Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարազգի ուսանողները սիրահարվել են Հայաստանին

Օգոստոս 27,2015 12:00

Հայկական պետական Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում օրերս տեղի ունեցավ «Միջազգային Ամառային դպրոց- 2015» -ի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակիցներին հանձնեց մասնակցության դիպլոմներ: Բազմաթիվ ամառային դպրոցների մասնակցած նախարարը վստահեցրեց` ծրագիրը, որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձեւերից է։ Արմեն Աշոտյանը նկատեց նաեւ, որ Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ամենաինտենսիվ բարեփոխվող եւ պրպտող բուհն է եւ հորդորեց շարունակելով համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ` իրականացնել այլ նոր ծրագրեր եւս: Միջոցառման ժամանակ օտարազգի ուսանողները՝ ֆինները, ռուսները, բելառուսներն ու լիտվացիները երգեցին հայերեն, ներկայացրին «Ախթամար» բեմադրությունը, ցուցադրեցին իրենց ձեռքով նկարած Արարատը, խոսեցին 1915 թվականի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից. «Մենք հնարավորություն ունեցանք սիրահարվել Հայաստանին եւ մարդկանց, որոնք առանձնանում են իրենց ջերմությամբ եւ հյուրընկալությամբ: Երիտասարդներիս համար սա կյանքը սիրելու եւս մի առիթ էր. այն դեռ երկար կմնա մեր հուշերում»,- Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանողների անունից նշեց ուսանողուհի Նատաշա Պաեւսկայան` խոստանալով, որ իր հետ տանելու եւ ամենուր տարածելու է «Հայաստանը աշխարհի լավագույն անկյուններից է» իրենց բոլորի համոզմունքը:

«Միջազգային Ամառային դպրոց- 2015»-ը մեկնարկել է օգոստոսի 15-ին: 10-օրյա ծրագրին մասնակցում է 85 ուսանող՝ Ֆինլանդիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Արդեն երրորդ տարին է՝ Մանկավարժական համալսարանն իրականացնում է կրթական եւ ճանաչողական կարեւոր նշանակություն եւ բովանդակություն ունեցող «Ամառային դպրոց» ծրագիրը, որի նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությանն այլ երկրների ճանաչում ունեցող բուհերի եւ մանկավարժական համալսարանի հետագա համագործակցությանը, հնարավորություն ընձեռելով ուսանողներին զարգացնելու օտար լեզուների հմտություններն ու օտարազգի ուսանողների հետ ընդլայնել շփման եզրերը: Այս տարի փոխանակային ծրագրին մասնակցում են ուսանողներ ՀՊՄՀ-ից, ԼՂՀ-ի Արցախի պետական համալսարանից, ՌԴ-ի Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական, Սանկտ Պետերբուրգի Պետական տնտեսագիտական, Լիտվայի Կրթական գիտությունների, Ֆինլանդիայի Օուլույի եւ Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանների ուսանողները: Ամառային դպրոցի ընթացքում իրականացվում են ինչպես ճանաչողական այցեր ողջ հանրապետության տարածքում, այնպես էլ կրթական, ուսուցողական դասախոսություններ՝ հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ: Միջազգային ամառային դպրոց 2015-ի շրջանակում Մանկավարժական համալսարանի 65 ուսանող ճանաչողական եւ կրթական ծրագրով եղավ Ֆինլանդիայում, Լիտվայում, Բելառուսում, ՌԴ-ում՝ Սանկ Պետերբուրգում, Մոսկվայում: Հաջորդ տարի համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է:

Սեփ. լր.

Լուսանկարը` oncampus.ru-ից

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31