Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Արդյոք Սերժ Սարգսյանն է պնդո՞ւմ վերարտադրությունը, թե՞ օլիգարխական խումբը»

Օգոստոս 27,2015 15:15

«Դաշնակցությունն ունի բավականին մեծ փորձ ստեղծել քաղաքական միավորումներ, մասնակցել երկրի կառավարմանը գործադիր մարմնի միջոցով»,- օգոստոսի 27-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա չի բացառում, որ հիմա էլ Դաշնակցության հաշվարկը ցույց է տալիս, որ բավականին նպաստավոր այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, երբ որ պետք չի լինելու երկրորդ փուլը. «Այստեղ համաձայնությունը, մանավանդ, ձեւակերպումների մեջ զարմանք չպետք է առաջացնի»:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ նա ասաց, որ ի սկզբանե կտրուկ ելույթները հիմնավորված չէին իրավաբանական տեքստի կոռեկտության առումով. «Փաստորեն, քաղաքական խնդիր է վերարտադրության վտանգը: Կարծում եմ եւ «Բարգավաճ Հայաստանն» ունի այդ փորձը լինել իշխանության մեջ, կասեի՝ շատ լավ հիշողություններով են մնացել, դրա համար եւ «Բարգավաճը» չի բացառում, որ ինքն էլ կարող է կազմել ինչ-որ քաղաքական միավորում: Եվ երկրորդ այդ փուլի իմաստը չի լինի, որովհետեւ եթե լինի, որ կայուն մեծամասնություն է ապահովվում զուտ պայմանավորվածության առումով, ապա երկրորդ փուլի խնդիրը չի լինելու: Այնպես որ այդ երկու կուսակցությունները ունեն, եւ ես կարծում եմ՝ հիմնավոր հույսեր, որ իրենցից մեկն ու մեկը կարող է լինել միակը, որը կլրացնի Հանրապետականը եւ կդառնա արդեն կայուն մեծամասնություն կամ երկուսը միասին, որովհետեւ չեմ կարծում, որ դա բացառվում է այդ կուսակցությունների հաշվարկների մեջ»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ միշտ հետեւել է, թե իշխող կուսակցությունը ինչ հարաբերակցությամբ է հաղթում. այդ հարաբերակցությունը իջնում է, եւ ըստ նրա Հանրապետականի հնարավորությունը մեծամասնություն ունենալ, քչացել է. «Եթե մենք խոսում ենք վերարտադրության մասին, ապա ես կխոսեի ոչ թե Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին, այլ այդ իշխանական ուժի վերարտադրության մասին: Այստեղ մինչեւ անգամ ունեմ հարց, արդյոք Սերժ Սարգսյանն է պնդո՞ւմ վերարտադրությունը, թե՞ այն օլիգարխական խումբն է, ուժն է պնդում վերարտադրությունը: Այսինքն՝ ո՞վ ում է պարտադրում, այս հարցը մնում է բաց: Այդ մասին զգուշացրել էր 2000 թվականի սկզբներին Միջազգային բանկի ներկայացուցիչը, ասել էր, որ եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք օլիգարխիկ համակարգ, որը գնալով հեռու է գնալու հասարակական եւ ազգային շահից: Այսինքն՝ մենք դա ունենք, մենք այսօր ունենք օլիգարխներ, որոնք ավելի ուժեղ են, եւ դրա համար մեզ պետք չէ հեռու գնալ օրինակների համար, դա նույն Սուրիկ Խաչատրյանի եւ Ռուբեն Հայրապետյանի դեպքերն են: Անկախ նրանից՝ մեղավո՞ր են իրենք, թե՞ ոչ, ցանկացած զարգացած երկրում այսքան մեծ կասկածի դեպքում նրանք պետք է հրաժարական տան եւ դուրս գան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31