Ես խոնարհ եմ, խաղաղասեր, համբերատար եւ բարեհամբույր ոչ թե ուրիշի նկատմամբ բարությունից ելնելով, այլ՝ որովհետեւ այդպիսի վարքով ապահովում եմ իմ խորագույն ինքնահաստատումը:
Նա, ով մտադիր է բարի գործեր անել, չպիտի սպասի, որ մարդիկ կհավաքեն բոլոր քարերը նրա ճանապարհից: Նա պարտավոր է ընդունել իր ճակատագիրը նույնիսկ այն դեպքում, եթե այդ ճանապարհին նրան նոր քարեր շպրտեն: Այդ դժվարությունները կարող է հաղթահարել միայն այն ուժը, որը դրանց հետ բախվելուց պայծառանում է եւ ամրանում: Ցասումը ուժերի վատնում է:
Իրապես բարոյական է մարդն այն ժամանակ, երբ ենթարկվում է օգնության կարոտ ցանկացած կենդանի էակին օգնելու ներքին մղումին եւ ձեռնպահ է մնում նրան որեւէ վնաս պատճառելուց: Նա չի հարցնում, թե որ չափով է այս կամ այն կյանքն արժանի նրա ջանքերին, չի հարցնում նաեւ՝ արդյոք նա կարող է եւ որ չափով է կարող գնահատել իր բարությունը: … Նա չի վախենում, որ ծաղրի առարկա կդառնա իր փափկասրտության համար: Այդպիսին է ցանկացած ճշմարտության ճակատագիրը՝ մինչ այն պահը, երբ այդ ճշմարտությունն ընդունում են: Մի ժամանակ հիմարություն էր համարվում համարել, որ ոչ սպիտակ մաշկ ունեցող մարդիկ իսկապես մարդիկ են եւ նրանց հետ պետք է վարվել այնպես, ինչպես բոլոր մարդկանց հետ: Հիմա այդ «հիմարությունը» ճշմարտություն է դարձել: Այսօր ոչ այնքան նորմալ է թվում ընդունել որպես բանական էթիկայի պահանջ ուշադիր վերաբերմունքը կյանքի բոլոր դրսեւորումների նկատմամբ՝ ընդհուպ մինչեւ կյանքի ամենացածր ձեւերի դրսեւորումները: Բայց մի օր զարմանալու են, թե ինչու է մարդկանց այդքան շատ ժամանակ պահանջվել՝ ընդունելու համար, որ էթիկայի հետ անհամատեղելի է կյանքին որեւէ անիմաստ վնաս պատճառելը:
Էթիկան պարտավոր չէ պատասխանել այն հարցին, թե ինչ է նշանակում մարդկանց ազդեցությունը կյանքի պահպանման, զարգացման եւ բարձրացման վրա՝ համաշխարհային իրադարձությունների ընդհանուր գործընթացում: Նրան չի կարելի մոլորեցնել այն փաստարկով, որ նրա կողմից կյանքի պահպանման եւ բարելավման սատարումն իր արդյունավետությամբ չնչին է համեմատած բնության ուժերի այն հսկայական եւ մշտական աշխատանքի հետ, որն ուղղված է կյանքի ոչնչացմանը:
Ես պետք է անսահման ամեն ինչ ներեմ, որովհետեւ եթե այդպես չանեմ, ճշմարիտ չեմ լինի ինքս իմ նկատմամբ եւ վարվելու եմ այնպես, իբր ես նույն չափով մեղավոր չեմ, ինչպես ուրիշն է մեղավոր իմ նկատմամբ… Ես պետք է ներեմ ցածրաձայն եւ աննկատ:
Կարդացեք նաև
ԱԼԲԵՐՏ ՇՎԵՅՑԵՐ