Հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ
Արման Սահակյանը՝ ոլորտի մասին
Հունիսի 6-ին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ընտրվեց հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ: Ընդ որում՝ ընտրվել էր միաձայն, բայցի այդ՝ նախագահի միակ թեկնածուն էր:
«Առավոտը» պարոն Սահակյանին խնդրեց նշել՝ որոնք են հեծանվային մարզաձեւի առաջ ծառացած մարտահրավերները:
«Մենք այսօր երեկոյան պատրաստվում ենք դիմավորել մեր հավաքականին, գիտեք, որ Էդգար Ստեփանյանը նվաճել է արծաթե մեդալ… Հաջողություններն ակնհայտ են, ու ես դա ինձ հետ չեմ կապում, որովհետեւ միայն վերջերս եմ ստանձնել հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Մենք ունեցանք Եվրոպայի չեմպիոն՝ Էդգար Ստեփանյան, ունենք աշխարհի արծաթե մեդալակիր… Նշեմ, որ աշխատանքները շատ են ու պետք է փորձենք համակարգված դրանք առաջ տանել: Սա հնարավորություն է ցույց տալու, որ հեծանվային սպորտը Հայաստանի Հանրապետությունում զարգանում է, եւ գրանցվածն առաջին հաջողությունն է: Նույնիսկ խորհրդային տարիներին մենք հեծանվային սպորտում հաջողություններ չենք ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը:
Էդգար Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն դարձած ՀՀ առաջին հեծանվորդն է: Անցյալ տարի էլ Սեուլում անցկացված աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքում նա նվաճել էր բրոնզե մեդալ: Ստեփանյանի անձնական մարզիչն է Կարեն Սարկիսովը:
Կարդացեք նաև
Հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահից հետաքրքրվեցինք՝ որպես քաղաքացի եւ հեծանվային սպորտին մոտ կանգնած մարդ, եթե դիտարկելու լինի սովորական հեծանվորդների իրավունքները, իր կարծիքով՝ որքանո՞վ են դրանք պահպանված՝ մայրաքաղաքի երթեւեկության խայտառակ պայմաններում:
«Մենք ավելի շատ պրոֆեսիոնալ սպորտաձեւով ենք զբաղվում, ոչ թե սիրողական, բայց առաջիկա ծրագրերում նաեւ այդ խնդիրներին կանդրադառնանք, որպեսզի կարողանանք կոնկրետ քննարկումներ իրականացնել Երեւանի քաղաքապետի հետ, փորձել հնարավորինս ապահովել մեր մայրաքաղաքում հեծանվային երթուղիները: Մայրաքաղաքում հարցը լուծելուց հետո կմտածենք Հայաստանի Հանրապետության մասին»,- ասաց Արման Սահակյանը:
Նրանից հարցրինք՝ նորմա՞լ է, երբ տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահներ են դառնում պետական պաշտոնյաները, արդյոք պարտադի՞ր է սպորտի չինովնիկացումը:
«Ֆեդերացիայի նախագահ չեն նշանակում, ֆեդերացիայի նախագահ ընտրվում են: Բացի այդ, ես ինձ լուրջ չինովնիկ չեմ համարում, ես նորմալ, սովորական քաղաքացի եմ եւ նույն հեծանվային համայնքի խնդրանքով եմ ստանձնել այդ պարտավորությունը, ընդ որում՝ դա շատ բարդ պարտականություն է: Մենք ընդամենը պետք է փորձենք կազմակերպել եւ համակարգել այն աշխատանքները, որոնք վերաբերում են հեծանվային սպորտաձեւին: Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես ենք որոշակի աշխատանք տարել, որպեսզի այսօր ունենանք բավականին լավ հեծանվահրապարակ, որը ոչ այնքան լիարժեք է օգտագործվում: Պետք է նման բաների մասին էլ մտածենք: Իսկ եթե կա մեկը, որ փորձում է եւ ի վիճակի է հեծանվային սպորտը զարգացնել, լինի պաշտոնյա, թե հասարակ մարդ, ես պատրաստ կլինեմ իմ տեղը նրան զիջել»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
26.08..2015