ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրության տեքստից կտրված են դեմ նախագծին. «Մարդիկ կան, որ լավ էլ հասկանում են ինչի մասին է խոսքը, բայց իրենց շահից չի բխում, որովհետեւ իրենց երազանքն է կամ վերադառնալ նախագահ, կամ մեկին նշանակել նախագահ, որն այս լիազորությունները կպահպանի: Ես ժողովրդին եմ հարց տալու՝ ի՞նչ երաշխիք ձեզ, հարգելի ժողովուրդ, որ 3-ից դժգոհել եք, 4-րդ նախագահից չեք դժգոհելու: Այլընտրանքը սա է այս մղձավանջի»:
Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Եթե հիշողությունս չի դավաճանում ինձ, Արմեն Ռուստամյանն էր պայքարում նախագահի աթոռի համար, երբ Վահան Հովհաննիսյանի հետ մտել էր ընտրությունների մեջ: Դրանից կարելի է եզրակացնել, որ նա խորհրդարանական համակարգի կողմնակից չէ: Բնականաբար, ես նման պրիմիտիվ դատողություն չեմ անի, ոչ էլ որեւէ մեկին խորհուրդ կտամ»:
«Առավոտ» օրաթերթ
26.08..2015