Aravot.am-ը տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե Ռուսաստանի պահանջով նորվեգական սաղմոն ձկնատեսակի արգելքը, եթե աստիճանաբար տարածվի նաեւ եվրոպական երկրներից ներկրվող այլ ապրանքատեսակների վրա, արդյոք մեր երկրում պարենային ինքնաբավության խնդիր չի՞ առաջանա, ինչպես որ պնդում են մասնագետները:
Ի պատասխան՝ պարոն Բոստանջյանը համոզմունք հայտնեց, որ ոչ մի դեպքում Ռուսաստանը թույլ չի տա, որ «Հայաստանում մարդիկ քաղցից սարսափելի վատ զգան»: Ըստ տնտեսագետի. «Եթե նրանք պատժամիջոցներ են կիրառում, մենք էլ նրանց հետ հարաբերություններ չենք ունենա: Գոնե Ռուսաստանն ունի այդ հնարավորությունը, որ Հայաստանի նման երկրին պահի այն վիճակում, որ, ասենք, եթե նորվեգականը չստանանք` չզոհվենք»:
Մեր այն դիտարկմանը, թե խոսքը միայն սաղմոնի մասին չէ եւ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրում ենք եվրոպական երկրներից եւ բացի այդ, մեր ներկրողները, որոնք գումարներ են ծախսել, կապեր ու պայմանավորվածություններ ձեռք բերել, Ռուսաստանի քմահաճույքով տնտեսական վնասներ են կրելու, Վարդան Բոստանջյանն ասաց. «Բոլոր դեպքերում ճիշտ է, բայց եթե գալիս են ֆիզիկական անձանց եւ պետության շահերը, պարզ չէ,՞ որ բոլորիս համար ընկալելի ձեւով պետության շահերը պետք է գերակայեն: Մենք պետք է աշխատենք, որ տնտեսական գործունեություն ծավալողների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, բայց, եթե բարենպաստ պայմանների ստեղծման առումով պետությունը կարող է հայտնվել անցանկալի իրավիճակում, բնականաբար, գոնե տվյալ պահին պետության շահը պետք է պաշտպանել»:
Կարդացեք նաև
Տնտեսագետն անդրադառնալով դրամ-դոլար տատանումների մասով Կենտրոնական բանկի վարած քաղաքականությանը, որը մասնագետների կողմից սուր քննադատության է արժանանում, ասաց, որ «Կենտրոնական բանկը, գրեթե արհեստականորեն, աշխատում է կուրսը պահպանել, որպեսզի դրամն ընդհանրապես չոչնչանա»:
Նրա խոսքերով, այդպիսի քաղաքականության պատճառով բանկային համակարգը գտնվում է սարսափելի լարված վիճակում` վարկերի վերադարձման, վարկերի տրամադրման, տոկոսադրույքների սահմանման հարցում. «Միայն այն հանգամանքը, որ մեզ մոտ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5-ից 0,25-ով իջեցրեցին, արդեն իսկ խնդիր է: Քաղաքակրթված երկրներում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1,5-ից 1,7 է: Դուք պատկերացնո՞ւմ եք 10-ը գերազանցող, դա նշանակում է, որ ֆինանսական շուկայում մեր գործառույթները ոչ այլ ինչ են, քան` արհեստական միջամտություն: Բայց ի՞նչ կարող է անել Կենտրոնական բանկը, ԿԲ-ն կառավարություն չէ, որպեսզի տնտեսությունը խթանի: Իսկ տնտեսությունը խթանելու համար Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին բիզնես պետք է լինի, ինչը, որպես այդպիսին, չկա: Տնտեսական ազատ մրցակցության բացակայության պայմաններում նեգատիվ երեւույթները գլուխ են բարձրացնում:
Վարդան Բոստանջյանը ԵՏՄ-ում միասնական արժույթին անցնելը նույնպես դրական է համարում` օրինակ բերելով Եվրագոտում գործող եվրոն, որից վնասներ չկան: Ըստ նրա, Հայաստանը փոքր երկիր է եւ պետք է «մանյովրելու» մեծ հատկություն ունենա, որպեսզի կարողանա իր ունեցած նվազ ռեսուրսներն ու հնարավորություններն առավելագույնն օգտագործի. «Մենք չենք կարող խաղեր տալ մեծ երկրների հետ: Աշխարհի հզորները անում են այն, ինչ որ իրենց համար ավելի շահավետ է: Մենք կարող ենք չմտածված ձեւով մի բան ասել, որի համար թանկ վճարենք: Մենք պետք է դիվանագետ լինենք: Ինչ է, թե «Զապադը» մեզ երկու մանեթ աշխատավարձ է տվել, ասում ենք՝ Ռուսաստանը թող փլուզվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ