Լոռամիրգը` կլուկվան, համեղ հատապտուղ է, որն ունի բազմաթիվ օգտակար եւ բուժիչ հատկություններ: Այն պարունակում է օրգանական թթուներ, շաքար, պեկտին, դաբաղող նյութեր, վիտամիններ C, B, K, PP, յոդ, կալիումի աղեր: Այս պտուղը մեծ նշանակություն ունի օրգանիզմում վիտամինների պակասը լրացնելիս: Միաժամանակ լոռամիրգը բարձրացնում է ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի հյութազատությունը, կարգավորում ախորժակը: Կիրառվում է ցածր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտների, ենթաստամոքսային գեղձի բորբոքումների ժամանակ:
Ստամոքսի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում 2 ճաշի գդալ լոռամրգի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր եւ եռացնել 10 րոպե՝ թույլ կրակի վրա: Հետո սառեցնել, քամել ու խմել օրը 4 անգամ` կես բաժակից: Միակ հակացուցումը ստամոքսի բարձր թթվայնությունն է: Նման խնդիր ունեցողներին խորհուրդ է տրվում բուժվել այլ մեթոդներով, հակառակ դեպքում՝ գաստրիտի խորացումը կարող է նպաստել ստամոքսի խոցի առաջացմանը: Լոռամրգի հյութը թույլ է տալիս օրգանիզմից դուրս հանել տոքսինները: Այս հյութի օգտագործումը բուժում է լնդերի բորբոքվածությունը եւ բերանի խոռոչի այլ հիվանդություններ: Բարելավում է երիկամների եւ լեղուղիների աշխատանքը: Թարմ լոռամիրգը կամ նրա հյութը կարգավորում է նաեւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ հատապտղի հաճախակի օգտագործումը նպաստում է արյան անոթների ամրացմանը եւ էլաստիկությանը: Լոռամրգի հյութ խորհուրդ է տրվում խմել տուբերկուլյուզի, գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ: Հատապտուղն օգտագործում են ինչպես թարմ կամ սառեցված վիճակում, այնպես էլ թթու կամ չորացրած: Պատրաստում են հյութեր, կոմպոտներ, ժելե, ջեմ, դոնդող, լոռամրգի կոկտեյլներ եւ եփում կամ ավելացնում են աղցաններին, կարկանդակների եւ այլ ուտեստների մեջ:
Լոռամիրգը օգտակար է նրանց, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ ունեն. այն արյան մեջ իջեցնում է այնքան վտանգավոր խոլեստերինի քանակը եւ պայքարում հիպերտոնիայի դեմ: Ճնշման իջեցումը տեղի է ունենում լոռամրգի միզամուղ հատկությունների շնորհիվ: Եթե մաշկի վրա կան թարախաբշտիկներ կամ պզուկներ, ապա շատ լավ կօգնի լոռամրգի հյութով կոմպրեսը: Բամբակե անձեռոցիկը թաթախեք հյութի մեջ ու 10 րոպեի չափ պահեք դեմքին:
Այս հատապտղի կիրառման եղանակներից է. հատապտուղը լավ լվանալ եռման ջրով, ապա դրանից մզել հյութը, լցնել հախճապակյա կամ ապակյա ամանի մեջ, փակել կափարիչով, պահել սառը տեղ: Քամված զանգվածին ավելացնել 3/4 ջուր` լիտրին 100 գրամ, եռացնել, քամել եւ ստացված եփուկին ավելացնել մզված թարմ հյութ ու շաքար` ըստ ճաշակի: Այս ձեւով պատրաստված ըմպելիքը կարելի է օգտագործել 2-3 օր:
Լոռամրգի հյութը մեղրի հետ խառնած վիճակում օգտագործվում է հազի ժամանակ, իսկ ովքեր հաճախ գանգատվում են գլխացավերից, խորհուրդ է տրվում 2 օրը 1 անգամ ընդունել հավասար քանակությամբ իրար խառնած մեղր ու մսաղացով անցկացրած լոռամիրգ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
26.08..2015