ մասնագիտական խումբ ունի, մասնագետներն իրենք շատ գաղափարներ ընդունող չեն, չունեն այդ կարողությունները և, որ ամենակարևորն է, ակտիվ մասնակցություն չեն ունեցել վերապատրաստումներին, այդ ամենը նրանց համար ձևական բնույթ է կրել»,- ասաց նա:

Ս. Թադևոսյանը խոսել է նաև երեխայի ծնողի հետ. «Ծնողն ինձ հետ զրուցելիս դեռևս տատանողական վիճակում էր՝ տանի՞ երեխային դպրոց այս տարի, թե՞ ոչ: Դպրոցներ կան, որտեղ կարող է տանել երեխային (այդ թվում նաև 125 դպրոցը, որը պատրաստ է ընդունել), երեխայի բնակության վայրին ամենամոտ դպրոցը ևս պատրաստ է ընդունել նրան, ուղղակի մայրը դեռևս որոշակի խորհրդատվության կարիք ունի»,- ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահը:

Հարցին՝ արդյոք սա միա՞կ դեպքն է, թե՞ այդպիսիք հաճախակի են լինում, պարզապես չեն բարձրաձայնվում, Սուսաննա Թադևոսյանը պատասխանեց, որ հարցը երկու տեսանկյունից պետք է դիտարկել. «Հնարավոր է, որ դպրոցը երեխային ընդունելիս մտավախություն ունենա՝ արդյոք ավելի ծանր խնդիրներ ունեցող երեխայի կրթությունն ինքը կարո՞ղ է կազմակերպել իր դպրոցում, թե՞ ավելի լավ է՝ երեխան գնա այն դպրոցը, որտեղ այդ հմտությունն ավելի շատ ունեն: Սա մի բան է, մեկ այլ բան է, որ դպրոցը գրկաբաց ընդունում է երեխային, բայց իրականում վերջինս այդ դպրոցում իրեն համապատասխան կրթություն չի ստանում և կրթական գործընթացին լիարժեք մասնակցություն չի ունենում: Երկու դեպքերն էլ կան»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31