Նոր ուսումնական տարվա շեմին եւս մեկ անգամ տեղին է խորհել այն բարեփոխումների մասին, որի կարիքն զգում է մեր բուհական համակարգը: Իսկ ընդհանուր առմամբ, այդ բարեփոխումները դեռեւս ընթանում են դանդաղ, եւ որոշ ոլորտներում, դոփում են տեղում: Հասարակական կյանքում տեղի ունեցող սրընթաց զարգացումները կարծես շրջանցում են մեր բուհական համակարգը, եւ արդյունքում մեզ են մնում դեռեւս հնացած կրթական տեխնոլոգիաներ, ծերացող պրոֆեսորադասախոսական անձնակազմ, կրթական շուկայից կտրված ուսումնական ծրագրեր եւ թողարկվող մասնագիտություններ, անիմաստ ընդունելության եւ գերարժեւորված ավարտական պետական քննություններ, որոնց մասին «Առավոտում» բազմիցս բարձրաձայնել եմ:
Այնուհանդերձ, եթե հետադարձ հայացք գցենք մեր բուհական համակարգում տեղի ունեցող գործընթացներին, ապա կտեսնեք, որ տասնամյակների ընթացքում այնտեղ գրեթե ոչինչ չի փոխվել, կամ էլ կոսմետիկ բարեփոխումներ են կյանքի կոչվել միայն Բոլոնիայի գործընթացի շրջանակում: Իսկ խորքային եւ շրջադարձային բարեփոխումները դեռեւս կանգնած են մի շարք մարտահրավերների առջեւ:
Նախ եւ առաջ, մեր բուհական համակարգում պակասում է շահառուների պահանջատիրությունը: Ձեւավորվել է մի իրավիճակ, երբ ուսումնառության համար վճարող ուսանողները պահանջատեր չեն մատուցվող կրթական ծառայությունների որակի գծով եւ հիմնականում շահախնդիր են գնահատականներ վաստակելու եւ ավարտական դիպլոմ ձեռք բերելու համար: Սա մեր բուհական համակարգի ամենացավոտ կողմն է, որտեղ տարածում է գտնում «վճարում եմ եւ չեմ պահանջում» սկզբունքը, որն էլ լուրջ խոչընդոտ է հանդիսանում կրթական բարեփոխումների ճանապարհին: Դրան նպաստում է նաեւ գործատուների մեծ մասի անտարբեր վերաբերմունքը բուհերում կիրառվող ծրագրերի եւ կրթական տեխնոլոգիաների նկատմամբ, որի արդյունքում աշխատանքի շուկան ընդգծված պահանջատիրություն չի ցուցաբերում շրջանավարտների որակի նկատմամբ եւ առաջնորդվում է «կգա մեզ մոտ` հետո կսովորեցնենք» սկզբունքով:
Մրցակցության բացակայությունը կրթական շուկայում հանգեցնում է նրան, որ մատուցվող կրթական ծառայությունների որակի համար բուհերը անուղղակիորեն ազատվում են պատասխանատվությունից, որն էլ իր հերթին խոչընդոտում է կրթական բարեփոխումների իրագործման ընթացքին: Իսկ այսօր, մեր կրթական համակարգը խնդիր ունի ոչ միայն մրցունակ լինելու հայրենական, այլեւ միջազգային շուկայում, քանի որ կրթական ծառայությունների արտահանման պոտենցիալը դեռեւս չենք կորցրել:
Կարդացեք նաև
Եվ, վերջապես, բուհական համակարգի զարգացման գործընթացում հստակ ընդգծվում է հանրային հոգածության պակասը: Մեր օրերում համալսարանները դիտարկվում են առավելապես որպես խոշոր հարկատուներ կամ աշխատատեղ ապահովող կառույցներ, քան գիտահետազոտական դարբնոցներ կամ մարդկային կապիտալի վերարտադրության կենտրոններ, որին մեծ կարեւորություն է տրվում արտասահմանում: Արդյունքում, համալսարանների գործունեությունը մեզ մոտ պատշաճ կարգով չի ֆինանսավորվում պետական միջոցներով, բացակայում են հոգաբարձուների կողմից ֆինանսական ներարկումները, դոնոր կազմակերպությունների գործառույթները: Անգամ ձեւավորվել է զավեշտալի մի իրավիճակ, երբ համալսարանական կրթավճարներն այնքան ցածր են, որ երբեմն չեն գերազանցում մասնավոր մանկապարտեզների կամ դպրոցների կողմից պահանջվող վարձերին: Իսկ ում համար պարզ չէ, որ ֆինանսապես տկար եւ միաժամանակ հանրային պատշաճ հոգածության չարժանացող բուհական համակարգը չի կարող գնալ շրջադարձային բարեփոխումների եւ մրցունակ համարվել մեր օրերում:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
26.08..2015