Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրան–Հայաստան 400 ԿՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի պահպանումը եւ շահագործումը ծանր բեռ է լինելու մեր էներգետիկ համակարգի վրա

Օգոստոս 27,2015 15:30

Ինչո՞ւ են երրորդ գիծը կառուցում, եթե այն 2027 թվականից շուտ
չի օգտագործվելու

Իրան–Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցման մասին կառավարության օգոստոսի 13-ի նիստում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ոչ միայն չի օգտագործվելու մոտակա տարիներին, այլեւ այդ գծի պահպանումը եւ շահագործումը ծանր բեռ է լինելու մեր էներգետիկ համակարգի վրա: Այս կարծիքին է Էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը: Փորձագետի համար տարակուսելի է, թե ինչու է երրորդ գիծ կառուցվում, այն դեպքում, երբ Իրանի հետ մեր երկիրը կապված է երկու հատ 220 կիլովոլտ լարման գծերով, որոնց գումարային երկկողմանի թողունակությունն, ըստ մասնագետի, կազմում է առնվազն ոչ պակաս 300 մեգավատ:

Պարոն Սահակյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե կա՞ անհրաժեշտություն երրորդ էլեկտրագծի եւ ի՞նչ նպատակով է այն կառուցվում, ասաց, որ իր համար էլ է տարակուսանք առաջացնում գծի կառուցման անհրաժեշտությունը եւ «ճիշտ կլիներ, հայտարարություն անելուց առաջ, որպեսզի հարգարժան նախարարը բնակչությանը բացատրեր, թե ինչ նպատակով է էլեկտրագիծը կառուցվում»:

Նշենք, որ կառավարությունը 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որի արժեքը 160 միլիոն դոլար է, հիմնավորում է երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը եւ Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, կառավարությունը վստահեցնում է, որ այդ գծի կառուցումը հնարավորություն կտա Իրանի եւ Հայաստանի էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից հասցնել մինչեւ 1000 ՄՎտ-ի, ինչպես նաեւ կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային եւ կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը:
Ըստ Էմիլ Սահակյանի, արդեն իսկ կառուցված երկու լարման գծերը բավականին լուրջ մեծություն են իրենցից ներկայացնում, որոնք սակայն իրենց ողջ հզորությամբ մինչ այժմ գրեթե չեն օգտագործվել. «Ներկայիս իրավիճակում այդ երկու գիծը բավականին հուսալի ապահովում են մեր երկու երկրում էլեկտրաէներգետիկական համակարգերի կապը եւ թույլ են տալիս բավականին հաջող կերպով կիրառել զուգահեռ աշխատանքը»: Փորձագետի համոզմամբ, 400 կՎ երրորդ գծի կառուցումը, որի թողունակությունը մոտ 1000 մեգավատ է Հայաստանի էներգահամակարգի այժմեական պահանջներին չի համապատասխանում, քանի որ մոտակա տարիների ընթացքում, առնվազն մինչեւ 2027 թվականը այս էլեկտրագիծը Հայաստանի հզորությունների մասնակցությամբ օգտագործել հնարավոր չէ: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ Էմիլ Սահակյանը մեր երկրի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին հարց է ուղղում. «Ի՞նչ նպատակով է ծախսվում 160 միլիոն դոլար գումարը, որից մի մասը հայկական կողմն է տրամադրելու: Այդ գիծը շահագործելուց հետո պահպանման եւ շահագործման ծախսեր կպահանջվի եւ ավելորդ լինելով՝ լրացուցիչ բեռ կծառայի մեր էներգահամակարգում:

elektrakanutyun

Ցավոք կառուցման որոշումը հայտարարելիս հարգարժան նախարարը որեւէ բացատրություն չներկայացրեց, թե ինչ նպատակով է այդ գիծը կառուցվում, ուստի բնական հետաքրքրություն է առաջանում: Առաջացած կասկածները փարատելու նպատակով կարծում եմ ճիշտ կլիներ, որպեսզի նախարարության համապատասխան աշխատողները հասարակության համար մատչելի ներկայացնեն այն հիմնավորումները, որոնց հիման վրա պետք է կառուցվի այդ 400 կիլովատ էլեկտրական գիծը»:

Որոշակի աղբյուրներից օգտվելով, Էմիլ Սահակյանը տպավորություն է ստացել, որ 400 կՎ երրորդ գծի կառուցումը տարածաշրջանային ինտեգրման միջոցառում է: Այսինքն՝ գիծը կառուցվում է հարեւան երկրների էլեկտրահամակարգերին ինտեգրվելու նպատակով, ինչը հետագայում բերելու է միասնական էլեկտրաէներգետիկական համակարգի ստեղծմանը:
Մեր այն հարցին, թե միասնական համակարգն ինչպիսի՞ բացասական հետեւանքներ կարող է թողնել մեր երկրի էներգետիկ համակարգի վրա, Էմիլ Սահակյանն ասաց. «Երբ միասնական համակարգ է ստեղծվում, երկրորդ պլան են մղվում տվյալ երկրի զուտ ներքին խնդիրները, պատասխանատու պահերին տվյալ երկիրը առանձնացված աշխատանքի հնարավորությունից զրկվում է»: Փորձագետը նշեց նաեւ էներգետիկ անկախությունը կորցնելու վտանգը:

Ըստ մեր զրուցակցի. «Ինտեգրման հարցը կարող է բարձրացնել այն ժամանակ, երբ կհաստատվի, եւ կկառուցվի մի էներգահամակարգ, որն ընդունակ է կլինի միայնակ, առանձնացված, հուսալի աշխատել հօգուտ իր բնակչության: Դրանից հետո միայն կարելի է բարձրացնել ինտեգրման հարցը:

Չի բացառվում վթարային պահերին հարեւան երկրների համագործակցությունը, որը սակայն, չի կարելի անվանել ինտեգրում»:

Էմիլ Սահակյանն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը, եւ անգամ այդ ծրագրերը կյանքի կոչելու դեպքում, որի ժամկետները փորձագետի համար այնքան էլ հավանական չեն, այդ 400 կիլովոլտ հզորությամբ էլեկտրագիծը կարող է Հայաստանին պետք լինի լավագույն դեպքում 2027-2028 թվականներից ոչ շուտ, սակայն էլեկտրագծի պահպանման ու շահագործման համար մեր պետությունը մինչ այդ պետք է գումարներ ծախսի:

Նշենք նաեւ, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ նոր էլեկտրագծի կառուցման նպատակով Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մի շարք տարածքներ ճանաչվել են բացառիկ հանրային գերակա շահ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31