Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաքու՝ կիսագերու կարգավիճակով

Օգոստոս 27,2015 13:00

Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 5-ը Բաքվում կայանալու է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են 128 ուժեղագույն շախմատիստներ:
Վերջերս հայտնի դարձավ, որ ընդառաջելով ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հորդորներին, որը հավաստիացրել է, թե Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարության մակարդակով պաշտոնապես ստացել է Հայաստանի շախմատիստների անվտանգության երաշխիքներ, աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք նվաճած մեր չորս շախմատիստները համաձայնել են մեկնել հարեւան երկիր, չնայած այն բանին, որ նրանց հավաքականը առանց որեւէ լուրջ պատճառի ու հիմնավորման հրաժարվել էր ժամանել Հայաստան եւ հանդես գալ ապրիլին Ծաղկաձորում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում՝ քաջ գիտենալով, որ իրենց մարզիկները, ի տարբերություն մերոնց՝ Ադրբեջանում գտնվելու պայմանների, Հայաստանում անվտանգության հետ կապված խնդիրներ չեն ունենում: Ավելին, նրանք, սկսած մարզիկներից, վերջացրած մարզիչներով, ազատ, առանց որեւէ խնդրի շրջել են Երեւանի փողոցներում, Հանրապետության հրապարակում երեկոները վայելել երգող շատրվանների գեղեցկությունը:

Մերոնց որոշումը, կարծես, վերջնականապես կայացված է ու միայն դա արդեն իսկ հաղթանակ է՝ անկախ ցուցադրվելիք մարզական արդյունքներից: Մյուս մարզաձեւերի մասնակցության փորձից ելնելով՝ նախապես պարզ է, որ հարեւանների մոտ շախմատիստներն էլ իրենց զգալու են կիսագերու կարգավիճակում ու ամբողջովին միայն շախմատային կյանքով ապրելու հնարավորություն չեն ունենալու:
Հայաստանը Բաքվում ներկայացնելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:

«Առավոտը» տեղեկացավ, որ մեր տղաներից յուրաքանչյուրը մրցաշարին նախապատրաստվում է անհատական ծրագրով: Մասնավորապես, Լեւոն Արոնյանն այս օրերին աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերների խմբում ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում մասնակցում է Սինքֆիլդի գավաթի խաղարկությանը, Գաբրիել Սարգսյանը վերջերս Իսպանիայում հանդես եկավ այդ երկրի ակումբային առաջնությունում, Հրանտ Մելքումյանը ուժերը ստուգեց Լիտվայի միջազգային ներկայացուցչական մրցաշարում: Իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանը գերադասել է նախապատրաստվել Հայաստանում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31