Օգոստոսի 24-ին Մոսկվայում Եվրասիական օդատիեզերական կոնգրեսի բիզնես ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Մալցեւը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գործարարների հետ քննարկել է ԵՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկումը տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական միություն. նոր իրողություններ եւ նոր հնարավորություններ արդյունաբերական ինտեգրման համար» խորագրով գիտաժողովի ընթացքում: Միջոցառմանը ներկա էին գիտական եւ գործարար համայնքների ներկայացուցիչները:
Վլադիմիր Մալցեւը նշել է, որ հիմնական ուղղությունները կողմերի արդյունաբերական համագործակցության համապարփակ փաստաթուղթ է, որի մեջ ընդգրկված են նպատակները, առաջադրանքները, ժամկետները եւ ԵՏՄ միասնական տարածքում արդյունաբերական քաղաքականության իրականացման միջոցառումները:
Փաստաթուղթը նախատեսված է միջին ժամանակահատվածում իրականացնելու համար եւ նախատեսված է արդյունաբերական ոլորտում միության նպատակներն իրագործելու համար. «Համագործակցությունը կիրականացվի տնտեսության ավանդական ոլորտներում, որտեղ հիմնական հարցը կողմերի արդար մրցակցային պայմանների ապահովումն է ազգային-արդյունաբերական քաղաքականության իրականացման պայմաններում: Նաեւ նախատեսվում է զարգացնել նորարարության, բարձր տեխնոլոգիաների եւ տեխնիկական կարողությունների զարգացման ոլորտները»,- ասել է Մալցեւը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ