Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանը դիմելու է եվրոպական կառույցներին

Օգոստոս 27,2015 16:00

Նա պնդում է, որ դատախազության տարածած հաղորդագրությունը
չի համապատասխանում իրականությանը

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում հերքում է դատախազության տարածած հայտարարությունը, ըստ որի նրա ցուցմունքներում հակասություններ կան, եւ հայտնի միջադեպը, որտեղ, ըստ նրա, ներգրավված են եղել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորից, եղել է կենցաղային հողի վրա(հաղորդագրության հիման վրա՝ վիճաբանություն է եղել իր կնոջ ու մոր միջեւ):

Նա նշում է, որ շատ հայտնի մարդիկ կան, որոնք ճանաչում են թե՛ իր մորը, թե իրեն, եւ թե՛ կնոջը: Ասում է, որ այդ մարդիկ կգան ու կասեն՝ այս ի՞նչ եք անում, ի՞նչ կենցաղային թեմա, չկա կենցաղային թեմա: Վահան Մարտիրոսյանը նկատում է, որ հարեւաններն էլ են հակասական ցուցմունքներ տվել:

Նա կարծում է, որ ապօրինությունների եւ Մհեր Սեդրակյանի ամենազորությանը վերջ տալու ձեւերից կարող է լինել եվրոպական կառույցներին դիմելը. «Իրենք վախենում են եվրոպական կառույցներից: Խոսքս եվրոպական երկրների դեսպանատների մասին չէ: Խոսքս Բելգիայում հայտնի «Սկանդալ» թերթի մասին է, որը պատրաստ է նյութ հրապարակել այս մասին: Ես հասկանում եմ, որ իրենք հիմա ցայտնոտի մեջ են եւ ինձ են դրա համար խփում: Իրենք ինձ որպես քաղաքացի, չասեմ, որպես հասարակական գործիչ, փորձում են ոչնչացնել հոգեպես,- ասում է Վահան Մարտիրոսյանը,- Փորձ են անում ինձ գրանցել հոգեբուժական ինչ-որ հաստատությունում՝ հետին թվով: Եթե իրենք հանկարծ Աստված մի արասցե հետին թվով փաստաթղթեր ներկայացրեցին, կստացվի, որ մենք ապրում ենք ոչ թե Հայաստանում, որը դե ֆակտո համարվում է եվրոպական արժեքներին ձգտող երկիր, դե ֆակտո մենք գիտենք, թե որտեղ ենք ապրում, բայց նույնիսկ այդ դե յուրեն եւ դե ֆակտոն համադրելով, մենք ապրում ենք Մոզամբիկում»:

Պարոն Մարտիրոսյանը պնդում է, որ իր դեմ դուրս են եկել նրա համար, որ նա ճշմարտությունն է ասել, հաստատում է, որ իր կինն իսկապես հղի է եղել եւ իսկապես գործադրված բռնության արդյունքում կորցրել է երեխային:

Մեր դիտարկմանը, որ դատախազության հայտարարության մեջ նշված էր, որ մինչ այժմ չի ներկայացվել կնոջ առողջության մասին բժշկական փաստաթուղթ, Վահան Մարտիրոսյանը պատասխանում է. «Ի՞նչ ներկայացնեմ: Դուք կարո՞ղ եք ինձ հիմա ցույց տալ մի դուխով բժիշկ, անվախ, իր հարյուր քսան հազար դրամը կորցնելուց չվախեցող բժիշկ: Եթե գտնեք այդ բժշկին, ինձ մատնացույց արեք նրան: Չկա նման մեկը, բոլորը վախենում են: Մենք երեք պետական հիմնարկ դիմել ենք, որոնք առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված հիվանդանոցներ են համարվում, երեք տեղից էլ հրաժարվել են տալ, որովհետեւ աղմուկ է բարձրացել, իրենք վախեցել են: Երեք բժիշկ ինձ ասել է՝ թուղթը տանք, որ գան, մեր տու՞նը մեր ձեռքից առնեն: Վախում են մարդիկ»:

Հայտարարության այն մասի վերաբերյալ, թե Վահան Մարտիրոսյանն անհայտացել է, նա պատասխանում է. «Ես կորած չեմ, իմ համարը բոլորը գիտեն: Սուտ են խոսում իրենք, որ ես խուսափում եմ հարցաքննությունից: Իրենք զանգել են, խոսել են կնոջս հետ, առաջարկել են հանդիպել քաղաքում ինչ-որ տեղ, ինչին կինս չի առարկել: Ես զանգել եմ քննիչին, հարցրել եմ՝ որտե՞ղ հանդիպենք, ինքը ասել է՝ այստեղ: «Այստեղը» ասելով՝ Սեդրակյան Մհերի տնից մի քիչ այն կողմ է նկատի ունեցել, իր ֆիլիալն է այնտեղ, գտնվում է Էրեբունի վարչական շրջանում, որտեղ ցավոք սրտի նաեւ գտնվում է քննչական կոմիտեն: Ես ասել եմ՝ այդտեղ չեմ գալու: Հարցրել են՝ այդքա՞նը, ես ասել եմ՝ այո: Դրանից հետո ինձ ոչ ոք չի զանգել»:

Վահան Մարտիրոսյանը շարունակելու է պայքարել եւ հարցը բարձրաձայնել. «Եվրոպական կառույցներից կլինեն արձագանքներ փաստերի վերաբերյալ, թե առհասարակ այս գործը ոնց է տարվում, թե առհասարակ մարդուն իբր դեմոկրատիայի ձգտող պետությունում ինչպես են ոչնչացնում, եւ կլինի վիդեոձայնագրություն, որը ոչ մի լրատվամիջոցով չեմ անի, այլ ինքս կանեմ՝ իմ շարժման մասնակիցների օգնությամբ: Բազմաթիվ մարդիկ, նույնիսկ ազատ պատգամավորներ ի պաշտպանության ինձ կխոսեն եւ ոչ թե նրա համար, որ ես եմ ճիշտ, այլ նրա համար, որ ռեժիմը նախագահի խոսքից հետո նման ստորությունների չդիմի, չգնան մորս նկարեն եւ այլն եւ այլն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31