ՀՀ գլխավոր դատախազը Աստանայում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի իր գործընկերների հետ: Քննարկվել է ԵՏՄ անդամ պետությունների միջև իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ շրջանակում տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետ կազմակերպման համար անդամ պետությունների դատախազությունների միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնապես հրավիրել է այցելել Բելառուս, որտեղ և նախատեսվում է կնքել ՀՀ և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև նոր համաձայնագիր: Երկու երկրների գլխավոր դատախազները տեղում հանձնարարականներ են տվել համապատասխան ոլորտների ղեկավարներին մինչև նոյեմբեր պատրաստել նոր համաձայնագրի տեքստը:
Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբաևի հետ հանդիպման ժամանակ ԵՏՄ-ի հետ կապված հարցերից և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկումից զատ, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը հետաքրքրություն հայտնեց ուսումնասիրելու ՀՀ դատախազության հարուստ փորձը` եվրոպական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ շփման ոլորտներում:
Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ինդիռա Ջոլդուբաևայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորեց նրան Ղրղզստանի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեց հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Կարդացեք նաև
ՀՀ դատախազություն