Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժ «սաքուլիկները» խանգարեցին լրագրողներին

Օգոստոս 26,2015 20:38

Օգոստոսի 26-ին կայացավ Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը, ու ամենեւին չզարմացա, որ տնօրենի պաշտոնի 4 հավակնորդներից տնօրեն ընտրվեց  դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը վերջերս դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար: Նման երեւույթները արդեն օրինաչափ են թվում:

Սակայն այս մասին չէ, որ ուզում եմ գրել, մանավանդ թեմային անդրադարձել եմ  մեր կայքի այսօրվա հոդվածում: Իսկ այն, ինչ պատահեց ընտրությունից հետո, ոչ միայն տարօրինակ էր, այլեւ տհաճ: Ընտրության արդյունքներից ապշած Անահիտ Բախշյանից, որը նույն դպրոցում ժամանակին տնօրեն է եղել, լրագրողներս ցանկանում էինք հարցազրույց վերցնել, սակայն մի քանի անգամ մեր փորձերը ձախողվեցին:

Ինչ-ինչ լծակների շնորհիվ ընտրված Սուսաննա Սարգսյանի կողմնակից ուսուցիչները տեսախցիկների ու ձայնագրիչների մոտ դիտմամբ ճչում էին ու բարձր ծափահարում, որպեսզի Անահիտ Բախշյանին չկարողանք ձայնագրել ու տեսագրել: Քաղաքավարի խնդրեցինք չխանգարել, բայց ապարդյուն: «Մանկավարժները» մեզ «խորհուրդ տվեցին» դրսում ձայնագրել:

Ապշած էինք՝ եւ ձեռքերով  անկանոն շարժումներ անող ու ճչացող այս զանգվածը դպրոցում երեխա՞ է կրթում: Նրա՞նք են դաստիարակում վաղվա քաղաքացիներին, որոնց մասին տնօրենը սիրուն բաներ է շարադրել իր ծրագրում: Այսինքն՝ սովորեցնելու են քծնե՞լ հաղթողին, չհանդուրժել այլ տեսակետ ունեցողի՞ն…

Չեմ ցանկանում թվարկել մնացածը… Երբ «խանգարիչ» մանկավարժները թույլ չէին տալիս աշխատել, ակամայից հիշեցի տնտեսագիտական համալսարանի միջադեպը ՝ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության լուսաբանումը խոչընդոտած ուսանողներին, թեւավոր խոսք դարձած՝ Սաքուլիկին: Բացի իրենց կերպարի կերտման մյուս պատճառներին ու անհատներից, երեւի նրանք դպրոցում նաեւ նման ուսուցիչնե՞ր են ունեցել …

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ animalist.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Կյանքումս տեսած ամենանողկալի տեսանյութներից էր: Հարգելի Գոհար Հակոբյան. գրեք նաև հանձնաժողովի այն անդամների անունները և պաշտոնները, ովքեր “միաձայն” կողմ են քվեարկել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31