Լրահոս
Օրվա լրահոսը

Միջուկային զենքը չի տարածվում, բայց մարտագլխիկներն էլ չեն ոչնչացվում

Օգոստոս 27,2015 13:11

«Միջազգային հանրությունը միջուկային զենքի չտարածման առումով լուրջ առաջընթացների է հասել, ինչը չի կարելի ասել միջուկային զինաթափման մասին»,- այսօր այդ մասին իր կարծիքը բարձրաձայնեց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը`ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» կազմակերպած`«Զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման ճանապարհին» գիտաժողովի ժամանակ:

Բանախոսը նկատեց, որ հիմնական պայմանագիրը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ է ու գործում է, բայց վերջին շրջանում մարտագլխիկների նվազեցման ցուցանիշներ չկան: Այս թեման բանախոսն այսօր ավելի է կարեւորվում` միջազգային օրակարգերի ֆոնին, մանավանդ, որ միջուկային զենքի կիրառման հետեւանքները շատ ծանր են լինելու մարդկության համար: Նա տեղեկացրեց, որ Հայաստանը միացել է այս խնդրին առնչվող հարցերը կարգավորող մի շարք միջազգային պայմանագրերի, որոնցից կարեւորը միջազգային զենքի չտարածման պայմանագիրն է:

Անցած տարի մեր երկրում նաեւ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, գործողությունների ծրագիր է մշակվել, որը շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքի ազգային ուղեցույց է հանդիսանում: Ազգային ուղեցույցը, որը տեղադրված է ՄԱԿ-ի կայքում, մեծ արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից եւ արդեն դրա շրջանակներում համագործակցության տարբեր առաջարկներ կան:

ՀՀ ԱԳՆ պաշտոնյան կարեւոր է համարում ազգային օրենսդրական դաշտը եւ ծրագրերը: 2009-10 թթ-ին ՀՀ-ում համապատասխան նոր օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր եւ որոշումներ են ընդունվել. «Օրենսդրական դաշտը մեզ մոտ ամբողջականացված է, որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ աշխատել, քանի որ հստակեցվում են երկակի նշանակության ապրանքների հետ կապված հարցերը:

2010 թվականից միջուկային անվտանգությանը վերաբերվող գագաթաժողով է իրականացվում`ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ: Յուրաքանչյուր երկու տարին մեկ կայանում են հերթական համաժողովները, որտեղ որոշումներ են ընդունվում`խրախուսել բոլոր պետություններին, միանալ այս պայքարին: Վերջին համաժողովը կկայանա 2016-ին, Վաշինգտոնում: Հայաստանն ակտիվ ու արդյունավետ մասնակցել է ոչ միայն այս, այլ ԱՄՆ-ՌԴ համատեղ նախաձեռնությանը, որը, չնայած կողմերի հարաբերությունների վերջին շրջանի վատացմանը, այդ համագործակցության շրջանակներում կարողանում են պահպանել համանախագահությունը:

ԵՄ ծրագրերից, ՀՀ պաշտոնյան կարեւորեց «44 ծրագրի» իրականացումը, որի համաձայն, Եվրոպական կոմիտեն, որոշ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանին, տրամադրելու է ռադիոլոգիական եւ ռադիոակտիվ ճառագայթները հայտնաբերող սարքավորումներ: Մեր չորս սահմանային`երեք հայ-վրացական եւ հայ-իրանական անցակետերում տեղադրված են ռադիոլոգիական հատուկ սարքավորումներ եւ գործում են, բայց լրացուցիչ սարքավորումները, ըստ Սամվել Մկրտչյանի, ավելի կհզորացնեն: Դրանք տրամադրվելու են ՏԿԱԻՆ-ին, բայց ջանքեր են իրականացվում նմանօրինակ սարքերով համալրելու նաեւ հրշեջ, շտապ օգնության համակարգերը եւ առողջապահության նախարարությունը:

«ՀՀ-ն նաեւ ՄԱԳԱՏԵ-ի հետ է բարձր մակարդակով համագործակցում, առավելապես միջուկային անվտանգության շուրջ»,- ասաց Սամվել Մկրտչյանը`կարեւորելով օրինախախտների համար քրեական պատասխանատվությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31