Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առանց ընթերակայի ձերբակալում են, հետո ժամեր անց ընթերակա բերում՝ արձանագրում են»

Օգոստոս 27,2015 17:21

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 27-ին դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում էր Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին մի քանի վկաներ: Վկա Սերժիկ Կիրակոսյանը, պատասխանելով Արմեն Բեկթաշյանի հարցին, թե նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է, պատասխանեց, թե չի հիշում, եւ ընդհանրապես հիշողության հետ խնդիրներ ունի՝ շուտ է մոռանում:

Հրապարակվեց նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքը, ըստ որի՝ նա քննչական գործողություններից մեկին մասնակցել է որպես ընթերակա, մասնակցել է մի անձի խուզարկության, ում անունը Իսրայել է եղել (գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը): Նա նշել է, որ հայտնաբերվել է դրամապանակ, հեռախոս, իսկ գոտկատեղին դրված է եղել ատրճանակ: Ինքը չի տեսել, որ ինչ-որ մեկը Իսրայելի վրա ատրճանակ դնի, եւ երբ որ հայտնաբերվել է՝ Իսրայելը սովորական է ընդունել այդ փաստը:

Սերժիկ Կիրակոսյանը, տեսնելով նախաքննական ցուցմունքը, հայտարարեց, որ իր ձեռագիրն է:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշպան Հեկտոր Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը ոստիկանության ավանդական սխալ աշխատանքի արդյունք է. «Իսրայել Սարգսյանը ձերբակալվել է Մաշտոցի պողոտայում՝ առանց ընթերակաների մասնակցության: Հետագայում որոշ՝ բավական երկար ժամանակ անց, բերել են ընթերականեր արդեն ոստիկանություն, եւ ներկայացրել են ատրճանակ, որ մարդը հաստատի: Իսկ Իսրայել Սարգսյանը մինչեւ այդ ցուցմունք է տվել, որ հարգելի քննիչ, երբ ինձ ձերբակալեցին, մեկը բերեց, ասաց՝ էս ատրճանակը, մտցրեց գոտկատեղս: Առանց ընթերակայի ձերբակալում են, հետո ժամեր անց ընթերակա բերում արձանագրում են: Երեւի մենք ինչ-որ փաստաթուղթ կկազմենք դատաքննության վերջում այս առիթով»:

Մյուս վկան՝ Վլադիմիր Ղազարյանը, նշեց, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը իր ընկերոջ տղան է, եւ իր որդու հարսանիքի քավորը: Անդրադառնալով ամբաստանյալի դեմ առաջադրված մեղադրանքին նա ասաց. «Անհավատալի բան է, ես ինքս, եւ իմ շրջապատը եւ իրեն ճանաչող մարդիկ, իհարկե՛, չենք հավատում եւ հավատալու էլ չի»:

Նա ճանաչել է նաեւ Մովսես Ներսիսյանին ճանաչել է Իսրայել Սարգսյանի միջոցով, նույն գյուղից են եղել, երկուսի հեռախոսահամարներն ունեցել է եւ կապ է պահպանել: Մովսես Ներսիսյանին դիմել է գործնական հարցով, սակայն գործը չի ստացվել:

Որպես վկա հարցաքննվեց նաեւ «Մագնում» հյուրանոցի մենեջեր Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ հյուրանոցի 4-րդ սենյակում քննչական գործողություններ են կատարվել: Նա հավելեց, որ իրենց հյուրանոցում աշխատակիցները չեն տեսնում հաճախորդներին, տեսախցիկներ էլ չկան, սակայն նա վստահ էր, որ դեպքի օրը 4-րդ համարում 2-3 հոգի են եղել: Վկան ընդգծեց, որ եթե աղմուկ լիներ, ապա իրենց հաճախորդները կբողոքեին. «Ադմինիստրացիան ընկնում է հյուրանոցի հետեւում, այսինքն՝ բացառվում է, որ կրակոց չլսվի: Եթե ճիչ, կռիվի ձայն, աղմուկ եղել է, շատ ցածր է եղել, բարձր չի եղել: Ջարդված իրեր չեն եղել»:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին եւս մի քանի վկան: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31