Ռումինական «Fly project» խումբն այսօր երեկոյան արդեն Հայաստանում կլինի և օգոստոսի 28-ին համերգ կունենա «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի «Կոլիզեյ» սրահում:
Խմբի անդամները Հայաստան են ժամանում համաշխարհային «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում:
«Մեր նպատակն է խթանել զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, ստեղծել նոր հնարավորություններ տուր օպերատորների և գործակալությունների համար: Դրա համար էլ նախաձեռնել ենք միջոցառումների մի մեծ շարք, որի մեկնարկը տալիս ենք «Fly project»-ի համերգով: Նախատեսում ենք կազմակերպել տարաբնույթ համերգային շոու ծրագրեր, փառատոներ, ինչպես նաև մրցանակաբաշխություններ համաշխարհային հայտնի երգիչների, արվեստի, սպորտի գործիչների մասնակցությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ «Մուլտի Գրանդ» հյուրանոցի մարքեթինգի և վաճառքի բաժնի տնօրեն Գայանե Հարությունյանը:
Հայաստանի դիջեյների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայանի տեղեկացմամբ՝ համերգը դիսկոտեկ ձևաչափի մեջ է լինելու, որին մասնակցելու են Հայաստանում ճանաչում ունեցող դիջեյներ՝ DJ Arik K, DJ Vakcina, DJ Smoke, DJ Arni Rock, DJ Dale: Ծրագրում նախատեսված է նաև Իվետա Մուկուչյանի համերգը, ում կօգնի DJ Sergo-ն:
Համերգի սկիզբը ժամը 19:30-ին է, այնուհետև 21:30-ից կսկսվի «Fly project»-ի համերգը:
Վարդան Բաբայանը լավ պատրաստված ձայնային ու լուսային շոու է խոստանում. «Սրահը թույլ է տալիս տեղավորել երկու հազարից ավելի մարդ: Կա նաև մեծ պարահրապարակ, ինչը միանգամայն հնարավոր է դարձնում ամառվա վերջին մեգափարթիի անցկացումը»,- հավելեց նա:
Նշենք, որ «Fly project» խմբի անդամները համերգից մեկ օր առաջ՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հանդիպում կունենան իրենց երկրպագուների հետ: Վերջիններս հնարավորություն կունենան գնված տոմսերի վիճակահանությամբ խմբի անդամների հետ սելֆի անել ու ստորագրություն ստանալ: Տեղեկացնենք, որ համերգի տոմսերն արժեն 6-10 հազար դրամ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ