Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Վենետիկի հանձնաժողովի անդամը գերազանցել է իր առաքելությունների սահմանները»

Օգոստոս 27,2015 15:40

Վենետիկի հանձնաժողովի անդամ Այվարս Էնձինսը, արտահայտվելով այն քաղաքական ուժերի մասին, որոնք ցանկանում են բոյկոտել սահմանադրական բարեփոխումները, հայտարարել էր. «Քաղաքական այն ուժերը, կուսակցությունները, որոնք արհամարհում են սահմանադրական բարեփոխումները, դրանց հետ կապված գործընթացները, նրանք իսկական քաղաքական գործիչներ չեն»:

Aravot.am-ը Սահմանադրական փոփոխությունները բոյկոտող ուժերից մեկի` Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կգնահատի այս հայտարարությունը, նա պատասխանեց. «Այդ անձը գերազանցել է իր առաքելությունների և լիազորությունների սահմանները: Իրենք քաղաքական մեկնաբանություններ տալու համար չեն կոչված, այլ ունեն հստակ լիազորություններ և գործառույթներ: Դա ուղղակի մասնավոր մի մարդու կարծիք է, ոչ հանձնաժողովի»:

Վարուժան Ավետիսյանն առանձնապես չի կարևորում Վենետիկի հանձնաժողովի անդամների այցը Հայաստան` կարծիք հայտնելով, թե ընդամենը առևտուր է կատարվում: Հետաքրքրվեցինք` ո՞րն է գինն այդ առևտրի, նա պատասխանեց. «Մեզ համար Հայաստանի կորուստն է գինը, իսկ նրանց ամեն մեկի համար իր շահերը»:

Հարցին` արդյոք ՀՀ իշխանություններին կհաջողվի՞ համոզել Վենետիկի հանձնաժողովին, օրինակ` երկրորդ փուլի անցկացման և կայուն մեծամասնության դրույթների հետ կապված, Վարուժան Ավետիսյանն արձագանքեց. «Ռեժիմը նման առաջ գնացող դրույթներ է նախատեսել, եթե կարողանա, կպահի, եթե ոչ, առանց դրա էլ յոլա կգնան»: Մեր հարցին` հանձնաժողովի վերջնական կարծիքը ի վերջո ո՞րը կլինի, պարոն Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Փոքր մի առևտուր է շատ մեծ երևույթի վերաբերյալ, ՀՀ-ն է դրված կշեռքի նժարին, նրանք մանրուքների վրա փորձում են իրենց հարաբերությունների ֆորմատը ձևավորել նոր կառավարման համակարգի համար, թե այսուհետ ինչքան են վերահսկելու Հայաստանին: Այստեղ մեր ազգային շահը չկա, նրանք իրենց շահն են առաջ տանում: Ազգադավների ու հանցագործների խառնամուխ է»:

Հետաքրքրվեցինք` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների ո՞ր ճակատում են պայքարելու. միանալու են «Չեք անցկացնելու» շարժմա՞նը, թե՞ «Ոչ»-ի շարժմանը, Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց. «Եթե տվյալ շարժման նպատակը ռեժիմի հեռացումն է, մենք մասնակցելու ենք, եթե պետք է ընդամենը գնալ քվեարկել, ակամա լեգիտիմացնել ռեժիմին, ապա` ոչ: Մեզ համար սահմանադրական փոփոխությունների թեման ընդամենը քաղաքական ուժերի համախմբման միջոց է: Դա մենք որպես նպատակ չենք հետապնդում: Պետք է թույլ չտալ, որ այդ նախագիծն անցնի, բայց դա պետք է անել ռեժիմի հեռացման միջոցով. այսինքն` պայքարել ոչ թե փաստաթղթի, այլ դրա հեղինակի դեմ: Մենք զբաղված ենք քաղաքական ճակատ ձևավորելու հարցով, որը պետք է ռեժիմին հեռացնելու և հետագայում երկիրը կառավարելու պատասխանատվություն ստանձնի: Սահմանադրական փոփոխությունների երևույթը առիթ պիտի լինի, որ քաղաքական ուժերը գիտակցեն, որ այսպես շարունակվելու դեպքում երկիրը վերածվում է համակենտրոնացման ճամբարի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31