Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Նաեւ երկրորդ փուլի դրույթի վրա է հիմնված Սերժ Սարգսյանի վերարտադրման պլանը»

Օգոստոս 27,2015 17:50

ՀԱԿ անդամ Արշակ Մուսախանյանը, ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի անդամ Այվարս Էնձինսի այն կարծիքի, թե «քաղաքական այն ուժերը, կուսակցությունները, որոնք արհամարհում են սահմանադրական բարեփոխումները, դրանց հետ կապված գործընթացները, նրանք իսկական քաղաքական գործիչներ չեն», Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե հանձնաժողովի անդամը նման բան է ասել, հետևաբար համապատասխանաբար կասեմ, որ այն եվրոպացիները, իրավաբանները կամ քաղաքական գործիչները, որոնք կողմ են սահմանադրական փոփոխություններին, նրանք ոչ իրական իրավագետներ են, ոչ իրավաբաններ, ոչ էլ քաղաքական գործիչներ: Իսկապես աբսուրդային բան է ասել»:

Հարցին՝ ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովի անդամների այցն ու քննարկումները կարևորու՞մ է, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Քննարկում ծավալում ենք այն թևի շուրջ, որով ապացուցում ենք, որ Սերժ Սարգսյանը փորձում է վերարտադրել իր իշխանությունը և ՀՀԿ մենաշնորհը: Նման թեզի ապացուցման շուրջ քննարկում անում ենք: Մենք կարծում ենք, որ այն դրույթներն ու հոդվածները, որոնք ներառված են սահմանադրական փոփոխությունների նախագծում, ինչպես օրինակ` ԱԺ ընտրությունների երկրորդ փուլը, ԱԺ նախագահի լիազորությունների ավելացումը, կայուն ֆրակցիոնիզմը, ապացուցում են, որ ՀՀԿ-ն լինելու է քաղաքական մենաշնորհ: Մենք այդ դրույթներով մտնում ենք քննարկման մեջ ու ապացուցում այդ թեզը: Բայց մյուս դրույթներով չենք մտնում»:

Հարցին` ի վերջո իշխող կուսակցությա՞նը կհաջողվի համոզել Վենետիկի հանձնաժողովի անդամներին, թե՞ հակառակը, Արշակ Մուսախանյանը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և կոնկրետ զննում է միայն սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ միայն իրավական հարցերը: Այն, ընդհանուր առմամբ, հռչակում է սկզբունքները և փաստում իշխանության կողմից այն խախտումները, որոնք բերելու են ընդհանուր հռչակված նորմերի խախտման: Այդ համատեքստում, երբ ՀՀԿ-ին պետք է, հղում է կատարում Վենետիկի հանձնաժողովին, բայց որ կոչ է արել հանել ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի դրույթը, այդ ժամանակ հղում չեն անում, քանի որ ձեռք չի տալիս: Մինչդեռ, եթե ընդունում ես Վենետիկի հանձնաժողովին որպես խորհրդատու, պետք է միշտ ընդունես իր կոչերն ու խորհուրդները: Հիմա կոնկրետ հարց է դրված` հանել երկրորդ փուլի հետ կապված դրույթը: Դա այն առանցքային դրույթներից է, որի վրա ամբողջովին հիմնված է ՀՀԿ-ի վստահության կամ Սերժ Սարգսյանի վերարտադրման, քաղաքական մենաշնորհի պլանը: Երբ հանում ես երկրորդ փուլի տարբերակը, դու ունենում ես խնդիրներ»:

Մեր այն դիտարկմանը` իշխանությունները «ոչ»-ի շարժման հետ կապված թերահավատ են, կարծում են, https://www.aravot.am/2015/08/26/602828/ թե «ոչ»-ի շարժումն այնպիսի ուժ չէ, որի հետ հաշվի կնստեն», Արշակ Մուսախանյանը պատասխանեց. «Կա իշխանական բուրգ և կուսակցություններ ու քաղաքական գործիչներ, որոնց ծառայում են շատերը` լինելով ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր: Իրենք բուրգի գագաթում են և վստահ են, որ նույնիսկ ընդդիմության մեջ ունեն իրենց ծառայողները: Բայց կա իսկապես ընդդիմադիր մի հատված, որ իշխանությունների համար չի աշխատում և փորձում է մոբիլիզացվել: Թող թերագնահատեն ընդդիմությանը կամ հասարակության ընդդիմադիր հատվածին, բայց ամեն դեպքում համոզված եմ, որ սահմանադրական փոփոխությունների դեմ լուրջ դիմադրություն լինելու է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արշակ Մուսախանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31