Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ:
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին և նախագծի առանձին դրույթների: ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովում շարունակել ակտիվ և համակողմանի քննարկումները մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, որում, ըստ նրանց, տեղ են գտել երկրի զարգացումն ապահովող՝ իրենց համար կարևոր հիմնական շեշտադրումներն ու ՀՅԴ մոտեցումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ