Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը քննադատել է պաշտոնյաներին, որոնք օգտվում են Google, Yahoo եւ WhatsApp արտասահմանյան ծառայություններից եւ մարզպետներից պահանջել է միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Այս տեղեկությունը հաղորդել է «Tass» գործակալությունը:
«Խաբարովսկի շրջանի պետական մարմինների աշխատողները օգտվել են մի շարք արտասահմանյան տեղեկատվական-հեռակապի ծառայություններից, ինչպիսիք են Google-ը, Yahoo-ն, WhatsApp-ը եւ այլն: Սա համակարգային խնդիր է ամբողջ Ռուսաստանի համար, բայց Հեռավոր Արեւելքում այն հատկապես սուր է դրված: Շրջանների ղեկավարներից խնդրում են այս հարցերի վրա հատուկ ուշադրություն դարձնել եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- հայտարարել է Պատրուշեւը:
ԱԽ քարտուղարը նաեւ նշել է, որ պաշտոնյաների կողմից ծառայողական հարցերի լուծման նպատակով արտասահմանյան միջոցների օգտագործումը լուրջ վտանգ է ներկայացնում: Նա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերի ոչ բավարար պաշտպանվածությունը կապել է պաշտոնյաների նման վարքի հետ:
Նա նաեւ ասել է, որ վերոնշյալ պետական համակարգերում հայտնաբերվել են արտասահմանյան տեխնիկական հետախուզման ծրագրեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ