Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան.Սահմանադրական փոփոխությունների շտապողականության պատճառը պետք է տեսնել քաղաքական դաշտում

Օգոստոս 27,2015 12:47

«Այն խնդիրների համեմատ, որոնք որ ծագած են երկրի, հասարակության առջեւ` ես չեմ գտնում, որ սահմանադրական փոփոխություններն են, որ առաջնային դեր պետք է ունենան»,- օգոստոսի 27-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա՝ շտապողականության պատճառը պետք է տեսնել քաղաքական դաշտում, այլ ոչ թե իրավական կամ իրավաքաղաքական. «Հասկանալի է, որ շտապողականությունն առկա է, որովհետեւ մաս-մաս է բերվում, որովհետեւ դեռ մեկը չավարտված՝ մյուսում տեխնիկական փոփոխություններ են մտցնում, Վենետիկի խումբն է գալիս, Վենետիկի հանձնաժողովը եւս տալիս է ընդամենը մեկ մասի եզրակացություն: Այսինքն՝ մենք տեսնում ենք շտապողականություն, եւ դա մերժելի է, դա դատապարտելի է: Այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին Սահմանադրությունն է, պետք է ավելի հանգիստ, ավելի աշխատանքային ռեժիմի մեջ, ավելի ամբողջական ներկայացված լինի հենց ի սկզբանե, որ կարողանաս այն գլխից եզրակացություն ունենալ կամ պատկերացում կազմել, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում այսպիսի գործընթացը»:

Լարիսա Ալավերդյանը սխալ է համարում փաստաթուղթը մաս-մաս ներկայացնելը, քանի որ ըստ նրա, Սահմանադրությունը միասնական փաստաթուղթ է եւ հնարավոր չէ նորմալ վերլուծություն տալ: Ըստ նրա՝ Սահմանադրությունը լոկ իրավական կամ իրավաբանական փաստաթուղթ չէ, այլ իրավաքաղաքական հասարակական, խորքային հոգեբանական, ազգային է, եւ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի մեջ պետք է պարտադիր ընդգրկվեն քաղաքագետներ, հոգեբաններ, հասարակագետներ. «Մենք շարունակական այդ գործընթացի մեջ ընդգրկում ենք լոկ իրավաբանների, այդտեղից էլ խզում է տեղի ունենում: Այսինքն՝ Սահմանադրությունը իրավաբանական առումով, տեսական առումով կարող է մի գնահատականի արժանանալ, իսկ որպես քաղաքական, հասարակական, իրավական փաստաթուղթ բոլորովին մեկ այլ, այն է՝ նրա իրականանալիությունը, վստահությունը այդ փաստաթղթի հանդեպ, ռեսուրսները, որոնցով ուզում են այդ փոփոխությունները տեղի ունենան, արդյոք այդ փոփոխությունները գնահատվել են, այդ փոփոխությունները, որ տեղի ունենա ո՞վ է գնահատելու, մինչեւ անգամ օրենքն, որ բերում են, մենք միշտ ասում ենք հաշվարկը բերեք, թե ինչ ազդեցություն է ունենալու այն հասարակության այս կամ այն խավի վրա, իսկ տվյալ դեպքում կարծում եմ՝ դա էլ չի արված»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31