Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է «Ժառանգությունը» մերժել Սերժ Սարգսյանին. «էլ իմաստը ո՞րն էր այս հանդիպման»

Օգոստոս 27,2015 15:50

Արդեն ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որտեղ որոշում է կայացվել մերժել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ Սահմանադրական փոփոխությունների շուրջ Բաղրամյան 26-ում կոնսուլտացիաների մասնակցելու: Մեր տեղեկություններով, վարչության անդամները բավականին տարաձայնություններ են ունեցել այդ հարցի շուրջ եւ ի վերջո քվեարկությամբ որոշվել է այնուամենայնիվ չգնալ:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից ճշտեց՝ միաձա՞յն է վարչությունը այդ որոշումը կայացրել՝ պարոն Մարտիրոսյանը չցանկացավ այդ մասին խոսել եւ մանրամասնել՝ ասելով. «Ես որեւէ մեկնաբանություն չեմ անի քվեարկության հետ կապված, որովհետեւ կա արդեն վերջնական որոշում՝ քվեարկություն եւ դրա շրջանակում ենք գործելու»:

Նախորդ անգամ Բաղրամյան 26-ում Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հանդիպումից հետո բավականին բուռն արձագանք եղավ ինչպես հանրության, այնպես էլ «Ժառանգության» վարչության մյուս անդամների կողմից: Մեր հարցին՝ դա որեւէ ազդեցություն ունեցա՞վ այս անգամվա որոշման վրա՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բացարձակ, եթե ես համոզված լինեի, որ այս Սահմանադրությունը պետության համար իսկապես շատ դրական ազդեցություն կունենա եւ երկրի առջեւ ծառացած խնդիրները կլուծի, նույնիսկ ինքնաոչնչացման ճանապարհով ես պատրաստ կլինեի իմ սկզբունքների համաձայն մասնակցություն ունենալ եւ դրա վերաբերյալ իմ դրական խոսքը եւ գործունեությունը ծավալել: Բայց քանի որ այդպիսի իրավիճակ չէ, այս Սահմանադրությունը վատթարացնող է, բնականաբար, մենք մեր տեսակետը հայտնել ենք, որ դեմ ենք: Մենք կողմ չենք նախորդ Սահմանադրությանը, որովհետեւ փոփոխությունների կարիք տեսնում ենք, կողմ ենք պառլամենտական համակարգին, որովհետեւ դա 2 համապետական ընտրություններում մեր ծրագրային դրույթներից է նախընտրական: Բայց դա չի նշանակում, որ այն, ինչ ներկայացնում են, պառլամենտական համակարգ է: Պառլամենտական համակարգը ենթադրում է մեծ ներկայացուցչականություն, ենթադրում է հակակշռումների եւ զսպումների մեխանիզմներ, որն այս նախագծում իսպառ բացակայում է եւ ինքնիշխանության հետ կապված խնդիր կա»:

Մեր հարցին՝ գուցե ձեր մոտեցումները ներկայացնեիք անձամբ Սերժ Սարգսյանին եւ նա տեղի՞ տար՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Առաջին անգամ արդեն ներկայացրեցինք, եթե դրանից հետո արձագանք լիներ, տեսնեինք, որ որոշ առաջարկներ արդեն ընդունվել են, կփորձեինք շարունակել այդ երկխոսությունը: Բայց քանի որ չընդունվեց, էլ իմաստը ո՞րն էր այս հանդիպման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31