Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժականում 60 տոկոսով պակասել է ուսանողների թիվը

Օգոստոս 26,2015 19:30

Aravot.am-ը Շիրակի մարզի ամենամեծ բուհի՝ Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե բուհ ընդունվողների թիվը նախորդ տարվա հետ համեմատ պակասե՞լ է, թե՞ ավելացել: «Եթե խոսքը վերաբերում է ընդունելության քննություններին, կարող եմ ասել, որ այս տարի համեմատած նախորդ տարվա հետ 75 ընդունվողներ ավել ունենք: Այսինքն, եթե նախորդ տարի ընդունվել էին 230 ուսանողներ, այս տարի ընդունվեցին 305: Իհարկե,վերջնական թիվը պարզ կլինի, երբ սեպտեմբերի մինչեւ 15-ը կամ 20-ը վճարովի համակարգի ուսանողները 1-ին կիսամյակի վարձավճարները մուծեն ու իրավունք ստանան հրամանագրվել: Այդ դեպքում պարզ կլինի, թե ինչ քանակի ուսանողների մասին է խոսքը», -ասաց ռեկտորը:

Հարցին, թե ո՞ր բաժիններ են, որոնք քիչ դիմորդներ ունեն, մեր զրուցակիցն ասաց. «Գիտեք, որպես կանոն հանրապետությունում ձեւավորվել է այն մասնագիտությունները, որոնք ավելի նվազ քանակով դիմորդներ են արձանագրում, դրանք հիմնականում բնագիտական, ֆիզիկամաթեմատիկան մասնագիտություններ են: Շատ վատ է, որ օրինակ՝ քիմիա մասնագիտության գծով դիմորդները շատ քիչ են, նմանապես ֆիզիկայի, մաթեմատիկայի, մենք հանրապետությունում ունենք շատ լավ դպրոց եւ չեմ էլ կասկածում, որ նման մասնագետներին կորցնելը կամ նման մասնագետների չպատրաստելը իր բացասական ազդեցությունը չի ունենալու մեր հանրապետության տնտեսության վրա: Ցավում եմ, ինչ-որ տեղ բուհի ղեկավարությունը գնացել է այն քայլին, որ համեմատ մյուս մասնագիտությունների հետ ավելի շատ անվճար տեղեր հատկացվեն թվարկածս մասնագիտությունների համար, որպեսզի ավելի շատ դիմորդներ ունենաք, բայց դա էլ ինչ-որ տեղ որպես քաղաքականություն չի փրկել: Նույն ֆիզիկայում նույնիսկ պետպատվերի տեղերը, որ նախատեսել էինք, չկարողացանք լիովին իրականացնել»:

Ըստ ռեկտորի, շատ վատ վիճակ է ստեղծվել գերմաներեն, ֆրանսերեն բաժիններում, գերմաներենում ընդամենը մեկ ուսանող է ընդունվել, ֆրանսերենում երկու ուսանող: Օտար լեզուների ֆակուլտետից վիճակը նորմալ է անգլերենի բաժնում, պատմաբանասիրական ֆակուլտետը եւս դիմորդների պակաս չունի, թեեւ, ըստ ռեկտորի, լավ հասկացությունը պետք է դիտարկել է համեմատության մեջ: «Մենք այսօր կառավարության կողմից հատկացրած տեղերի ընդամենը 40 տոկոսն ենք կարողացել իրականացնել»,- ասաց Վարդեւան Գրիգորյանը: Ըստ նրա, դիմորդների քիչ քանակը ոչ միայն պայմանավորված է արտագաղթով, այլ Գյումրու հետ ապագայի հույս չկապելով: «Ճիշտ է՝ շրջանավարտների թիվն այս տարի խիստ նվազ է, բայց ամեն դեպքում այսօր մոտավորապես 200-ից ավելի գյումրեցի, շիրակցի երեխաներ դիմում են երեւանյան բուհեր: Եթե նախկինում սոցիալապես անապահով ընտանիքի երեխան, որպես կանոն, մնում էր Գյումրիում, որովհետեւ ամեն դեպքում մայրաքաղաքում ուսանող պահելը շատ դժվար էր, բայց այսօր, չգիտես ինչու, շատ ծնողներ, նույնիսկ սոցիալապես վատ վիճակում գտնվելով, կրկնակի ու եռակի անգամ զրկանքներ կրելով՝ միայն, որ երեխան մեծ քաղաքում սովորի, ի դեմս Երեւանի, ավարտելուց հետո կարողանա աշխատանք գտնել: Մեծ քաղաքներում ավելի հեշտ է աշխատանքի անցնել, ավելի հեշտ է վաստակել, քանի մեր քաղաքում: Պատահական չէ, որ մեր մարզը գործազրկության, աղքատության ամենաբարձր ցուցանիշը ունի»:

Ըստ ռեկտորի, այս տարի վերջին 3 տարվա ընթացքում 60 տոկոսով կրճատվել է ուսանողների քանակը: «2008-2009 թվականներին ունեինք մոտավորապես 6500 ուսանող, այսօր ունենք 2900 ուսանող: Մի տարի ընդհանրապես շրջանավարտ չտվեց հանրակրթական դպրոցը, շատ քիչ էր ընդունվողների քանակը, ընդամենը 80-ն են ընդունվել 700-ի դիմաց, բայց վերջին տարիներին, էլի եմ ասում, խիստ նվազել է դիմորդների քանակը: Իհարկե, ես ասացի, որ 75 ուսանողով ավել ենք ընդունել այս տարի, բայց մագիստրատուրան, եթե անցյալ տարի ընդունել էինք 200 ուսանող, այս տարի ընդամենը 100-ին ենք ընդունել, երբ գումարում ես, վերջնահաշվում տեսնում ես, որ ավելի պակաս են այս տարի, քան նախորդ տարին: Հեռակա բաժնում էլ դեռ չգիտեմ ինչ իրավիճակ կստեղծվի, բայց չեմ կարծում, որ նախորդ տարվա հեռակայի չափ ուսանող կունենաք, վերջնական արդյունքում մենք էլի պակաս քանակով ուսանող կունենանք, քան անցած տարի»:

Ի դեպ, այս տարի Գյումրու մանկավարժականում բացվել է հայերեն-թուրքերեն թարգմանչական գործ բաժինը, որը, ըստ ռեկտորի, անհրաժեշտ է. սահմանները հավերժ փակ չեն մնալու, սակայն ոչ մի դիմորդ չեն ունեցել: Ըստ ռեկտորի, միգուցե այստեղ կա նաեւ բուհի բացթողումը, որ չեն կարողացել հասարակությանը ներկայացրել մասնագիտության կարեւորությունը ու իրազեկել, որ նման բաժին կա: Վարդեւան Գրիգորյանի համար գաղտնիք է մնում նաեւ լրագրության բաժին ընդունվողների թվի կրճատումը, մի կողմից շուկան մեծ պահանջարկ ունի, սակայն վերջին տարիներին լրագրության բաժին չեն դիմում, հետո տեղեկանում են, որ մաթեմատիկայի, աշխարհագրության ու հատկապես բանասիրության ֆակուլտետն ավարտածները լրագրող են աշխատում: Ըստ ռեկտորի, այն բուհի առաջավոր բաժիններից մեկն է, այնպիսի նյութատեխնիկական բազա, ստուդիա ունի, որ կնախանձեն անգամ պրոֆեսիոնալ ստուդիա ունեցողները: Վարդեւան Գրիգորյանի ասելով, լրագրության բաժնի դիմորդների քանակի խիստ նվազումը միգուցե պայմանավորված է նրանով, որ ընդունելության քննությունները չորսն էին, ծանր քննություններ էին: Այս տարի դիմելով կրթության նախարարությանը՝ իրենք խնդրել են կրճատել քննությունների քանակը, ու թեեւ այս տարի արդեն կրճատված քանակով է ընդունելությունը ընթացել, այդուհանդերձ չեն ունեցել ընդունվողների սպասված քանակը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թադևոսյան Տ. says:

    Իսկ ինչու չպետք է պակասի?Անտառաճանաչ դասախոսները իրենց դեբիլ երեխաներին ու բարեկամներին,որոնք մի օր դասերին չեն նստել ու ավարտել են կարմիր դիպլոմով դասախոս են դարձրել այդ ինստիտուտում:Ընտանեկան դուքյան է դարձել այդ կրթօջախը:Առաջարկում են ԿԳ նախարար Ա.Աշոտյանին վերահսկողությունը ուժեղացնել այդ ինստիտուտում,որտեղ ես սովորել եմ 25 տարի առաջ և այն եղել է հանրապետության լավագույն ԲՈՒՀ-ը:

  2. Ճիշտ եք հարգելիս: Դեմագոգիայով են զբաղվում: Իբր բարեփոխումներ են կատարում բուհում, երբ որակյալ դասախոսները շատ քիչ են:Իրենց տգետ, ինքնահավան ու դատարկ երեխաների համար ինստիտուտը դարձրել են խոպան: Ջահել դատարկամիտներին իբր թե գերազանց առաջադիմության համար, իրականում հասկանալի է ոնց, ընդունում են աշխատանքի ու ամբողջ օրը միայն բամբասանքով զբաղվում: Վարչական մասը դարձել է դավադրությունների որջ: Իրենց մտերիմներին ու երեխաներին, որոնք չունեն ոչ գիտելիքներ, ոչ լեզվաիմացություն, ուղարկում են արտասահման սովորելու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31