Լրահոս
Օրվա լրահոսը

Կին ամբաստանյալը միջնորդել էր կաշառքի գործով

Օգոստոս 27,2015 15:00

Կին ամբաստանյալի գործողություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել, որպեսզի կայանա կաշառք տվողի եւ ստացողի միջեւ կաշառքի շուրջ
համաձայնությունը

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Ֆերոյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը՝ Անգին Ղուկասյանը, «Դատական դեպարտամենտի գործով» մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու գործով չէր կարող մեղադրվել, քանի որ չի հանդիսացել պաշտոնատար անձ: Հետեւաբար, նրան երկու տարի ազատազրկման դատապարտելն անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի, քան 72 հազար դրամի չափով, նյութական եւ դատավարական նորմերի կոպիտ խախտմամբ է եղել:

Դատավճռի հրապարակումը հուլիսի 18-ին էր:

ՀՀ վճռաբեկ դատարանի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանը դատաքննության ժամանակ հայտնել էր, թե միջնորդել է, որպեսզի Արմեն Պետրոսյանին ընդամենը վերցնեն աշխատանքի: Այդ ներկայացված միջնորդությունն անգամ չի բխել նրա պաշտոնեական լիազորությունների շրջանակից, նա ընդամենը նպաստել է, որ համաձայնություն կայանա կաշառք տվողի եւ կաշառք վերցնողի միջեւ: Իսկ թե ինչ գործողությունների կամ անգործության արդյունքում կաշառք վերցնողը կիրականացներ կաշառք տվողի ցանկությունը, այն է՝ Ա. Պետրոսյանին կտեղավորեր աշխատանքի, դա դուրս է եղել իր լիազորությունների շրջանակից: Գործով ապացուցվել է, որ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Մ. Մարտիրոսյանն անձամբ է հանձնարարել այսօրվա դատական դեպարտամենտի ղեկավարին, նախկինում տեղակալ Կ. Փոլադյանին՝ ներկայացնել միջնորդություն Ա. Պետրոսյանի համար:

«Կաշառքի երկրորդ դրվագում իմ պաշտպանյալի դրսեւորած վարքագծում իսպառ բացակայում է կաշառք ստանալու հանցակազմը: Մեր կարծիքով՝ մենք գործ ունենք Մ. Մարտիրոսյանի կողմից կատարված կաշառքի պատրվակով խարդախության հետ»,- ասում է Ա. Ֆերոյանը, նշելով, որ Ա. Ղուկասյանը Մ. Մարտիրոսյանին փոխանցել է «կոնկրետ անձի խնդրանք»՝ որդուն աշխատանքի ընդունելու վերաբերյալ, Մ. Մարտիրոսյանը տվել է իր համաձայնությունը՝ այդ աշխատանքը ապահովելու համար:
«Ա. Ղուկասյանը վերցրել է գումարը եւ փոխանցել Մ. Մարտիրոսյանին, նշեմ, որ իրեն ոչինչ չի վերցրել, իսկ Մ. Մարտիրոսյանն էլ նրան ոչինչ չի տվել: Հավակնորդը բոլորի նման, առանց որեւէ արտոնության, մասնակցել է տվյալ թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթին եւ ինչպես ապացուցվել է քրգործով ձեռք բերված ապացույցներով, առանց կողմնակի միջամտության, իր ուժերով հաղթահարել մրցույթը եւ դարձել միանձնյա հաղթող: Մ. Մարտիրոսյանն արդեն արձակուրդում էր եւ մրցութային հանձնաժողովի կազմը իր որոշմամբ հաստատել է ՀՀ ԴԴ ժամանակավոր պաշտոնակատար Նորա Կարապետյանը` իր հայեցողությամբ: Ինչպես պարզվեց վերջինիս ցուցմունքից, Մ. Մարտիրոսյանը նրան ոչինչ չի պատվիրակել կամ խնդրել, հետեւաբար մրցութային պրոցեսը ընթացել է օրենքով սահմանված կարգով: Իմ պաշտպանյալն այն ժամանակ նույնիսկ չի էլ մտածել, որ տրված գումարի դիմաց փաստորեն ոչինչ էլ չի արվել, եւ Մ. Մարտիրոսյանի արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո նրան է հանձնել պահանջված գումարը:

angin-5-2

Այսօր, սակայն, երբ այս դրվագը դարձել է քննության առարկա, եւ մենք ունենք արդեն այդ պրոցեսին մասնակից բոլոր անձանց ցուցմունքները, ակնհայտ է դառնում, որ Մ. Մարտիրոսյանը ոչ մի գործողություն չի կատարել, ասեմ ավելին՝ ոչնչով չի միջամտել պրոցեսին, քանի որ, ասենք, եթե Մ. Ստեփանյանը չկարողանար հաղթահարել թեստային առաջադրանքի փուլը, ինչ էր անելու հանձնաժողովը, բնականաբար՝ ոչինչ, միայն փաստելու էր, որ հավակնորդը չի անցնում հարցազրույցի փուլ, այսինքն, եթե Մ. Ստեփանյանը չանցներ մրցույթը, Ա. Ղուկասյանը կսպասեր Մ. Մարտիրոսյանի վերադարձին, կտեղեկացներ կատարվածի մասին եւ, ամենայն հավանականությամբ, կվերադարձնեին տրված գումարը, քանի որ խոստացված գործարքը տեղի չէր ունեցել: Այսինքն՝ իմ պաշտպանյալը, ըստ էության, դիտորդի կարգավիճակում է եղել Մ. Ստեփանյանին աշխատանքի վերցնելու պրոցեսում»- ասում է Ա. Ֆերոյանը:
Արմեն Ֆերոյանը իր բողոքը հիմնավորել է ՀՀ վճռաբեկ դատարանի ԼԴ/0207/01/12 քրեական գործով կայացրած որոշմամբ, որում անդրադարձ կա պաշտոնատար անձի գործառույթների մասին: ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական գնահատականներից մեկի համաձայն. «իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնավարող այն անձինք, ովքեր իրենցից ծառայական կախվածություն չունեցող, իրենց ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված են կարգադրիչ լիազորություններով: Կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող են համարվում այն պետական ծառայողները, ովքեր ղեկավարում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայողների գործունեությունը: Այս առումով պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ է հանդիսանում յուրաքանչյուր պետական ծառայող, ով իր ենթակայության տակ այլ ծառայողներ ունի, ղեկավարում է նրանց գործունեությունը»:

ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումներն ուսումնասիրելով՝ փաստաբանն ասում է. «Անգին Ղուկասյանը կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ օժտված չի եղել: Այս հանգամանքը հիմնավորվում է սույն քրեական գործում առկա վերջինիս լիազորությունները սահմանող փաստաթղթով` անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնի անձնագրով»:
Պաշտպանը վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքում մի անգամ եւս շեշտել է, որ Անգին Ղուկասյանը վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ եւս օժտված չէ, քանի որ օժտված չէ գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման լիազորություններով, մասնավորապես, գույքի, նյութական արժեքների պահպանության, վերամշակման, նյութական արժեքների իրացման նկատմամբ հսկողության սահմանման, դրամական միջոցների ստացման, հանձնման գործառույթներով:

Անգին Ղուկասյանն օժտված չի եղել նաեւ իրավական նշանակություն ունեցող, իրավահարաբերություններ առաջացնող, դադարեցնող կամ փոփոխող գործողություններ կատարելու լիազորությամբ: Այսինքն, նա իրավասու չէր անգամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, հիմնարկության, կազմակերպության կամ ձեռնարկության անունից պաշտոնական փաստաթուղթ տրամադրելու քաղաքացիներին:
Պաշտպանական կողմը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նշում է, որ քրեական գործի ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում հիմնավորվել է այն, որ Անգին Ղուկասյանի կողմից գումարի դիմաց կաշառք տվողի օգտին որեւէ գործողություն չի կատարվել, այլ պարզապես իրեն դիմած անձանց խնդրանքով դիմել է դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին՝ հայտնելով կաշառք տվող անձանց ցանկությունը գումարի դիմաց աշխատանքի տեղավորելու մասին: Ըստ պաշտպանի, դիմելուց հետո էլ ստացել էր վերջինիս համաձայնությունը, որից հետո վերցրել գումարը եւ փոխանցել Միսակ Մարտիրոսյանին: Ինչ վերաբերում է կաշառք ստանալու վերաբերյալ Անգին Ղուկասյանի եւ Միսակ Մարտիրոսյանի միջեւ «նախնական համաձայնության առկայության» հարցին, ապա պաշտպանի տեղեկացմամբ, Ա. Ղուկասյանը քրեական գործի քննության ընթացքում բազմիցս նշել է, որ իրենց միջեւ կաշառքի վերաբերյալ նախնական համաձայնություն երբեւէ չի եղել: «Այդ կարծեցյալ նախնական համաձայնության մասին իմ պաշտպանյալը խոսել է միայն որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ, հետագայում ողջ քրեական գործի նախաքննության ընթացքում հերքել է այդ փաստը, իսկ դատաքննության ընթացքում ներկայացրեց այն ողջամիտ պատճառները, որից ելնելով՝ առաջին ցուցմունքում խոսել է դրա մասին: Սակայն շատ տարօրինակ վարքագիծ է դրսեւորում մեղադրանքի կողմը` արժանահավատ է ճանաչում իմ պաշտպանյալի բոլոր ցուցմունքները, սակայն միայն այդ մասով՝ այն է, երբ մենք բացառում ենք նախնական համաձայնության առկայությունը, դիտարկում է այն անարժանահավատ»,- ասաց Ա. Ֆերոյանը:

Ա. Ֆերոյանն իր բողոքում հայտնել էր՝ եթե նույնիսկ փորձենք ենթադրել, որ նրանց միջեւ կաշառքի վերաբերյալ եղել է նախնական համաձայնություն, ապա հարկ է նշել, որ վերոհիշյալ հիմնավորմամբ Անգին Ղուկասյանը չի հանդիսանում պաշտոնատար անձ, հետեւաբար, նա չի կարող մեղադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու հանցագործություն կատարելու մեջ:
Ա. Ղուկասյանի գործողություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել, որ կայանա կաշառք տվողի եւ ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնությունը: Ըստ պաշտպանական կողմի, նրա արարքի հանրորեն վտանգավոր հետեւանքը եղել է կաշառքի շուրջ համաձայնության կայացումը. «Չէ՞ որ գործով ապացուցվել է, որ կաշառք տվողն ու կաշառք ստացողը իր հետ անմիջականորեն չեն շփվել, եւ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել իմ պաշտպանյալի միջոցով»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկում կա վճռի կամ դատական ակտի մասին հետեւյալ դիրքորոշումը. եթե վճիռը կամ դատավճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, ապա չի կարող լինել օրինական, համոզիչ, կամ՝ հեղինակավոր: Փաստաբանը գտնում է, որ դատավճիռը համոզիչ չէ, հետեւաբար՝ հավատ չի ներշնչում:
Նա խնդրել է, որպեսզի բեկանվի առաջին ատյանի դատավճիռը, ամբաստանյալ Անգին Ղուկասյանի արարքները վերաորակվի, նշանակվի նվազագույն պատիժ կամ գործն ուղարկվի այլ դատարան՝ նոր քննության:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31