Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք բրոնզ՝ աշխարհի պատանեկան առաջնությունում

Օգոստոս 27,2015 10:32

Չորրորդ բրոնզե մեդալի համար մեր պատանի ըմբիշ
Սերգեյ Սիմոնյանը պետք է պայքարեր երեկ ուշ երեկոյան

Երեկ Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեվոյում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ մասնակցում էր վեց քաշային կարգերում:

Առաջնության մեկնարկային օրը մեր հանրապետությունից մրցագորգ էին մտել երեք պատանի ըմբիշներ. 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 58 կգ քաշային Էդգար Թամազյանը եւ 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ մեր անվանի Ռոման Ամոյանի կրտսեր եղբայրը: Ընդորում, երեքն էլ արժանացան իրենց տարիքային խմբի աշխարհի բրոնզե մեդալների:

Տիգրան Մինասյանը հաջող մեկնարկից հետո հասավ կիսաեզրափակիչ եւ միայն այստեղ զիջեց վրացի մրցակցին: Բայց բրոնզե մեդալի համար գոտեմարտում բացահայտ առավելությանբ հաղթեց ճապոնացի Այատա Սուզուկիին ու բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան:

Նույն ճանապարհն անցավ նաեւ Էդգար Թամազյանը: Նախավերջին գոտեմարտում իրանցի Ամին Կավիյանինեժադին պարտվելուց հետո Էդգարը սփոփիչ գոտեմարտում հաղթեց Թեյլոր Լամոնթին ու նույնպես արժանացավ բորնզե պարգեւի:
Միանգամայն այլ կերպ ստացվեց Մալխաս Ամոյանի բրոնզը: Ու անկեղծ ասած, բախտը ժպտաց նրան: Արդեն որակավորման փուլում մեր ըմբիշը պարտվեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Ալ Սայիդին: Ու դժվար էր հավատալ, որ վերջինը կկարողանա եզրափակիչ հասնել: Սակայն նա վերցրեց ու բոլորի համար անսպասելի գնաց մինչեւ վերջ՝ Ամոյանի համար երրորդ մրցանակային տեղի համար պայքարելու հնարավորություն ընձեռելով: Սփոփիչ երկու գոտեմարտում Մալխասը առավելության հասավ ամերիկացի եւ հունգարացի մրցակիցների նկատմամբ եւ երրորդ տեղի համար գոտեմարտում դժվարին պայքարում հաղթեց նաեւ եգիպտացուն:

Երեկ, աշխարհի առաջնության վերջին օրը մեր պատանիներից հանդես եկան 42 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 46 կգ քաշային Սերգեյ Սիմոնյանը (նկարում) եւ 69 կգ քաշային Հարություն Ալեքսանյանը:

Բացի Աշոտ Սիմոնյանից, որը առաջին գոտեմարտում պարտվեց ռուսին, մեր մյուս երկու ըմբիշները հաջող սկսեցին ու նրանց գոտեմարտերը հուսադրող էին: Սերգեյը, սկսելով 1/8 եզրափակչից, վստահորեն առավելության հասավ հունգարացի եւ ալժիրցի իր տարիքակիցների նկատմամբ: Սակայն կիսաեզրափակչում չկարողացավ տրամադրվել լուրջ պայքարի ու տանուլ տվեց Քամալ Քերիմին (Թուրքիա): Որակավորման փուլից երկու տպավորիչ հաղթանակ տոնեց նաեւ Հարություն Ալեքսանյանը: Նա միանգամայն ի վիճակի էր քառորդ եզրափակչում էլ առավելության հասնել ուզբեկ Աբուդաքր Ալիմովի նկատմամբ: Սակայն ֆիզիկապես ամուր մրցակցի արգելքը Հարությունին հաղթահարել չհաջողվեց: Եվ եթե Ալիմովը մեկ գոտեմարտ էլ հաղթեր կիսաեզրափակչում, հայ ըմբիշը կպայքարեր բրոնզի համար ու վստահ ենք՝ այն կնվաճեր:

Իր թիմակից Մալխաս Ամոյանի ճակատագրին արժանացավ Աշոտ Մխիթարյանը, սակայն ի տարբերություն նրա, չկարողացավ օգտվել մեդալ նվաճելու ընձեռված առիթից: Առաջին սփոփիչ գոտեմարտում մեծ առավելությամբ ղրղըզ մրցակցին պարտության մատնելուց հետո, Աշոտը մոտ էր հաղթանակի նաեւ ճապոնացի Շիմուզու Կենսուկեի հետ պայքարում: Սակայն կորցրեց զգոնությունը եւ ցավալի պարտություն կրեց:

Երեկ ուշ երեկոյան 46 կգ քաշային Սերգեյ Սիմոնյանը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր Ռուսաստանի ներկայացուցիչ Ատմիր Կտցեւի հետ:

«Առավոտ» օրաթերթ
27.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31