Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաթյանն ասաց եւ արեց

Օգոստոս 27,2015 14:30

Երբ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Սաթյանը 2013թ. աշնանը ընտրվեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, հայտարարեց, որ ի սկզբանե որդեգրելու է սկզբունք. գործունեությունն առավելագույնս հասանելի ու թափանցիկ դարձնելու համար ունենալ բազմաֆունկցիոնալ կայք: 2014թ. փետրվարին շահագործման հանձնվեց միության պաշտոնական կայքը՝ Composers.am-ը: Այնուհետեւ յուրաքանչյուր տեղեկատվություն սկսվեց օպերատիվ տեղադրվել ոչ միայն ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որը բացվել էր նախորդ տարվա նոյեմբերից, այլ հենց պաշտոնական կայքում: Վերջինից բազմաթիվ միջոցառումների թվում տեղեկանում ենք նաեւ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործական կյանքին: Նշենք, որ միության կազմում ընդգրկված է 140 կոմպոզիտոր, որից 5-ը՝ Արսեն Բաբաջանյան, Էռնեստ Դուրգարյան, Բելլա Հովհաննիսյան, Գայանե Քեսոյան եւ Արթուր Միտինյան, միության շարքերն են համալրել 2014թ. դեկտեմբերին:

Վերջին շրջանում «Առավոտը» զրուցելով մեր կոմպոզիտորների հետ, եկել է մի եզրահանգման, որ նրանք հիմնականում դժգոհում են պետպատվեր կոչվածից կամ ավելի պարզ ասած՝ մի քանի կոպեկով չեն պատրաստվում ստեղծագործել, ասենք՝ սիմֆոնիաներ, օպերաներ, մի խոսքով՝ մեծակտավ ստեղծագործություններ: Արամ Սաթյանին հիշեցրինք, որ 1970-ականներին Կոբզոնը 4 երգի համար իրեն վճարել էր շուրջ 1500 ռուբլի, ինչը խորհրդային տարիներին մեծ գումար էր: Հիմա ինչպե՞ս վարվեն իր երիտասարդ կոլեգաները եւ ի՞նչ է անում միությունը նրանց համար: Այս հարցերի հետ կապված պարոն Սաթյանը փոքր ճշգրտում մտցրեց, նշելով, որ Կոբզոնը ոչ թե 1500, այլ 1200 ռուբլի է իրեն վճարել 4 երգի համար, հետո պատասխանեց. «Պետպատվերի համակարգը պե՛տք է աշխատի: Նվագախմբերը, մենակատարները, ովքեր պատկանում են մշակույթի նախարարությանը, պետք է պատվիրեն կոմպոզիտորներին: Այդ պատվերների համակարգը իսկապես օգնում է, որ կայանան երիտասարդները: Օրինակ, Տիգրան Մանսուրյան, Չաուշյան կամ մեր անվանի ավագ սերնդի մյուս կոմպոզիտորները ժամանակին կայացել են հենց այդ համակարգի օգնությամբ: Այո, նախարարությունը պետք է նույնիսկ պարտադրի իր ենթակայությանը պատկանող երաժշտախմբերին, երաժիշտներին, որոնք պատվիրեն կոմպոզիտորին»: Մեր զրուցակիցը հավելեց, որ միության նախագահ եղած ժամանակաշրջանում նախարարությունը 3 մլն դրամ է հատկացրել ստեղծագործություններ ձեռք բերելու համար, ինչը, մեր զրուցակցի ձեւակերպմամբ, շատ փոքր գումար է: Արամ Սաթյանը առաջարկում է նախարարությանը՝ այդ աշխատանքներն ընդլայնելու նպատակով հրավիրել նվագախմբերի ղեկավարներին, անհատ կատարողներին, կոմպոզիտորներին կլոր սեղանի շուրջ, փոխանակել մտքեր, հնչեցնել առաջարկներ եւ այլն: Մի հարցում միության նախագահը վստահ է՝ հենց նախարարությունը պետք է հայտարարի մեծակտավ այլ երկերի մրցույթ:

Զրույցի ընթացքում Արամ Սաթյանը խոսեց նաեւ երիտասարդ հայ կոմպոզիտորների հաջողությունների մասին՝ նշելով Հովհաննես Սարդարյանի անունը, որը սովորում է Երեւանի կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի դասարանում, ասաց, որ հաղթող է ճանաչվել Ֆրանսիայում կայացած մրցույթում, իր դասարանի ուսանող Ռուբեն Անտոնյանը շուրջ 200 հայտատուներից այն երջանիկներից է, որ Ֆրանսիայի Կալիարի քաղաքում աշնանը կայանալիք երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին իրավունք է ստացել ընդգրկվելու 4 ստեղծագործողների թվում:

Զրույցի ընթացքում Արամ Սաթյանը փաստեց, որ 2015թ. միությունը համերգներ է կազմակերպել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, հնչեցրել ժամանակակից շուրջ 50 կոմպոզիտորի ստեղծագործություն, ընդ որում՝ միության նաեւ այն հեղինակների, որոնք ապրում եւ ստեղծագործում են արտասահմանում: Նշեց, որ վերջիններս մեծ աջակցություն են ցույց տալիս միության այս կամ այն նախաձեռնությանը, հիշատակեց անցյալ տարի ամռանը, իր խոսքերով՝ բացառիկ համերգները ԱՄՆ-ում: Ասաց, որ կոմպոզիտորների միության դահլիճում սեպտեմբերի 9-13-ը կանցկացվի երիտասարդական փառատոն, որտեղ կներկայացվեն մինչեւ 30-35 տարեկան կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները: Հարցին, թե ինչ ընթացքի մեջ է միության կողմից հայտարարված հեղինակային երգի փառատոնը, որի նախնական լսումները կայացել են Սեւանում,
մեր զրուցակիցը մանրամասնեց, թե դա ընդհանրապես հայ երգի փառատոն է:

Օգոստոսի 26-ին, 27-ին Դիլիջանում կկայանա հեղինակային երգի փառատոնի եզրափակիչ փուլը, այնուհետեւ մինչեւ տարվա վերջ փառատոնի շրջանակներում կհնչեն հայ կոմպոզիտորների էստրադային եւ ժողովրդական ոճով գրված երգեր: Պարոն Սաթյանը տեղեկացրեց նաեւ հայ-վրացական համատեղ նախագծի մասին. «Ամռանը մեզ մոտ հնչեցին վրաց կոմպոզիտորների ստեղծագործություններ, աշնանն էլ Վրաստանում կկատարվեն մեր կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները: Այս նախագիծը նվիրված է եղեռնի 100-րդ տարելիցին»: Անդրադառնալով արտերկրում ապրող եւ ստեղծագործող միության անդամ կոմպոզիտորներին, Արամ Սաթյանը հայտնեց, որ հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում Կոնստանտին Պետրոսյանի նախաձեռնությամբ կկայանա հայ արվեստը ներկայացնող ճոխ երեկո, ոտեղ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես կգան նաեւ օտարազգի կատարողներ: Արտերկրում ապրող ու ստեղծագործող հայ կոմպոզիտորներին թվարկելիս միության նախագահը հատկապես նշեց շվեյցարաբնակ Դավիթ Հալաջյանի եւ երիտասարդ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի անունները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31